Իրանում պաշտոնապես հրապարակվել է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք պայքարելու են երկրի նախագահի պաշտոնի համար:
Մրցարշավի մասնակիցների թվում են՝ պետության գործող ղեկավար Հասան Ռոուհանին, արդյունաբերության եւ մշակույթի նախկին նախարարներ Մոստաֆա Հաշեմին եւ Մոստաֆա ՄիրՍալիմը, Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիզին։
Իրանի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն, բարձրագույն պաշտոնի համար պայքարին մտադրվել էին մասնակցել ռեկորդային թվով՝ 1600 թեկնածուներ, մինչդեռ Պահապանների խորհուրդն ընտրել է նրանցից միայն վեցին: Երկրում հաստատված ավանդույթի համաձայն, նրանք բոլորը տղամարդիկ են: Հիմնական օրենքի 115-րդ հոդվածը պետության ղեկավարին ներկայացնում է որպես «ռեջալ», ինչը կարելի է թարգմանել ե՛ւ որպես «տղամարդ», ե՛ւ որպես «մարդ»:
Պահպանողական հայացքների տեր Խորհուրդը նախընտրությունը տալիս է
առաջին մեկնաբանությանը: Գործող նախագահ Ռոուհանին մրցարշավի անվերապահ ֆավորիտն է, որը միեւնույն ժամանակ վայելում է իսլամական հոգեւորականության
աջակցությունը: Իր կառավարման ընթացքում պետության ղեկավարը կարողացել է հասնել ԵՄ-ի երկրների հետ շահավետ պարտավորագրերի կնքման, ներառյալ նաեւ երկրի համար գլխավոր համաձայնագիրը՝ 2015 թվականի պայմանագիրը, որը բերեց պատժամիջոցների մի մասի չեղարկման: Չափավոր ղեկավար համարվող Ռոուհանին Արեւմուտքում փնտրում է տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարող է ազդակ հաղորդել տնտեսական աճին, քանի որ Իրանը տառապում է գործազրկությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: