«Փաշինյանի քարոզարշավը նման է գյուղական ինքնագործունեության». Ահարոն Ադիբեկյան

«Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում կարող ենք ասել, որ առաջին տեղում լինելու է Տարոն Մարգարյանը, երկրորդ ուժը լինելու է Նիկոլ Փաշինյանը, և երրորդը՝  Զարուհի Փոստանջյանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի հաղորդմամբ՝ Երևանում կա 750.000 ռեալ ընտրող, նրանց կեսը, այսինքն՝ այն մասը, որը գնալու է ընտրությունների, կազմում է 375.000: Դրանից նվազագույնը 65%-ն ընտրելու է Տարոն Մարգարյանին, 23%-ը՝ Փաշինյանին, իսկ 12%-ը՝ Փոստանջյանին:

Բանախոսի խոսքով՝ հասարակության միայն 43%-ն է հետաքրքրված ընտրություններով, մնացած 43%-ը հետաքրքրված չի, իսկ 14%-ն էլ հարցականի տակ է, տատանվում են՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ:

«Փաշինյանն ԱԺ ընտրություններում Երևանում հավաքել է 70.000 ձայն, եթե այս ձայները պահպանվեն, ապա դա անում է մոտավորապես 20%: Զարուհի Փոստանջյանը լավագույն դեպքում կարող է իր կողմը գրավել այն ընդդիմադիր ուժերի ձայները, որոնք ավագանու ընտրություններին չեն մասնակցում: Նա կարող է հավաքել 8-12%, եթե կարողանա տատանվողներին իր կողմը գրավել»:

Կարդացեք նաև

Խոսելով այն մասին, թե սոցիալական և տարիքային ո՞ր խմբերն ո՞ւմ են տալու իրենց ձայները՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց.

«Երբ էլեկտորալ վերլուծություն էինք անում, մեզ թվում էր, որ Փաշինյանի կողմից պետք է լինեն երիտասարդները, բայց պարզվեց, որ ոչ: Նրա ընտրազանգվածը 50 տարեկանից բարձր է: Բակերում հանդես է գալիս օրվա մեջ կամ երեկոյան, իսկ այդ ժամերին տանը հիմնականում լինում են տատիկ-պապիկները, ակտիվ զանգվածն աշխատանքի է լինում: Հետևաբար՝ իր ընտրազանգվածը քչաքանակ է  և պասիվ քաղաքական դաշտում: Այս առումով նրա ձայները չեն կարող գերազանցել այն շեմը, որին նա ձգտում է: Տարոն Մարգարյանի էլեկտորատը ներառում է բոլոր խմբերը: Իսկ ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա զարմանալի է, բայց փաստ, որ կանայք չեն հավատում կին ղեկավարին, մի քանի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ ավելի են հավատում կանանց կարողություններին, քան կանայք իրենք»:

Ամփոփելով ընտրարշավը՝ բանախոսը նշեց. «Միայն Տարոն Մարգարյանի մոտ է զգացվում գրագետ իրականացվող քարոզարշավ, քանի որ նա գիտի՝ ինչ խնդիրներ են ակնկալում իրենց ընտրողները տարբեր համայնքներում, նա գիտի դրանց լուծումները, դատարկ խոստումներ չի տալիս: Դրական գործոններն այս դեպքում ավելի շատ են, և զարմանալի չի լինի, եթե նա կարողանա 65-70% ձայն հավաքել:

Շատ կարևոր է, որ ընտրողի և ընտրվողի միջև լինի սոցիալ-հոգեբանական դիստանցիա, եթե նա քո մակարդակի վրա է, ապա հարգանք չունի, այս առումով Փաշինյանի քարոզարշավը նման է գյուղական ինքնագործունեության. մտնել բակերը,  բարձրախոսով դիմել ընտրողներին: Ու սրան հակառակ՝ կարող ենք նշել Տարոն Մարգարյանի ելույթները, երբ բեմ է լինում, թիմը կանգնած է: Բեմը հենց այդ դիստանցիայի գիծն է, իրեն անմիջապես չես կարող դիմել, նա բարձր է, և մարդիկ  ընտրում են՝ հավատալով, որ նա իր բարձունքից կարող է լուծել իրենց հարցերը»:

Միաժամանակ նա նշեց, որ հրաշքներ չեն լինելու, ընտրություններում երկրորդ տեղում կլինի Փաշինյանը, երրորդում՝ Զարուհի Փոստանջյանը: «Երեք քաղաքական կուսակցություններով՝ Հանրապետական կուսակցություն, «Ելք» դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, կշարունակեն կառավարել Երևանում»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս