Ֆրանսիացիների ավելի քան 60 տոկոսը գոհ է կառավարության նոր կազմից
Ֆրանսիացիների ավելի քան 60 տոկոսը հայտարարել է, որ գոհ է հանրապետության կառավարության նոր կազմից, որը ձեւավորվել է մայիսի 15-ին վարչապետ նշանակված Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ: Սրանք են BFMTV հեռուստաալիքի համար Elabe սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները։
Ծառայության տվյալների համաձայն՝ հարցվածների 54 տոկոսը նաեւ հայտնել է, թե հավատում է, որ նախարարների կաբինետի ձեւավորված կազմը արդյունավետ է աշխատելու: Հարցումն անցկացվել է մայիսի 17-ին Համացանցում: Դրան մասնակցել են 18-ից բարձր տարիքի 937 ֆրանսիացիներ:
Նախօրյակին Փարիզում ներկայացվել էր Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: Դրանում ընդգրկվել է 22 մարդ՝ 18 նախարար եւ չորս պետական քարտուղար, 11 տղամարդ եւ 11 կին:
Ժան Իվ լե Դրիանը, որն ավելի վաղ գլխավորում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, նշանակվել է հանրապետության արտաքին գործերի նոր նախարար: Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սիլվի Գուլարը: Փարիզյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գուլարն ավելի վաղ հանդես էր գալիս հաջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման, նա եվրապատգամավոր է, ներկայացնում է «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նոր նախարար է դարձել «Հանրապետականներ» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Բրյունո լե Մերը: Նա անցյալում եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար, գյուղատնտեսության, պարենամթերքի, ձկնորսության գործերի եւ տարածքային պլանավորման նախարար: Ֆրանսիայի արդարադատության նախարար է հայտարարվել Ֆրանսուա Բայրուն՝ «Դեմոկրատական շարժում» կենտրոնամետ կուսակցության
առաջնորդը:
Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել Էդուար Ֆիլիպին եւ հանձնարարել նրան՝ կազմել կառավարություն: 46-ամյա Ֆիլիպը Հավրի քաղաքագլուխն է, Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հանրապետականներ» կուսակցությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: