Եգիպտոսում հսկողության տակ են առնելու բնակչության աճը, որը եռակի բարձր է, քան Չինաստանում
Եգիպտոսի կառավարությունը ձեռնամուխ է լինում ծնելիության նկատմամբ հսկողության ծրագրի ուսումնասիրմանը: Այդ մասին հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին մայիսի 17-ին երկրի առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներին տված հարցազրույցում:
«Կառավարությունը բնակչության աճի հսկման ծրագրերի, հետազոտությունների եւ օրենքների ուսումնասիրմանը ձեռնամուխ է լինում այն բանից հետո, երբ տարեկան ծնվածների թիվը հասնում է երկուսուկես միլիոնի»,Եգիպտոսի ղեկավարի խոսքը մեջբերում է «ԱլԱհբար» թերթի պորտալը:
Եգիպտոսի նախագահի խոսքով՝ «բնակչության աճի այս տեմպը եռակի բարձր է, քան Չինաստանում»: Ավելի վաղ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլն ընտանեկան զույգերին կոչ է արել սահմանափակվել երկու երեխա ունենալով՝ տնտեսական
ճգնաժամը հաղթահարելու համար:
Եգիպտոսի Ազգային խորհրդի՝ բնակչության հարցերով փորձագետ Թարիք Թաուֆիքը հայտարարել է, որ մինչեւ 2030 թվականը երկրի բնակիչների թվաքանակը կարող է կազմել 140 միլիոն: Ներկայում, Եգիպտոսի մոբիլիզացման կենտրոնական գործակալության տվյալներով՝ երկրի բնակչության թվաքանակը կազմում է 93 միլիոն:
Արաբական հանրապետության բնակչությունը 1984 թվականից ավելացել է կրկնակի, իսկ 1966 թվականից՝ եռակի: Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարար Հադա Վալիի խոսքով, որը մեջբերել է «ալ-Մասրի ալ Յաում» հրատարակությունը, «եգիպտացիների մինչեւ 26 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: