Ֆրանսիական դատարանը մերժեց Կոսովոյի նախկին վարչապետին Սերբիա արտահանձնելու պահանջը
Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի քննչական պալատում:
«Ընդունվեց (Սերբիայի համար) բացասական վճիռ, հանձնում չի լինի, (Խարադինայի նկատմամբ) դատական հսկողությունը կհանվի»,-հայտնել է դատարանի ներկայացուցիչը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հայցվորները տակավին ժամանակ ունեն այս եզրակացության գանգատարկման համար:
Ռամուշ Խարադինայը ԲազելՄյուլուզ շվեյցարաֆրանսիական օդանավակայանում ձերբակալվել է հունվարի 4-ին: Ձերբակալումը կատարվել է Սերբիայի իշխանությունների պահանջով:
Բալկաններում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Խարադինայը եղել է Կոսովոյի ազատագրման բանակի շտաբի պետը: Հետագայում նա մեղադրվել է էթնիկական զտումների ընթացքում կոսովցի սերբերի զանգվածային սպանություններ կատարելու մեջ: 2005 թվականին Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը ձեռնամուխ է եղել նրա գործի քննությանը: Երեք տարի անց
նա լիովին արդարացվել է մեղադրանքների բոլոր (37) կետերով: Չնայած դրան, Սերբիայի իշխանությունները շարունակում են Խարադինային մեղավոր համարել բազմաթիվ ռազմական հանցագործություների մեջ, որոնք կատարվել են 1998-1999 թվականներն ընկած ժամանակաշրջանում: