«Պառլամենտում ինչ-որ բան իրենից ներկայացնողը «Ելքն» է». Պարույր Հայրիկյան

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը, որին հաջորդեց ՀՀ կառավարության հրաժարականը: Նոր կառավարության ձևավորման, նստաշրջանի մեկնարկի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում չկա վերլուծությունների արժանի քաղաքական իրավիճակ: ՀՀ իշխանությունները, ըստ էության, լուծում են մի խնդիր. Ինչպե՞ս անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Այդ ծրագրերը հետևյալն են. Հայաստանի Հանրապետությունը կա՛մ պիտի չլինի, կա՛մ էլ պիտի այնքան թույլ լինի, որ մշտապես կախում ունենա ՌԴ-ից և ինքնուրույն գործոն չդառնա:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում այսօր անիմաստ է փորձել գտնել բացատրություններ, քանի որ կա ՀՀ-ն թուլացնելու նպատակաուղղված քաղաքականություն:

«Սրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումները կատարելիս Սահմանադրության միջից հանեց դատարաններում քաղաքացիների դերակատարությունը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Սահմանադրության մեջ կար գոնե դրույթ, որ պիտի ունենանք Երդվյալ ատենակալների ինստիտուտ, ապա Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դա էլ հանվեց, դատական իշխանությունը ժողովրդից լրիվ օտարվեց: Իսկ Սերժ Սարգսյանը ժողովրդին զրկեց երկրի գործադիր իշխանության ձևավորմանը մասնակցելու հնարավորությունից: Մենք բոլորս գտնվում ենք մի ընդհանուր օրինաչափ և նպատակաուղղված գործընթացի մեջ: Չենք ուզում խոստովանել, որ չկան ՀՀ իշխանություններ, կան ռուսական գործակալական ցանցի սպասավորներ»,- ասաց բանախոսը:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ պառլամենտում ինչ-որ բան իրենից ներկայացնողը «Ելքն» է, Դաշնակցությունն «անեծքի տակ գտնվող հայկական կուսակցություն է», որովհետև ոչ մի քաղաքական ուժ այդքան նվիրյալներ չի ունեցել, բայց հենց սկզբից էլ եղել է անեծքի տակ: Իսկ Հանրապետականը, ըստ նրա՝ այսօր ամեն ինչով իրեն դրսևորում է՝ ինչպես ժամանակին Կոմունիստական կուսակցությունը:

Խոսելով Արա Բաբլոյանի թեկնածությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին՝ բանախոսն ասաց.

«Նա շատ լավ բժիշկ է, կազմակերպիչ, լավ հարաբերությունների մեջ ենք, բայց ես կարո՞ղ եմ լավ վիրաբույժ լինել, իհա՛րկե ոչ»:

Անդրադառնալով ԱԻՄ-ի առաջիկա անելիքներին՝ նա նշեց, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ 200.000 ստորագրությունների միջոցով կարելի է Սահմանադրություն փոխել, նոր նախագիծ ներկայացնել: ԱԻՄ-ը հիմա քննարկում է այս ստորագրությունների միջոցով նոր նախագիծ ներկայացնելու հարցը: Նրանք համաձայնություն ունեն Միավորված Կոմկուսի և Դեմոկրատական կուսակցության հետ. «Առաջիկա մեկ-երկու ամսում հստակ կսկսենք աշխատել այդ ուղղությամբ, եթե զգանք, որ հանրությունը հասկանում է՝ ինչն է իր համար կարևորը: ԱԻՄ-ը պիտի անի այն, ինչ արել է 30 տարի առաջ՝ նոր հիմնադրվելիս: Մենք միասին, համեմատաբար ինքնուրույն քաղաքական ուժերով, կսկսենք այս ստորագրահավաքը, որ քաղաքացուն վերադարձվի իշխանություն ձևավորելու իրավունքը»:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս