Բաժիններ՝

Արհեստական ինտելեկտի զարգացումն ավելի կարևոր է դարձնում զգացմունքային ինտելեկտը

Արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման կտրուկ զարգացումն ուրախացնում է, միևնույն ժամանակ՝ վախեցնում։ Hbr.org-ը գրում է, որ ուրախալի է մտածել այն մասին, թե որքան կարող է բարելավվել մեր կյանքը՝ սկսած օրվա ծրագրավորումից, մինչև բժշկական ախտորոշում, բայց վախեցնող է սոցիալական ու անձնային ներառումները գիտակցելը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մարդու կարիերային։

Քանի որ մեքենայական ուսուցումը շարունակում է զարգանալ, բոլորը կարիք ունեն զարգացնել իրենց կարողությունները։ Բայց էական է, թե հատկապես ո՞ր կարողությունները պետք է զարգանան։ Վաղուց հայտնի է, որ արհեստական ինտելեկտը, ինչպես նաև՝ ռոբոտները, կփոխեն աշխատաշուկան։ Ինքնավար մեքենաները հազարավոր վարորդներին կստիպեն զբաղվածության նոր ձևեր գտնել, իսկ Telsa-ի նման ռոբոտային արտադրանքը կշարունակի առանց աշխատանքի թողնել մի շարք գործարանների աշխատակիցների։ Սակայն սա ընդամենը սկիզբն է։ Քանի որ արհեստական ինտելեկտը զարգանում է բավական արագ, առաջնային են դառնում շատ «մտածելու», քան «կատարելու» աշխատանքներ։

Խոսքն այն աշխատանքների մասին է, որոնք նախկինում անգամ դժվար էր պատկերացնել, որ կարող են կատարվել առանց համապատասխան պատրաստվածություն ունեցող մարդկանց՝ ուսուցիչ, բժիշկ, ֆինանսական խորհրդատու, բիզնես խորհրդատու և այլն։ Գոյություն ունեն մի շարք գործառույթներ, որոնք մեքենաները կարող են շատ ավելի լավ կատարել, քան մարդիկ։ Մարդիկ այնքան էլ հպարտ պիտի չլինեն դա ընդունելիս։ Շատ աշխատանքներ պահանջում են հետևյալ գործողությունները՝

1. տվյալների հավաքագրում,
2. տվյալների վերլուծություն
3. տվյալների ներկայացում
4. անհրաժեշտ գործողությունների որոշում
5. գործողությունների ծրագրի իրականացում։

Բժիշկները, օրինակ, թեստեր են անցկացնում, վերլուծում արդյունքները, ախտորոշում, ծրագրում բուժումը և աշխատում հիվանդի հետ՝ բուժման ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Ֆինանսական խորհրդատուները հավաքում և վերլուծում են իրենց հաճախորդների և ներդրումների վերաբերյալ տվյալները, վերլուծում մի շարք գործոններ, խորհուրդ տալիս ներդրման մարտավարություն և օգնում հաճախորդներին ժամանակի ընթացքում իրականություն դարձնել այդ ամենը։ Բիզնես խորհրդատուները գրեթե նույնն են անում։ Այս մասնագետները կարող են շատ պահանջված լինել իրենց կարողությունների շնորհիվ։ Սակայն խնդիրն այն է, որ մեքենայական ուսուցումն ու արհեստական ինտելեկտն արագորեն կարող են գերազանցել այս կարողությունները, ինչի արդյունքում մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը։ Ակներև է ավտոմատացված համակարգերի դերը տվյալներ հավաքելու և վերլուծելու գործում։ Շատերն են ընդունում այն հանգամանքը, որ սարքավորումներն այսպիսի աշխատանքը կարող են շատ ավելի արդյունավետ կատարել։

Մարդիկ սահմանափակ են, կարող են սխալվել։ Բժիշկները երբեք ի վիճակի չեն լինի ծանոթանալ բոլոր նոր հրապարակումներին, որոնք առնչվում են իրենց գործունեության ոլորտին։ Արդյունքում՝ նրանք հենվում են սեփական փոքր փորձի վրա։ Խորհրդատուները ևս իրենց կարիերայի ընթացքում կարող են շփվել սահմանափակ քանակով ընկերությունների հետ։ Իրենց մոտեցումները, սպասումները նրանք ձևավորում են փոքր փորձի տեսանկյունից։ Մարդիկ չեն կարող հույս դնել նոր սերվերների վրա, երբ հասնում են տեղեկատվությունը մշակելու սահմանագծին։ Մենք ստիպված ենք հույսներս դնել սեփական նախընտրությունների, սովորությունների, փորձի ու գիտելիքների վրա։

Կարելի է, իհարկե, հակադարձել, որ մարդիկ երբեք չեն վստահի սարքավորումներին այնպիսի կարևոր որոշումների կայացումը, որոնք վերաբերում են առողջությանը, գումարի տնօրինմանը, սակայն պետք չէ մոռանալ, որ 21-րդ դարում ենք ապրում։ Նոր սերունդը հետաքրքրված է խելացի սարքավորումներով, որոնց վստահում է, հաճախ նաև նախընտրում։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շարունակել աշխատել, ստիպված կլինեն կենտրոնանալ այն կարողությունների վրա, որոնք կրկնօրինակելիս արհեստական ինտելեկտը խնդիրներ է ունենում՝ մարդկանց հասկանալ, մոտիվացնել և շփվել։ Խելացի սարքավորումը կարող է ի վիճակի լինել շատ ավելի լավ ախտորոշել հիվանդությունը և նույնիսկ ավելի լավ բուժման խորհուրդ տալ, քան բժիշկը։ Բայց մարդը պետք է ժամանակ տրամադրի հիվանդին, հասկանա նրա կյանքում տիրող վիճակը և օգնի հասկանալ, թե բուժման որ ծրագիրն է առավել արդյունավետ։

Նույն կերպ խելացի սարքավորումը կարող է ի վիճակի լինել ախտորոշել բիզնես խնդիրները և խորհուրդ տալ որոշակի գործողություններ կատարել։ Սակայն մարդն է լավագույն տարբերակը, ով կարողանում է մարդկանց գործողությունների դրդել, գտնում անհատներին, ովքեր առաջնորդում են փոփոխությունները։ Մարդկային կարողություններն ավելի ու ավելի կգնահատվեն հաջորդ տասնամյակում։ Համոզելու, սոցիալական գիտակցության, կարեկցելու կարողությունները տարբերակիչ կդառնան։ Իհարկե, մարդկային այս կարողությունները սովորաբար դիտարկվել են՝ որպես երկրորդական՝ կրթության և պատրաստվածության համեմատ։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ տեխնոլոգիաների ու մեքենաների գործունեության դաշտից դուրս կմնան մարդկային հարաբերությունները, սոցիալական կապերն ու հաղորդակցությունը։ Ուստի պետք է զարգացնել այդ ունակություններն ու ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կկատարելագործեն նշված հատությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս