
Աթեշյանը գոհ է Էրդողանի ուղերձից

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձի համար:
Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Պատրիարքարանի կողմից Աթեշյանի տարածած հայտարարության մեջ նշվում է, իբր տեղի «հայկական համայնքը դրական ու մեծ գոհունակությամբ է արձագանքել» Էրդողանի ուղերձին:
Ըստ Աթեշյանի` «Էրդողանի կողմից հայ համայնքի անդորրության, անվտանգության և երջանկության նկատմամբ ցուցաբերած մասնավոր կարևորությունը դրական արձագանք է գտել համայնքի շրջանակներից ներս»:
«Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման և տևականացման համար պետության քայլերին զորակցություն ցուցաբերելը պատրիարքարանի կողմից համարվում է քաղաքացիական պատասխանատվություն»,-ասել է Աթեշյանը` ընդգծելով, թե մշտապես աղոթում է երկրի անսասանության համար: