Բաժիններ՝

Էդվարդ Միլիտոնյանը՝ «Հանս Քրիստիան Անդերսեն» միջազգային գրական մրցանակի հավակնորդ

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը դարձել է մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսեն» միջազգային գրական մրցանակի հավակնորդ: «Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը գրականության ասպարեզում զգալի ներդրումների համար տրվում է երկու տարին մեկ` Անդերսենի ծննդյան օրը` ապրիլի 2-ին: Այն մանկագիրների և նկարազարդողների համար միջազգային ամենահեղինակավոր մրցանակն է: Միջազգային մրցանակի այս նախագիծն իրականացնում է Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ռուզան Տոնոյանը նշեց, որ այս կառույցին անդամակցում են 77 երկիր, յուրաքանչյուրն ունի իր ազգային կոմիտեն: Հայաստանն այս կառույցին անդամակցում է 2012 թվականից և առաջին անգամ մրցանակաբաշխությանը ներկայացրել է հայ գրողի թեկնածությունը:

«Ներկայացրեցինք Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը և ի պատիվ մեզ, 77 անդամ երկրների ներկայացուցիչներից մրցանակային փուլ անցան 33 գրող, այդ թվում Էդվարդ Միլիտոնյանը: Այդ 33-ից կընտրվի հաղթողը, ում եկող տարի կշնորհվի Անդերսենի անվան գրական մրցանակը»,-ասաց Ռուզան Տոնոյանը:

Թեկնածուն պետք է համապատասխանի նախանշված չափորոշիչներին: Այն է` նա պետք է լինի առնվազն 10 գրքի հեղինակ, նրա գրքերը պետք է թարգմանված լինեն աշխարհի տարբեր լեզուներով, թեկնածուն պետք է այլ գրական մրցանակներ ստացած լինի, որոշակի հեղինակություն վայելի նաև իր երկրում, ապրող ստեղծագործող գրող լինի:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ նման հեղինակավոր մրցանակին Հայաստանի կողմից թեկնածու ներկայացնելը կարևոր ձեռքբերում է մեր երկրի համար:

«Կարևորն այն չէ, որ իմ թեկնածությունն է ներկայացվել, կամ ես եմ ընդգրկվել այդ կազմում: Կարևորն այն է, որ առաջին անգամ Հայաստան անունը հնչում է տարբեր մեծ երկրների շարքում: Հայաստանը` որպես գրական երկիր, պետք է կարողանանք ներկայացնել աշխարհին, ճանաչելի դարձնել: Ցույց տանք, որ Հայաստանում լուրջ գրականություն է տպագրվում»,-ասաց նա:

Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Հայաստանը միջազգային մրցանակաբաշխություններին մասնակցելու գործընթացում քիչ փորձ ունի: Նրա խոսքով, անհրաժեշտ է աջակցել գրական նյութերի տպագրմանը, դրանց տարածմանը տարբեր երկրներում:

«Այն հնարավորությունները, որոնք օգտագործում ենք, կարծում եմ, դեռ քիչ են, որ կարողանանք միջազգային դաշտում լավ ձևով տարածել մեր գործերը: Պետք է լավ թարգմանություններ կատարվեն, ինչը բարդ գործ է: Մանկական ստեղծագործությունները թարգմանելու համար յուրահատուկ մոտեցում է անհրաժեշտ, թարգմանելիս պետք է գտնել համարժեքը: Այդ առումով դժվարանում է թարգմանիչների գործը, և անելիքներ դեռ շատ կան»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Նշենք, որ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն մանկական գրքի քաղաքականությունը խթանող միջազգային կառույց է, որն ստեղծվել է 1953 թվականին Ցյուրիխում: Հեղինակավոր մրցանակը տրվում է 1956 թվականից: Մրցանակը, որը բաղկացած է ոսկե մեդալից և վկայագրից, անվանում են նաև «Փոքր Նոբելյան»: Հաջորդ մրցանակը կհանձնվի 2018 թվականին կոմիտեի տարեկան կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա Ստամբուլում: Անդերսենի մրցանակի հովանավորն է Դանիայի թագուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս