Չինաստանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն
Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ամերիկուհի Սենդի ՖանՋիլիսը ձերբակալվել է 2015 թվականի մարտին, երբ փորձում էր Չինաստանից մեկնել Մակաո: Նրան լրտեսության մեղադրանքով դատապարտել էին 3,5 տարվա ազատազրկման:
ՖանՋիլիսի ամուսինը հայտնել է, որ կինը Լոս Անջելես է ժամանել ապրիլի 28-ին: Նա տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները մեղադրում են իր կնոջը նրանում, որ 1996 թվականին երկու անգամ այցելել է այդ երկիր լրտեսական առաքելությամբ և աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում:
Սենդի ՖանՋիլիսի փաստաբանը հրաժարվել է պաշտպանյալի գործով մանրամասներ տրամադրել դրանում առկա «պետական գաղտնիքների» առկայության պատճառով: