
«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Նյու Յորքում

«Գրեմմի» ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակով պարգեւատրման արարողությունը 2018 թվականին տեղի կունենա Նյու Յորքում, այլ ոչ թե Լոս Անջելեսում, որտեղ այն անցկացվում էր վերջին գրեթե 15 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արարողության կազմակերպիչների
հայտարարությունը:
Միջոցառումը կկայանա հաջորդ տարվա հունվարի 28-ին նյույորքյան «Մեդիսոնսքվեր-գարդեն» բեմում: Վերջին անգամ այն այստեղ անցկացվել է 2003 թվականին: Ինչպես նշում է գործակալությունը, արարողությունը տեղափոխելու մասին որոշումը, որը, ինչպես սպասվում է, մոտավորապես 200 մլն դոլար կբերի Նյու Յորքին, հիմնականում ընդունվել է նրա քաղաքագլխի՝ Բիլ դե Բլազիոյի ջանքերի շնորհիվ:
Ժամանակակից երաժշտական ինդուստրիայի բնագավառում ամենահեղինակավոր պարգեւներից մեկն ամեն տարի շնորհվում է Արվեստի եւ ձայնագրման տեխնիկայի ամերիկյան ազգային ակադեմիայի կողմից: «Գրեմմի»-ի առաջին մրցանակաբաշխությունը կայացել է 1959 թվականին, այն ժամանակ արարողոթյունը վարել է Ֆրենք Սինատրան:
Ավելի վաղ այն քաղաքները, որտեղ անցկացվել է պարգեւատրումը, պարբերաբար փոխվել են, սակայն 2004 թվականից ի վեր շոուի անցկացման մշտական վայրը Լոս Անջելեսն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: