ՊԵԿ-տոնավաճառի աշխատակիցներ հակամարտության առանցքային կետերից մեկը

Պետական եկամուտների կոմիտե-տոնավաճառների աշխատակիցներ հակամարտությունը շարունակվում է։  Ավելին՝ դատելով ՊԵԿ-ի հաղորդագրություններից՝ այն առաջիկայում ավելի է սրվելու։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր. «Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը և բիզնեսին պարբերաբար իրազեկել է ոլորտային ռիսկերի վերհանման և ստվերի անձնագիր կազմելու մասին՝ հորդորելով տնտեսվարողներին ինքնակամ շտկել սխալները: Նախորդ ամիս ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ գործելաոճն ինքնակամ չշտկած տնտեսվարողների նկատմամբ կոմիտեն նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողությունների իրականացմանը»:

Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ հավասար մրցակցային միջավայրի ապահովմանն ուղղված կոմիտեի օրինական քայլերը հարուցել էին տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունը, որը վերջիններս արտահայտել էին կառավարության շենքի առջև կազմակերպված ցույցի ժամանակ: Նրանց հետ հանդիպել էին կառավարության և ՊԵԿ ներկայացուցիչները և պայմանավորվել, որ տոնավաճառի աշխատակիցներն իրենց գործունեության հարկման կարգի փոփոխության վերաբերյալ ներկայացնեն գրավոր առաջարկ:

Ուսումնասիրելով առաջարկը՝ ՊԵԿ-ը տոնավաճառի աշխատակիցներին է ուղարկել պատասխան՝ համապատասխան հաշվարկներով, որը տրամադրել էր նաև ԶԼՄ-ներին:

Մենք ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել ենք թե՛ ՓՄՁ առաջարկները, և թե՛ ՊԵԿ-ի պատասխանը։ Սկսենք ՓՄՁ-ից։

ՓՄՁ ներկայացուցիչները նախ ներկայացրել էին խնդրի էությունը՝ իրենց պատկերացմամբ, և ներկայացրել կոնկրետ առաջարկներ՝ կապված ՓՄՁ սուբյեկտների հարկման դրույքաչափերի հետ։

Եվ այսպես, ՓՄՁ ոլորտի ներկայուցիչների հիմնական մտահոգությունը ԱԱՀ դաշտում չհայտնվելն է։ Նրանք չեն ցանկանում հատել ՓՄՁ-ի համար նախատեսված շեմն ու դառնալ ԱԱՀ վճարող։ Սակայն, ըստ նրանց, կա 2 խնդիր, որը խանգարում է իրենց բնականոն գործունեությանը։

Առաջին խնդիրը կապված է ձեռքբերման փաստաթղթերի հետ։ Ըստ ՓՄՁ ներկայացուցիչների՝ մաքսային արժեքի որոշման բարդ գործընթացի հետևանքով առաջանում է անհամապատասխանություն իրական գների և փաստաթղթով գների միջև։ Դրա պատճառով շատ գնորդներ խուսափում են հաշիվ-ապրանքագրերից՝ մտավախություն ունենալով հայտնվել ԱԱՀ դաշտում։ Դա էլ իր հերթին՝ անհնարին է դարձնում օրենքին համապատասխան հաշվապահություն վարելը։

Երկրորդ խնդիրը վերաբերում է Հարկային օրենսգրքով հաստատված տարեկան 60 մլն դրամի շեմին։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք։

Եթե տնտեսվարողի շրջանառությունը 60 մլն դրամից անցավ, նա հայտնվելու է ԱԱՀ-ի դաշտում։ Իսկ ինչպես նշեցինք՝ ԱԱՀ-ի դաշտում աշխատել ՓՄՁ ոլորտը չի ցանկանում։ ՓՄՁ ներկայացուցիչներն ասում են, որ 60 մլն դրամի շեմը ցածր է, և գրում են՝ «եկեք վերլուծենք այդ 60 մլն դրամը»։

Հիմնավորում-հաշվարկը հետևյալն է։

ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք աշխատում են 10% վերադիրով։ Տարեկան 60 մլն շրջառանության դեպքում իրենց եկամուտը (ապրանքի գնման և վաճառքի գնի տարբերությունը) կազմում է 6 մլն դրամ։ Ամսական՝ 500 հազար դրամ։

ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչն ասում է, որ այդ 500 հազար դրամից ինքը վճարում է վարձակալության վճար, վարկերի տոկոսներ, կատարում կոմունալ և այլ ծախսեր, վճարում աշխատավարձ՝ վաճառողին, հաշվապահին, և այլն։ Կարճ ասած՝ տակը բան չի մնում։

Այսինքն, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ անհնար է տեղավորվել 60 մլն դրամի շեմի մեջ և չանցնել ԱԱՀ-ի դաշտ։ Դրա համար փոքրերը կամ ստիպված թաքցնում են իրական շրջանառությունն ու ծախսերը, կամ հակառակը՝ ցույց տալիս և հայտնվում ԱԱՀ-ի դաշտում (իրենց խոսքերով՝ թաքնվում են խոշորի ետևում և դրանով աղավաղում իրական պատկերը)։

Իսկ ինչ է պատասխանում ՊԵԿ-ը։

«Հայտնում ենք, որ մի կողմ դնելով շրջանառության շեմի հաշվարկման դասագրքային ու գիտականորեն հիմնավորված մեթոդները՝ մենք նույն¬պես կատարել ենք իրական կյանքում դրսևորվող փաստերի վրա հիմնված հաշվարկներ՝ պարզելու համար շրջանառության հարկի շեմի այն մեծությունը, որը տնտեսավարող սուբյեկտին հնարավորություն կընձեռի ամսական կտրվածքով ունենալ առնվազն 300 հազ. դրամ տնօրինվող շահույթ»,- նշված է ՊԵԿ-ի պատասխանում:

Կարճ ասած՝ ՊԵԿ-ն ասում է՝ մեզ մի համոզեք, մենք էլ ենք այս երկրից ու կարող ենք հաշվել։ Եվ հաշվում են՝ սակայն հակառակ ծայրից։

ՊԵԿ-ը նախ հաշվում է ամսական ծախսերը՝ 1 աշխատող՝ 90 հազար դրամ, տարածքի վարձ՝ 100 հազար դրամ, վարկի սպասարկման ծախսեր՝ 22 հազար դրամ, կոմունալ, տրանսպորտային, անգամ՝ գովազդի ծախսեր, և այլն։

Կարճ ասած՝ ըստ ՊԵԿ-ի հաշվարկի, առևտրի կազմակերպման ամսական ծախսերը կազմում են 433 հազար դրամ։ Գրեթե այնքան, որքան ասում են ՓՄՁ-ները։

Սակայն ՊԵԿ-ը պնդում է, որ այդ ծախսերով և ամսական 300 հազար դրամ մաքուր շահույթ ունենալով՝ կարելի է տեղավորվել ծախսի 60 մլն դրամի մեջ։

Ամսական 433 հազար դրամ ծախսը փակելու և 300 հազար դրամ մաքուր շահույթ ունենալու համար տնտեսվարողը ամսական պետք է ունենա 733 հազար հազար դրամի մաքուր եկամուտ։ Տարեկան՝ մոտ 8.8 մլն դրամի մաքուր եկամուտ։ Ֆիքսենք այս թիվը։ Տնտեսվարողները խոսում էին տարեկան 6 մլն դրամ մաքուր եկամտի մասին, որը պետք է ապահովվեր 60 մլն դրամի 10%-ից։ ՊԵԿ-ը խոսում է 8.8 մլն-ի մասին։

Ստացվում է՝ ըստ ՊԵԿ-ի հաշվարկի, տնտեսվարողը պետք է տարեկան 88 մլն դրամի շրջանառություն ունենա, որ կարողանա ծախսերը փակել ու շահույթ ունենալ։

Սակայն այդպես չէ։ ՊԵԿ-ը պնդում է, որ այս գումարի մեջ կարելի է տեղավորվել տարեկան 44 մլն դրամով։ Ավելին, ՊԵԿ-ը պնդում է, որ կարելի է անգամ 2 աշխատող ունենալ և տարեկան 52 մլն դրամ շրջանառության դեպքում ամսական 300 հազար դրամ մաքուր շահույթ ապահովել։

Ինչո՞ւ։ Որովհետև ՊԵԿ-ն իր հաշվարկի հիմքում դրել է 20%-ի վերադիր։ Այսինքն՝ 44 մլն դրամի 20%-ը կազմում է 8.8 մլն դրամ, որով կարելի է ծախսերը փակել և շահույթ ունենալ։

Հենց սա է գլխավոր հակասություններից մեկը։ ՓՄՁ տնտեսվարողներն ասում են և ասելու են՝ անհնար է 20% վերադիրով աշխատել, ապրանքը կթանկանա, գնորդ չի լինի, մենք 10%-ով ենք աշխատում։ ՊԵԿ-ն ասում է՝ ոչ, մենք գիտենք, որ դուք 30%-40% վերադիր եք դնում, մենք դեռ մի բան էլ քիչ ենք գրել։

Բարդ է, սակայն ՊԵԿ-ն այս անգամ կարծես չի ցանկանում տեղի տալ։ Հակառակը՝ կառույցի պատասխանի մեջ նշվում է, որ իրենց կողմից կատարված դիտարկումների համաձայն՝ տոնավաճառներում առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրացման շրջանառության միջին ցուցանիշը 2016 թվականի տարեկան արդյունքներով կազմել է ընդամենը 3.7 մլն դրամ:

«Հետևաբար՝ այն մտավախությունը, որ ՓՄՁ սուբյեկտներն իրացման շրջանառության իրական ծավալների հայտարարագրմամբ կհայտնվեն ԱԱՀ-ի դաշտում, մտացածին է, քանի որ մեր կողմից ուսումնասիրված՝ համեմատաբար խոշոր տոնավաճառներում առևտրական գործունեությամբ զբաղվող 785 տնտեսավարող սուբյեկտներից 770-ը կամ 98 տոկոսը կարող են իրենց իրացման շրջանառություններն ավելացնել շուրջ 25-28 անգամ և այդուհանդերձ շարունակել գործել շրջանառության հարկի համակարգում: Ուստի, թվերը փաստում են, որ եզրակացությունը մեկն է՝ շրջանառության հարկի շեմի բարձրացման առաջարկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրելու վարքագիծն արդարացնելու միջոց, որը, ինչպես տեսանք, որևէ հիմնավորում չունի»,- նշված է ՊԵԿ-ի պատասխանում։

Կարճ ասած, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։

Տեսանյութեր

Լրահոս