Հայաստանում կբացվի ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցը

«Դպրոցի ստեղծման հիմնական նպատակն է՝ ակտիվ, շահագրգիռ երիտասարդներին ներգրավել այս դասընթացի մեջ և նրանց միջոցով ներկայանալ արտասահմանում, միջազգային կազմակերպություններում»,- այսօր՝ մայիսի 12-ին, «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցի բացման մասին՝ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի ղեկավար Գրիգոր Սաղյանը։

Դպրոցում սովորել ցանկացողների հայտերի ընդունումը սկսվել է մայիսի 10-ից։ Այն կտևի մինչև մայիսի 31-ը, իսկ դասընթացը կմեկնարկի հուլիսին։ Այն տևելու է 5 աշխատանքային օր՝ հուլիսի 17-21-ը։ Այն անվճար հիմունքով է, ընտրվելու է 20-25 մասնակից։

Դասընթացները տեղի են ունենալու Երևանում՝ « Ինտերնետ հանրություն» հ/կ-ի գրասենյակում։

Ինտերնետ կառավարման առաջին դպրոցի ընդունելությանը կարող են մասնակցել միայն ՀՀ բոլոր բուհերի ուսանողները։ «Ինտերնետ հանրություն» հ/կ հանրային կապերի ղեկավար Լիաննա Գալստյանի խոսքով՝ կարևոր է հայկական տեսակետը բոլոր կողմերի մոտ բարձրաձայնելը։ Ըստ նրա՝ քանի որ ուսանողները Հայաստանի ապագա սերունդն են, շատ լավ կլինի, որ իրենք ներգրավված լինեն ոչ միայն տեղական քննարկումների մեջ, այլև միջազգային, ինչը, նրա կարծիքով, Հայաստանում իսկապես բացակայում է։

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ ենք հենց ուսանողներին ընտրել, որովհետև մենք, արդեն 2 տարի է՝ անցկացնում ենք ինտերնետ կառավարման համաժողովը, և երիտասարդ մասնակիցները շատ քիչ են լինում, ընդամենը 9 տոկոս։ Դա կարող է լինել թե՛ հետաքրքրվածության, թե՛ գիտելիքների պակասից, քանի որ ուսանողները տեղեկացված չեն։ Հիմք ընդունելով աշխարհի այլ երկրների փորձը՝ որոշեցինք մեզ մոտ նույնպես կազմակերպել դասընթաց և մեր ուսանողներին տեղեկացնել այն ամենի մասին, ինչը կապ ունի ինտերնետի հետ»,- ասաց Լ. Գալստյանը։

Բանախոսների խոսքով՝ դասընթացները լինելու են ինտերնետի ենթակառուցվածքների, դոմենային համակարգերի մասին, թե ինչպես է աշխարհում ինտերնետը ստեղծվել և ինչպես է այն գործում, կխոսվի նաև անվտանգությունից, թե ինչ կարելի է անել ավելի պաշտպանված լինելու համար։ Դասավանդվող թեմաներից է նաև մարդու իրավունքները, դրանց առցանց պաշտպանությունը, և, թե ինչքանով են երեխաների, սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքները պաշտպանված ինտերնետում, կխոսվի նաև իրավական և տնտեսական հարցերի մասին՝ հեղինակային իրավունքների և անհատական տվյալների պաշտպանությունն ինտերնետում, էլեկտրոնային առևտուր, էլեկտրոնային գումար։

«Աշխատանքային լեզուն հայերենն է, բայց ընդունելության հայտում նաև նշված է լեզուների իմացությունը, քանի որ նախատեսում ենք ունենալ շնորհանդեսներ անգլերենով մեր արտասահմանյան գործընկերների կողմից»,- ավելացրեց Լ. Գալստյանը։

Դասընթացները վարելու են «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի ղեկավար Գրիգոր Սաղյանը, Ֆրեդերիկ Դոնկը՝ «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի եվրոպական բյուրոյից, Սամվել Մարտիրոսյանը և ՏՏ ոլորտի մի քանի այլ մասնագետներ:
Լրագրողների հարցին՝ թե կա՞ որևէ պետական աջակցություն ծրագիրն իրականացնելու համար, Գրիգոր Սաղյանը պատասխանեց.

«Պետական աջակցություն չկա։ Դասընթացը կազմակերպում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը։ Պետական աջակցությունն այնքանով է, որ «Ինտերնետ կառավարման խորհրդի» նախագահը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալն է. այդ առումով պետական աջակցություն միշտ ստացել ենք»։

Տեսանյութեր

Լրահոս