Բաժիններ՝

Իսպանիան դատապարտել է Իսրայելի որոշումը՝ արգելելու «Բժիշկներ առանց սահմանների» ՀԿ-ի գործունեությունը Գազայում

Իսպանիայի կառավարությունը փետրվարի 2-ին դատապարտել է Իսրայելի իշխանությունների որոշումը Գազայի հատվածում «Բժիշկներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս մասին հաղորդում է The Diplomat in Spain պարբերականը։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները, մասնավորապես առողջապահության ոլորտի այնպիսի ՀԿ-ները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն, «անփոխարինելի օգնություն են ցուցաբերում Գազայում և Արևմտյան ափին կյանքեր փրկելու ծառայություններ մատուցելու հարցում»։

«Կազմակերպության աշխատանքը Գազայում, ինչպես նաև առողջապահության ոլորտի բոլոր մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը, կարևոր են Գազայի հատվածում աղետալի մարդասիրական իրավիճակը կարգավորելու համար՝ կենսական օգնություն տրամադրելով անտանելի բռնության ենթարկված Գազայի պաղեստինյան բնակչությանը», – նշվում է հայտարարության մեջ։

Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Իսրայելին «չեղարկել այս որոշումը, որը լրջորեն խաթարում է ամենահիմնական բարոյական սկզբունքները, և հիշեցնում է նրան միջազգային մարդասիրական իրավունքը պահպանելու իր պարտավորության և բոլոր մարդկանց տառապանքները նվազեցնելու և արժանապատվությունը պաշտպանելու իր միջազգային պարտավորությունների մասին»։

2025 թվականի մարտին Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ անկլավում օգնություն տրամադրել ցանկացող կազմակերպությունները պետք է գրանցվեն և տրամադրեն իրենց անձնակազմի մասին անձնական տեղեկություններ: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել այս պահանջի վերաբերյալ։

Դեկտեմբերի 30-ին Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախկին գրանցման ժամկետը լրացել է, և, հետևաբար, կազմակերպության գործունեությունը կդադարեցվի 60 օրվա ընթացքում: 2026թ․ հունվարի 30-ին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարության մեջ զգուշացրել է, որ «իսրայելական իշխանությունների հետ ամիսներ տևած անարդյունք բանակցություններից և իրենց անձնակազմի անվտանգության և գործողությունների անկախ կառավարման վերաբերյալ անորոշությունից հետո» որոշել է, որ «ներկայիս պայմաններում չի տրամադրի իր պաղեստինյան և միջազգային աշխատակիցների ցուցակն Իսրայելի իշխանություններին»։

ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր սպանվել է 1700 առողջապահության աշխատակից, ինչպես նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության 15 գործընկեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728