Պատվաստե՞լ երեխային, թե՞ ոչ. Գիտնականների պատասխանը միանշանակ է
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ երեխաների պատվաստումների դեմ բողոքարարները անձրեւին ու ցրտին ցույցի էին հավաքվել.
«Որպես ծնողներ, մենք ինքներս պետք է որոշենք այդ հարցը», – ասել է պատվաստումների դեմ բողոքի ցույցի մասնակիցը:
Շարժումն այնքան ուժ է հավաքել, որ սկսել է անհանգստացնել բժիշկներին:
«Այսօր Թեքսաս նահանգում կա 50,000 երեխա, ում ծնողները որոշել են չպատվաստել նրանց», – ասել է Բժշկության Բայլոր քոլեջի բժիշկ Փիթեր Հոթեզը:
Պատվաստումների դեմ հանդես եկողներն ասում են, որ պատվաստումները կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ՝ ալերգիայից մինչեւ աուտիզմ: Մասնագետները դրա հետ համաձայն չեն.
«Պատվաստումը կարող է հակառակ ռեակցիա առաջացնել, սակայն միայն չափազանց հազվադեպ դեպքերում», – ասել է Առողջության ազգային ինստիտուտներից Էնթոնի Ֆաուչին:
Բժիշկներին ընդդիմախոս ծնողները համոզված են, սակայն, որ պատվաստանյութերի մեջ վնասակար բաղադրիչներ են ավելացնում.
«Ավելացնում են ալյումին, ֆորմալդեհիդ, պոլիսորբեյթ, դրա հետ միասին՝ ընդհատված պտղի բջիջներ, եզան, խոզի, ոչխարի, կապիկի, շան բջիջներ: Այդ բջիջները մարդու մարմնի համար նախատեսված չեն», – ասել է պատվաստումների դեմ պայքարող շարժման ակտիվիստ Իրենը:
Բժիշկներն իրենց կողմից պնդում են, որ երեխաների համար նախատեսված պատվաստումներն այսօր առավել անվտանգ են, քան երբեւէ: Հենց պատվաստումներն են այսօր օգնում փրկել միլիոնավոր երեխաների կյանքեր, հիշեցնում են գիտնականները:
Սակայն, լսելի լինելու համար գիտնականներին ու բժիշկներին պետք է դուրս գալ իրենց լաբորատորիաներից եւ խոսել մարդկանց հետ՝ բացատրելով, որ երեխայի կյանքը փրկող պատվաստումն անվտանգ է: