«Թե՛ «Ելքը», թե՛ «Երկիր Ծիրանին» իրենց հիմնական խնդիրներից մեկը, այնուամենայնիվ, չկարողացան լուծել». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում գնահատելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրարշավը՝ ասաց, որ ի սկզբանե հասկանալի էր՝ իշխանական թևը, Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հիմնականում պետք է օգտագործի իր կողմից նախորդ ընտրություններում փորձված տեխնոլոգիան, այսինքն՝ բակային հանդիպումները։ Իսկ բակային հանդիպումների ժամանակ, նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են որոշակի հաշվետվություն տալ արված աշխատանքի վերաբերյալ և հայցել վստահության քվե՝ գործը շարունակելու համար։
«Տարոն Մարգարյանը հիմնականում այցելում էր այն բակերը, որտեղ ինչ-որ արդյունք եղել է, որպեսզի կարողանան իրենց՝ «թույլ տվեք շարունակել մեր գործը» կարգախոսն աշխատեցնել։ Այդ տեխնոլոգիան արդարացված է Տարոն Մարգարյանի պարագայում, որովհետև նա շեշտը դրել էր ոչ թե կենցեպտուալ հարցերի վրա, ոչ թե ավելի շատ ներկայացնում էր քաղաքի զարգացման տեսլականը, ինչքան օպերատիվ հարցերի վրա էր կենտրոնանում՝ ավելի բարեկարգ բակեր, աղբահանության մեխանիզմներ, և այլն։ Այսինքն՝ աշխատում էր բնակիչների կենցաղային հարցերի լուծումների մասին խոսել, ասել, որ տեսեք՝ այսքանն արել ենք, այսքանն էլ կշարունակենք։
Ըստ նրա՝ դա ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որի վրա ուշադրություն դարձրին ոչ իշխանական ուժերը, հատկապես՝ «Ելք» դաշինքը, որը, նրա խոսքով՝ գոնե նախընտրական շրջանի ինչ-որ փուլում խոսեց ավելի գլոբալ նախագծերի մասին՝ մետրոպոլիտեն, վերելակների գործարաններ, շրջանցիկ ճանապարհներ և այլն. «Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց շեշտել իր տարբերությունը գործող քաղաքապետից։ Սա ինչ-որ չափով արդարացված էր, քանի որ դրա պակասությունն իսկապես զգացվում էր։ Գուցե դա ավելի շատ ընդդիմադիր տեսակետից էր ճիշտ, որովհետև գուցե գործող քաղաքապետն ու իր թիմն ավելի լավ են պատկերացնում իրական հնարավորությունները և դրա համար շատ մեծ խոստումներ չեն տալիս, շատ լուրջ նախագծերի մասին չեն խոսում, բայց այնուամենայնիվ, որպես ընդդիմադիր հանդես եկող Փաշինյանի պարագայում դա արդարացված էր»։
Միևնույն ժամանակ, քաղտեխնոլոգը նկատում է, որ «Ելքի» պարագայում կային ընտրական ստրատեգիայից բխող վիճելի հատվածներ, մասնավորապես՝ 15 հազար դրամների առաջարկին։
«Դա բխում է զուտ քաղաքական տեխնոլոգիայից և ընտրական պոպուլիզմից։ Տեսեք, թե քանի «եթե»-ների պարագայում է դա ասում. ասում է՝ եթե մենք հաղթենք, դա կանենք։ Սովորաբար այն ուժերը, որոնք գրեթե համոզված են, որ իրենք չեն հասնելու հաղթանակի, մեծ պոպուլիստական խոստումներ են տալիս՝ իմանալով, որ դրա մասին հետո իրենց չեն հարցնելու, թե ինչո՞ւ չարեցին։ Դա պոպուլիզմ էր, իսկ իրավական տեսանկյունից որոշակի չափով կա ընտրակաշառքը լեգիտիմացնելու էլեմենտ»։
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, ապա մեր զրուցակցի կարծիքով՝ ի սկզբանե նրանց խնդիրը եղել է կուսակցության պրեզենտացիան. «Նրանք փորձում են իրենց քաղաքական նոր բրենդը ճանաչելի դարձնել հանրությանը։ Այս առումով քաղաքապետի ընտրություններն այդ կուսակցության համար, այսպես ասած՝ գտած հարթակ էր։ Առավել ևս, որ մենք գիտենք՝ ցանկացած պարագայում անպարտելի իրավիճակ է, քանի որ նրանք ներկայացված են լինելու ավագանիում։ Սա նշանակում է, որ «Երկիր Ծիրանին» իր համար լուծում է այն խնդիրը, որը չեն կարողանում լուծել այն կուսակցությունները, որոնք չեն անցել խորհրդարան։ Այսինքն՝ իրենք ինչ-որ բանով պետք է զբաղվեն այս 5 տարվա ընթացքում, որ զբաղեցնեն իրենց կուսակիցներին և էլեկտորատին հիշեցնեն իրենց մասին»։
Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ թե՛ «Ելքը», թե՛ «Երկիր Ծիրանին» իրենց հիմնական խնդիրներից մեկը, այնուամենայնիվ, չկարողացան լուծել. «Իրենք պետք է կարողանային իրենց քաղաքապետի թեկնածուներին ընկալելի դարձնել՝ որպես քաղաքապետի թեկնածուներ։ Այլ բան է, երբ Նիկոլ Փաշինյանն ընկալվում է՝ որպես լավ պատգամավոր, այլ բան է, թե որքանո՞վ նա ընկալվեց՝ որպես քաղաքապետի թեկնածու։ Սա վերաբերում է նաև Զարուհի Փոստանջյանին։ Ես կարծում եմ՝ իրենց դիրքերն այս առումով կայուն չեն։ Դեռ կտեսնենք, թե ընտրությունների արդյունքներն ինչ ցույց կտան, բայց այդ խնդիրը չեն լուծել»։
Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշել էր, որ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին, որպեսզի ՀՀԿ-ն վատ վիճակի մեջ չընկնի։ Նա ասել էր, որ ՀՀԿ-ն ստիպված պետք է գնար ու Արդարադատության նախարարությունում գրանցված ինչ-որ մահացած կուսակցություններից մի երկուսին բերեր շրջանառության մեջ. «Բայց դա տարօրինակ կլիներ ու կզռար, որ կեղծիք է»։
Այս առնչությամբ Վիգեն Հակոբյանն ասաց, որ չի բացառում դավադրության տեսությունները, բայց նկատում է, որ շահերի համընկնում էլ է լինում. «Շատ դեպքերում, երբ ասում ենք՝ այս կամ այն քաղաքական ուժը քայլեր արեց, որոնք համընկնում են իշխանության շահերի հետ, դա դեռ չի նշանակում, որ անպայման համաձայնեցված է։ Տվյալ դեպքում, ես կարծում եմ՝ կա շահերի համընկնում, բայց չեմ կարող պնդել, որ դա եղել է փոխհամաձայնեցված։ Արմեն Բադալյանի հետ կհամաձայնեմ այն առումով, որ, եթե այս երկու կուսակցությունները շահ չունենային մասնակցելու, ապա իրոք իշխանությունը կգտներ մի քանի կուսակցություններ, որոնք կմասնակցեին իշխանության անմիջական ֆինանսավորմամբ։ Ցանկացած ոչ իշխանական ուժ միշտ էլ արժանացել է «իշխանական պրոյեկտ» պիտակին»։