«Ով էլ լինի նախագահ, Իրանը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Արտյոմ Տոնոյան

Իրանի հայկական համայնքն Իրանի մայիսի 19-ի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ առաջարկ-պահանջագիր է ներկայացրել նախագահի թեկնածուներին: Հայ համայնքը բարձրացնում է Իրանի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը, ինչպես նաև եկեղեցիների, դպրոցների պահպանության հարցերը: Այսօր այս հարցերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ ով էլ լինի նախագահ, որևէ փոփոխություն չի լինելու, չնայած նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) հայերը վայելում են շատ մեծ հարգանք, բայց, այնուամենայնիվ, Իրանն ունի իր ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական օրակարգը:

«Լինելով իսլամական հանրապետություն՝ չեմ կարծում, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իրոք, այն հարցերից է, որ Իրանն ինչքան էլ ջերմ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, ինչքան էլ բարձր նշանակություն ունենա այս համայնքն Իրանում, այս հարցում շատ վատատես պետք է լինել, Իրանը չի կարող ընդառաջել: Այլ բան է, որ թողնում են նկարահանել ֆիլմեր Ցեղասպանության մասին, թողնում են հրատարակել գրքեր, հոդվածներ»:

Նրա դիտարկմամբ՝ այս պարագայում պետք է հաշվի առնել նաև, թե ինչպես կզարգանան իրանաթուրքական հարաբերությունները:

Արտյոմ Տոնոյանը նշեց, որ կրոնական առումով հայ համայնքի վրա որևէ ճնշում չկա: Իրանում հայկական եկեղեցիները բավական լավ են պահպանվում. «Նույն Ղարադաղի տարածքում, Ատրպատականում հայկական եկեղեցիները պահպանվում են, ու առնվազն ամեն ինչ արվում է, որ պահպանվեն հայկական կոթողները»:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ իրանական համայնքը քաղաքական առումով չափազանց պասիվ է:

«Իրանահայ համայնքը դիրքորոշում չի արտահայտում, չի սատարում այս կամ այն թեկնածուին, նրանց մոտ երբեք չի եղել որևէ թեկնածուին սատարելու հայտարարություն՝ որևէ բան ստանալու դիմաց»:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս