Հայաստանը մտավ վտանգավոր շրջափուլ
Կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց մի կարևորագույն քաղաքական ցիկլ, որը կանխորոշելու է առաջիկա տարիներին, առաջին հերթին՝ 2018 թվականին, տեղի ունենալիք փոփոխությունները։
Առաջիկա չորս տարիներին Հայաստանում այլևս համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու։ Դա, իհարկե, ամենևին չի նշանակում, թե ընտրությունների հիմնական նպատակը՝ իշխանության համար պայքարը, դադարելու է լինել քաղաքական կյանքի շարժիչ ուժը։
Ճիշտ հակառակը. առաջիկա մեկ տարվա ընթացքում այն ավելի սրվելու է։ Առանձնահատկությունը, սակայն, այն է, որ գոնե այս պահին տեսանելի իրողությունների պայմաններում, առաջիկա մեկ տարում իշխանության համար պայքարն ընթանալու է գործող իշխանական համակարգի ներսում՝ այդ համակարգի մի քանի թևերի, շերտերի ու բևեռների միջև։
Այդ բևեռներից մեկն էլ, ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով վերընտրվեց իր պաշտոնում։ Խոսքը Տարոն Մարգարյանի՝ իշխանության համար պայքարում առանձին հանդես գալու մասին չէ, այլ՝ այդ պայքարի բևեռներից որևէ մեկին նրա աջակցության։ Ի վերջո, նա գրեթե առաջնային մանդատ ունեցող երկրորդ ազդեցիկ պաշտոնյան է՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից հետո, ում էլ, ամենայն հավանականությամբ, կաջակցի Տարոն Մարգարյանը ներիշխանական պայքարում։
Ինչ վերաբերում է մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներին, ապա դրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի վիտրաժային ժողովրդավարությամբ փաթեթավորված միահեծան համակարգ։ Երևանի ավագանու ընտրությունները խորհրդարանական ընտրությունների օրգանական շարունակությունն էին, որոնցով էլ ավելի ամրապնդվեց Հանրապետական կուսակցության միահեծան իշխանությունը՝ արդեն նաև մայրաքաղաքի մասշտաբով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա չորս տարիներին ընտրություններ չեն լինելու, դա շատ վտանգավոր կարող է լինել պետության համար, քանի որ չափազանց մեծ է առանց այդ էլ ճահճացած իշխանության էլ ավելի ճահճացումն ու դեգրադացումը։ Դա էլ իր հերթին՝ հղի է այլ վտանգավոր հետևանքներով, քանի որ հասարակության սոցիալական վիճակը շարունակում է վատթարանալ, մեծանալու է հանրային դժգոհությունը, ինչն արտահայտելու մեխանիզմ՝ ի դեմս ընտրության, չի լինելու։ Խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանում տարիներ, տասնամյակներ շարունակ ձևախեղված ժողովրդավարության, իսկ ավելի ճիշտ՝ դրա իմիտացիայի արտահայտություն էր՝ ձևով՝ գրեթե կատարյալ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգի արտահայտությունը։
Ժողովրդավարության ամենագլխավոր գործիքը՝ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը, Հայաստանում շարունակում է մնալ փչացած՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Ապրիլի 2-ի ու մայիսի 14-ի ընտրությունների արդյունքները դրա թվաբանական ապացույցներն են։