«Զինադադարի պայմանագիրը զսպում է Ադրբեջանին. 2016թ. ապրիլին նա զսպված էր գործում». Վաղարշակ Հարությունյան

ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով 23 տարի առաջ մայիսի 16-ին կնքված զինադադարի պայմանագրին՝ ասաց, որ այն մինչ այսօր գործում է, և անկախ նրանից, որ ադրբեջանական կողմը խախտում է այդ պայմանագիրը, այն զսպող գործոն է Ադրբեջանի համար.

«Միջազգային հանրությունը և հիմնականում՝ համանախագահները, հիմնվելով այդ զինադադարի պայմանագրի վրա, իրականացնում են իրենց առաքելությունը։ Եթե չլիներ այս պայմանագիրը, մենք չէինք ունենա խաղաղ բանակցային գործընթաց»։

Հարցին՝ զինադադարի պայմանագիրը կա, բայց հակառակորդն անընդհատ գործողությունների է դիմում, զոհեր ենք ունենում, այդ պայմանագիրը մեզ ի՞նչ է տալիս, նա հարցով պատասխանեց.

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե չլիներ այդ պայմանագիրը. պատերազմ կլիներ։ Ես հասկանում եմ, որ ձեզ մոտ հարց է առաջանում՝ եթե կա պայմանագիր, ապա այս զոհերն ինչո՞ւ ենք ունենում, և ի՞նչ է անում միջազգային հանրությունը։ Եթե չլիներ պայմանագիրը, կլիներ պատերազմ, իսկ այդ դեպքում կլինեին ոչ թե այս քանակի զոհեր, այլ երկու կողմից էլ՝ ավելի մեծ։ Այս պայմանագիրը պետք է դիտել՝ որպես զսպող գործոն։ Այո, նա չի լուծում հիմնական խնդիրը, բայց կանխում է լայնածավալ պատերազմը»։

Դիտարկմանը՝ արդյո՞ք 2016թ. ապրիլին հակառակորդը զսպված էր գործում, նա այսպես արձագանքեց. «Իհարկե, զսպված էր գործում։ Նա չօգտագործեց հեռահար զենք, որն ուներ, Ստեփանակերտի և քաղաքների վրա։ Նա հիմնականում գործում էր շփման գծում, և ուշադիր նայեք, թե իր գործողություններն ինչպես է ներկայացնում. որպես պատասխան՝ Հայաստանի և Արցախի գործողությունների։

Ադրբեջանը չի ասում, որ ինքն է սկսել, որովհետև հասկանում է, որ կա զինադադարի պայմանագիր, և նա դա խախտում է։ Ադրբեջանն ասում է, թե դրանք պատասխան գործողություններ են եղել։ Միայն այս փաստը խոսում է այն մասին, որ այս պայմանագիրը զսպում է Ադրբեջանին»։

 

Տեսանյութեր

Լրահոս