«Եթե Գարեգին Նժդեհի «Առյուծածին մայրերը» կարդանք, պարզ կլինի, թե ով պետք է իրականում ղեկավարի քաղաքը»

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր ներկայացրել էր Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ըստ որի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կիրակի օրը կայանալիք ընտրություններում ստանալու է 8-12% ձայն՝ այդպիսով զբաղեցնելով երրորդ տեղը:

168.am-ի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու ընտրությունների՝ նախընտրական շրջանում մամուլի պատասխանատու Սոնա Աղեկյանն այս առնչությամբ ասաց.

«Ես չեմ հավատում այս հարցմանը և չեմ մեկնաբանի տվյալ մարդու սոցիոլոգիական հարցումները, որովհետև դրանք իրատեսական չեն: Ինձ համար նրանք ընդամենը պատվեր կատարողներ են, Հանրապետականի պատվերով որոշ բաներ են գրում՝ անգամ առանց մարդկանց հետ զրուցելու»:

Իսկ Ահարոն Ադիբեկյանի այն դիտարկմանը, թե իրենց հարցման ընթացքում պարզել են նաև, որ կանայք չեն հավատում կին ղեկավարին, Սոնա Աղեկյանն այսպես արձագանքեց.

«Եթե Գարեգին Նժդեհի «Առյուծածին մայրերը» կարդանք, պարզ կլինի, թե ով պետք է իրականում ղեկավարի քաղաքը, քանի որ արդեն ունենք 5-ամյա պատմություն, երբ մեր քաղաքը ղեկավարվում է ներկա քաղաքապետի օրոք, և ոչինչ չի արվում, արդյունքում՝ ունենք հանրային տրանսպորտ, որը ենթակա չէ օգտագործման, ունենք կոսմետիկ կանաչապատում, ունենք կրթություն, առողջապահություն, որոնց մասին ուղղակի խոսք գնալ չի կարող»:

Իսկ հարցին՝ ի՞նչ արդյունքի եք սպասում, Սոնա Աղեկյանը պատասխանեց.

«Մենք սպասում ենք, որ ժողովուրդը գնա ընտրությունների, կատարի գործողություն, որի արդյունքում ապրի մաքուր, ազատ, արդար ու առանց կոռուպցիայի երկրում: Մնացածը ժողովրդին ենք թողնում, նա է որոշում՝ ում է ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում և ում է ընտրելու»:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս