
«ՀԱՊԿ անդամ երկրները կարևոր հարցերում տարաձայնություններ չունեն». Իվան Վոլինկին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար այս պահին առաջնահերթ է ահաբեկչության, թմրանյութերի տարածման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միավորում է, որի առաջնահերթ նպատակը անդամ երկրների սահմանները և սուվերենությունը պաշտպանելն է»,- ասաց դեսպանը:
Իվան Վոլինկինը վստահ է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կարևոր հարցերում տարաձայնություններ չունեն և չեն կարող ունենալ: «Բնականաբար, յուրաքանչյուր պետություն ունի իր հետաքրքրությունները, սեփական առաջնահերթությունները, սակայն կարևոր հարցերում ոչ մի տարաձայնություն չկա»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի նշանակմանը` Վոլինկինը վստահություն հայտնեց, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կդրսևորի իր բոլոր ունակությունները, որոնք նա ցույց է տվել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում:
«Ես կարծում եմ, որ նա շատ բան կարող է անել կազմակերպության համար: Ընդհանրապես Հայաստանն այդ կազմակերպության շատ ակտիվ անդամ է, մշտապես հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնք պաշտպանում են նաև մյուս անդամ երկրները, իսկ Յուրի Գրիգորիչը, իհարկե, կլինի լոկոմոտիվը»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը: