«ԱՄՆ-ն օգնում է PKK-ին». Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիան արձագանքել է Սիրիայի քրդերին զենք մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը:
Փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անընդունելի է համարել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG) զինելը, քանի որ վերջինին Թուրքիայում դիտարկում են որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թև:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Ջանիքլին քրդական YPG-ին հեռահար զենքերով զինելն անընդունելի է համարել:
«ԱՄՆ-ը YPG-ի միջոցով ամեն կերպ օգնում է PKK-ին: Այդպիսի քաղաքականությունը ոչ ոքի համար չի կարող օգտակար լինել: Մենք սպասում ենք, որ այդ սխալն ուղղվի»:
Թուրքիայի փոխվարչապետը հույս է հայտնել, որ իրենք ամեն տեսակի դիվանագիտական միջոցներով փորձում են ԱՄՆ-ին համոզել` հետ կանգնել այդ սխալը և բարեկամներին արժանին մատուցել:
«ԻՊ-ի դեմ ցամաքային գործողությունը միայն YPG-ի հետ հաջող կանցնի» հիմնավորումը իրական չէ: Հույս ունեմ, որ այս սխալից հետ կկանգնեն»,- եզրափակել է Ջանիքլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում: