«Տենց բան չկա, ամեն մեկն իրա ձենն ա ստանում, ումից պետք ա ինչ պահանջես». Վարդան Այվազյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Այվազյանը, ով որոշ տեղեկություններով, նախընտրական շրջանում մտնելով իր շտաբ, հայտարարել էր, թե «կոստյումս հանեմ, գցեմ Չարենցավանում, սաղ ինձ կընտրեն», ՀՀԿ–ական մրցակիցներից քիչ ձայն հավաքեց՝ 7226 ձայն, չհաղթահարելով անցողիկ շեմը:

ՊԵԿ աշխատակից ՀՀԿ–ից Սամվել Սանամյանը` հրաժարական տվեց ու այժմ ՀՀԿ–ից այդ ընտրատարածքից խորհրդարան են գնում Արտաշատի գազի գրասենյակի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը` 11324 ձայնով, և Կոտայքի մարզի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը` 10808 ձայնով:

«Փաստը» մի քանի հարց ուղղեց Վարդան Այվազյանին:

– Պարոն Այվազյան, փաստորեն Դուք Ձեր պատգամավորական գործունեությամբ ավելի քիչ ձայներ հավաքեցիք, քան, օրինակ, Անդրանիկ Հարությունյանը, ով ընդամենը գազի գրասենյակի ղեկավար էր ու նրան քչերն էին ճանաչում: Նա թերևս իր վարչական ու ֆինանսական լծակներով Ձեզնից շատ ավելի ձայներ ստացավ:

– Գիտեք ինչ կա, կա այն, ինչ կա: Փաստացի մենք խոսում ենք նրա մասին, ինչը ևս փաստ է: Ընտրողը պետք է ինքը որոշի, իսկ եթե ընտրողը նմանատիպ գնահատական ա տվել, ամեն ինչ նորմալ եմ համարում: Որևէ աննորմալ բան չեմ տեսնում:

– Մամուլում տեղեկություն եղավ, որ ընտրությունների նախօրեին Ձեր ՀՀԿ մրցակիցներին կանչել եք «ռազբորկայի»` անարդար են վարվել, ձայներ են գողացել:

– Տենց բան չկա, ամեն մեկն իրա ձենն ա ստանում, ումից պետք ա ինչ պահանջես, մամուլն ա էլի:

– Նշանակո՞ւմ է, որ իրենք ավելի շատ ընտրակաշառք են բաժանել, որ շատ ձայներ են ստացել:

– Ես չեմ իմանում՝ ընտրակաշառք բաժանե՞լ են, թե՞ չեն բաժանել: Ես տենց տեղեկություններ չունեմ: Ես ասում եմ՝ եղել է այն, ինչ փաստացի էսօրվա դրությամբ կա: Ես ոչ որևէ խնդիր տեսնում եմ, ոչ էլ որևէ բան կա: Ես իրանց կանչել եմ, ասել եմ: Նմանատիպ որևէ բան տեղի չի ունեցել, որ մենք հանդիպենք, ասենք՝ դու ինձնից շատ ես տարել, ինձնից քիչ ես տարել, ձեր ասած՝ ռազբորկեքը: Մամուլի ֆանտազիաների արգասիքներն էին:

– Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել, պարոն Այվազյան:

– Համենայն դեպս, Հայաստանի բնակչության 99,9%–ը պատգամավոր չէ, ես էլ պետք ա պարզապես ապրեմ: Բնականաբար, մի բան կանեմ էլի:

– Նոր կառավարությունում լինելու հույսեր չկան, չէ՞:

– Գիտեք ինչ կա, ես ոչ հույսերի հետ եմ կապված խոսում, ոչ էլ բան: Ես ոչ որևէ ինֆորմացիա ունեմ, ոչ էլ բան: Կուսակցության անդամ եմ, կուսակցությունը ոնց կորոշի, տենց էլ կլինի, ինչի՞ մասին ա խոսքը:

– Պարոն Այվազյան, ասել է թե՝ Դուք իշխանությանն այլևս այնքան էլ պետք չեք, որ չպահանջեց ինքնաբացարկներ, որ Դուք անցնեիք:

– Իսկ ինչի՞ պետք է իշխանությունը պահանջեր կամ ինչի՞ եք Դուք մտածում՝ մենք իշխանություն չենք, չէ՞ որ ՀՀԿ-ն հաղթել է: Կադրերին, որոնց նպատակահարմար կգտնի, կարող է օգտագործել համապատասխան ոլորտներում:

– Պարոն Այվազյան, հայտնի է, որ Դուք բավական մեծ բիզնեսներ ունեք, այժմ անձամբ ղեկավարելո՞ւ եք այդ բիզնեսները:

– Որքան հայտնի է, որ ես ռազբորկա եմ արել, այդքան էլ լրատվությունից հայտնի կլինի, որ ես շատ մեծ բիզնեսներ ունեմ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս