Բաժիններ՝

«Եթե նախկինում երիտասարդ տղաներն իրենց սիրած աղջկան ոսկեղեն էին նվիրում, ապա հիմա նախընտրում են գաջեթ»

Այսօր տեղի ունեցավ «ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործակցության հեռանկարները ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում» խորագրով կլոր սեղան-քննարկում։ Քննարկմանը մասնակցում էին Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնյաներ և գործարարներ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման նպատակն է՝ քննարկել համագործակցության և փոխգործակցության այն բոլոր դաշտերը, որոնք նախատեսվում է ԵՏՄ տարածքում հայտարարի բերել մի համաձայնագրով, որը կոչվում է՝ Թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի շրջանառության առանձնահատկության մասին. «Դա նախագծման փուլում է, ԵՏՄ հանձնաժողովի հարթակում է քննարկվում, սակայն, որոշել ենք լսել նաև գործարարներին, հաշվի առնել նրանց կարծիքները։ Հետագայում այդ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հարցում կունենանք նաև ոլորտի գործարար համայնքի կարծիքը»։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը հարկադրոշմների և հարկորոշման հարցն է ԵՏՄ տարածքում, որը, ըստ նրա՝ շատ պետք է գործարարներին, կօգնի հետագա համագործակցության զարգացման համար. «Նաև մի շարք այլ խնդիրներ են դրված, որոնք վերաբերում են արտահանման, ներմուծման, փոխադարձ համագործակցության, տոլինգի հետ կապված հարցերին, ազատ տնտեսական գոտիներին և Իրանի հետ համագործակցությանը, որը շատ է հետաքրքրում ռուսական կողմին»։

Միևնույն  ժամանակ՝ նա նկատեց, որ կազմակերպված միջոցառումը որևէ իրավական խնդիր չի հետապնդում, որևէ որոշում չի ընդունվելու, այլ ընդամենը կարծիքների փոխանակում է, որից հետո երկրների կառավարությունները համաձայնագրի քննարկման ժամանակ կունենան ավելի հստակ պատկերացումներ՝ կապված բիզնես ոլորտի ներկայացուցիչների դիրքորոշումների հետ։

Կարդացեք նաև

ՌԴ-ում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանն էլ նշեց, որ ռուսաստանյան շուկան ամենակարևորն է Հայաստանի համար, և ըստ նրա՝ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել Հայաստանից ապրանքների արտահանումն էլ ավելի խթանելու համար. «Դրոշմանիշերի փոխադարձ ճանաչելիությունն ավելի կարևոր է փոքր և միջին արտադրողների համար, քանի որ նրանք չունեն հնարավորություն և ֆինանսական միջոցներ սպասելու մինչև դրոշմանիշերի դրվելը։ Իսկ համաձայն ԵՏՄ քաղաքականության՝ մենք պետք է ճանաչենք միմյանց սերտիֆիկատները, դրոշմանիշերը և այլն։ Այսօր եկել են ՌԴ պետական հարգադրոշմման պալատի ներկայացուցիչները, ինչն արդեն շատ բան է նշանակում»։

168.am-ը հետաքրքրվեց, թե բացի դրոշմանիշերի խնդրից՝ ոլորտում ուրիշ ի՞նչ խնդիրներ կան։ «Հիմա քննարկվում է Իրան-ԵՏՄ ազատ առևտրի ստորագրման հարցը, Իրանը շատ կարևոր երկիր է և՛ Ռուսաստանի, և՛ մեզ համար, և մենք այսօր պետք է քննարկենք իրանական շուկայի հետ աշխատելու հեռանկարները։ Համատեղ ձեռնարկություններ ստեղծելը ևս շատ կարևոր կլինի ոսկերչության ոլորտի համար»,- պարզաբանեց նա։

Ասոյանն ընդգծեց, որ ԵՏՄ երկրների շարքում հիմնական ոսկերչական որակյալ արտադրանք ունեցող երկրները Ռուսաստանն ու Հայաստանն են. «Մեր արտադրանքը բավական ընդունելի է Ռուսաստանի շուկայում, և եթե վերոնշյալ խոչընդոտները վերացվեն, ապա զգալիորեն աճ կունենա ոսկերչական արտադրությունը մեր երկրում»։

ՌԴ պետական հարգադրոշմման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևն էլ լրագրողներին ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի ոսկերչության պոտենցիալը բավականին մեծ է, և փոխգործակցության հնարավորությունները, ըստ նրա՝ բավականին շատ են։ Ինչ վերաբերում է խնդիրներին, նա նշեց, որ հիմնական խնդիրներն են՝ պահանջարկի նվազումն ու սպառողական նախընտրությունների փոփոխությունը. «Եթե առաջին խնդիրն ավելի բարդ է լուծել, որովհետև այն կախված է շուկայից, սպառողի գնողունակությունից, ապա երկրորդ խնդիրը հիմնականում վերաբերում է ոսկերիչներին։ Նրանք ասում են, որ ներկայիս երիտասարդությունն այդքան էլ չի նախընտրում ոսկե իրեր։ Եթե նախկինում երիտասարդ տղաներն իրենց սիրած աղջկան ոսկեղեն էին նվիրում, ապա հիմա նման դեպքերը հազվադեպ են, քանի որ նախընտրում են, օրինակ՝ նոր հեռախոս կամ գաջեթ նվիրել։ Դա է պատճառը, որ ոսկու շուկա գնալու փոխարեն՝ երիտասարդները գնում են էլեկտրատեխնիկայի խանութ։ Հետևաբար, պետք է փորձել հետաքրքրություն առաջացնել երիտասարդների շրջանում, նրանց հետ աշխատելու մեթոդներ գտնել»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս