«Հայաստանի նկատմամբ կտրուկ շրջադարձի սպասելն անտեղի է». Վարդան Ոսկանյան

Իրանի նախագահական ընտրություններում ով էլ հաղթի, այդ երկրի ու Հայաստանի հարաբերություններում նշանակալի փոփոխություններ չեն լինի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Հայաստանի հետ ընդհանուր քաղաքական ուղեգիծը կպահպանվի:

«Արդեն պարզ է, որ նախագահի թեկնածուների միջև առկա է սուր պայքար: Ինչպես գիտեք,  կայացել է երկու հեռուստաբանավեճ: Բավական խիստ փոխադարձ քննադատություններ են հնչել: Արտաքին քաղաքական հարցերի հետ կապված դեռ բանավեճ չի եղել, սակայն կարող ենք ասել, որ Իրանի քաղաքական ուղեգիծը Հայաստանի հանդեպ պայմանավորված չէ առկա թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու հանգամանքով: Այդ քաղաքական ուղեգիծը հիմնական շեշտադրումներով կպահպանվի: Այնպես որ, կոնկրետ պնդել, թե Հայաստանի շահերի տեսանկյունից որ թեկնածուն է նախընտրելի, մի փոքր դժվար է: Իրանի հիմնական ուղեգիծը որոշում է հոգևոր առաջնորդը: Այս իմաստով Հայաստանի նկատմամբ կտրուկ շրջադարձի սպասելն անտեղի է»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը նկատեց, որ իրանցիները փոփոխական կարծիք ունեն, մի քանի օրերի ընթացքում 2-3 անգամ կարող են փոխել իրենց որոշումը: Հետևաբար, թեկնածուների հետ կապված կանխատեսումներ անելը դժվար է: Ամեն դեպքում, ըստ Վարդան Ոսկանյանի, երկրորդ փուլի հավանականությունը մեծ է: Բարեփոխականներից, թերևս, կմնա մեկ թեկնածու` Հասան Ռոհանին, իսկ պահպանողականներից լավ դիրքեր ունի Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղիր Ղալիբաֆը:

«Ինչ վերաբերում է հայ համայնքի դիրքորոշմանը, ապա հայկական համայնքը հանդես չի գալիս որևէ մեկ թեկնածուի օգտին, հայերն ազատ են և կարող են քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին: Բայց նշեմ, որ հայ համայնքի մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականների թևին, ինչն, իհարկե, չի նշանակում, որ չկան պահպանողականների կողմնակիցներ: Հայաստան-Իրան հարաբերությունների պարագայում հայ համայնքի հետ կապված որևէ լուրջ փոփոխություն չի լինի` ընտրվի բարեփոխականը, թե պահպանողականը: Կարող ենք ասել, որ Իրանում հայ լինելն ինչ-որ առումով  առավելություն է: Իրանում տեղի հայերին վերաբերում են հատուկ ուշադրությամբ: Հայ համայնքը վաստակել է այդ իրավունքը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին: Նախագահի աթոռի համար պայքարում են 6 թեկնածու` Հասան Ռոհանի, Մուստաֆա Աղա-Միրսալիմ, Սահակ Ջահանգիրի, Մոհամադ Բաղիր Ղալիբաֆ, Սեյեդ Իբրահիմ Ռաիսի, Մուստաֆա Հաշեմի Թաբա:

Տեսանյութեր

Լրահոս