Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու ելք ունենալ. լեյշմանիոզները փոխանցվում են մլակների միջոցով
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Լրատվական կայքերում այսօր անդրադարձ է եղել լեյշմանիոզ հիվանդությանը։ Նյութերը պարունակում են նաև ոչ հավաստի տեղեկատվություն, ինչը կարող է ավելորդ խուճապի պատճառ դառնալ: Իրավիճակը ճիշտ ներկայացնելու համար փաստենք, որ լեյշմանիոզները հիվանդության խումբ են, որոնք լինում են մաշկային և ընդերային: Առավել հիմնախնդրային է ընդերային լեյշմանիոզը:
Լեյշմանիոզները տարածված են աշխարհի շուրջ 98 երկրում (այդ թվում՝ Իրան, Ադրբեջան, Թուրքիա), ուր տարեկան արձանագրվում է լեյշմանիոզի 2 մլն դեպք, մեր հարևան Վրաստանում՝ շուրջ 150-200 դեպք: Հայաստանի Հանրապետությունում, 1999 թվականից սկսած, կրկին արձանագրվում են ընդերային լեյշմանիոզի դեպքեր (1999-2016թթ.՝ 115 դեպք, տարեկան շուրջ 10-20 դեպք): Ներկայումս հանդիպում են ընդերային լեյշմանիոզի դեպքեր հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Երևանում (հիմնականում՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում): Վարակիչ հիվանդությունների, այդ թվում լեյշմանիոզի դեմ պայքարի և կանխարգելման գործընթացը ՀՀ առողջապահության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ուշադրության կենտրոնում է։
ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվ համագործակցում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ թափառող շների, աղբի կուտակումների դեմ պայքարում: 2016-2017թթ. դեպքերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արձանագրվել է նվազում 2.6 անգամ (2016թ. գրանցվածվել է 8 դեպք, իսկ 2017թ.՝ 3), իսկ մահվան դեպքեր 2017 թվականին չեն գրանցվել։ Ծրագրված իրականացվում են հետազոտություններ էնդեմիկ գոտիներում բնակչության շրջանում, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ շների շրջանում, բացի այդ ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան կառույցներն իրականացնում են միջատաբանական հսկողություն՝ բացահայտելով լեյշմանիոզներ փոխանցող մլակների պոպուլյացիան, ուսումնասիրելով դրանց առանձնահատկությունները և կազմակերպելով ու իրականացնելով միջատասպան միջոցառումներ: Լայնածավալ քարոզչություն է իրականացվում բնակչության շրջանում, քանի որ կարևոր է բնակչության ներգրավվածությունը հիվանդության տարածման կանխարգելման գործում՝ հատկապես շրջապատը մաքուր պահելու և օրգանական աղբի կուտակումներում բազմացող մլակների համար բարենպաստ պայմաններ չստեղծելու, ինչպես նաև՝ երեխաներին մլակների հարձակումների ցպաշտպանելու՝ պատուհաններն ու դռները ցանցապատելու, միջատավանիչ քսուկներ օգտագործելու առումով:
Հայաստանում լեյշմանիոզները պատմականորեն միշտ եղել են: Միայն խորհրդային տարիներին մի քանի տասնամյակ, երկարատև և համակարգված պայքարից հետո, դրանք էլիմինացվեցին: Սակայն լեյշմանիոզները, լինելով զոոնոզ, դրանց հարուցիչները, էնդեմիկ գոտիներում, պահվում են վայրի բնության մեջ՝ վայրի կենդանիների օրգանիզմում և շրջանառում՝ ժամանակ առ ժամանակ թափանցելով բնակավայրեր: Լեյշմանիոզները փոխանցվում են առողջ մարդկանց շնազգի կենդանիներից՝ մլակների միջոցով:
Անդրադառնալով հրապարակումներին՝ փաստենք, որ լեյշմանիոզի հարուցիչը մլակները չեն, այլ լեյշմանիա ցեղի միաբջիջները: Իրականությանը չի համապատասխանում նաև այն, որ ռիսկային գոտում են մինչև 70 տարեկան մարդիկ: Ռիսկի խումբ են մինչև 5 տարեկան երեխաները՝ հատկապես իմուն համակարգի հետ խնդիրներ ունեցողները: Նշենք, որ հիվանդությունն ուղեկցվում է երկարատև, անկանոն տենդով, փայծախի չափերի մեծացումով, քաշի կորստով: Ընդերային լեյշմանիոզը, ճիշտ և ժամանակին բուժման դեպքում առողջացման ելք է ունենում: Այո, հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու ելք ունենալ, այդպես է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից շատերի դեպքում:
Հորդորում ենք լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկատվություն չտարածել, բնակչության շրջանում անհարկի խուճապ չառաջացնել: Լեյշմանիոզների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում՝ 010 34 04 44 հեռախոսահամարով»: