«Դատախազությունը ո՛չ Դանիել Իոաննիսյանի, ո՛չ «ՍԱՍ Գրուպի» ձայնագրությունները չի կարող հիմք ընդունել՝ գործ հարուցելու համար». Գառնիկ Իսագուլյան

«ՀՀ առաջին նախագահը չի կարողանում հետ կանգնել իր այն գաղափարից, որ զիջելով և խաղաղություն մուրալով՝ հնարավոր է այդ իրավիճակին հասնել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար:

Գ. Իսագուլյանը կարծում է՝ ՀԱԿ-ի անդամների համար բավականին անսպասելի էր, որ այն քարոզը, որ թվում է՝ հասարակության 99 տոկոսն ընդունում է (խաղաղության թեզը), կարող էր հանկարծ նման արձագանք գտնել. «Խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են, հասարակության համար սա միանշանակ ընկալելի է»:

Ըստ Գ. Իսագուլյանի՝ Լ. Զուրաբյանը, երկու օր է, փորձում է քաղաքական «ճառ ասել», իսկ նրա դիտարկմամբ՝ դատական համակարգն ուրիշ համակարգ է:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դիմումին կցված՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հրապարակած, ինչպես նաև՝ «ՍԱՍ գրուպի» ժողովի գաղտնի ձայնագրությանը՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ այդ ձայնագրությունները չեն կարող փաստ հանդիսանալ. «Ձայնագրությունը ե՞րբ կարող է դատարանում որպես հիմք ընդունվել, երբ այդ ձայնագրությունն անելու թույլտվությունը կա դատարանի կողմից, և դա արվում է ինչ-որ նպատակով: Հիմա մենք կարող ենք այստեղ բեմադրություն ցույց տալ, բոլորս պայմանավորվենք, որ մենք հիմա ՀԱԿ-ի գրասենյակում ենք, բոլորիդ զգուշացնեմ, որ սենց խոսակցություններ ենք ծավալելու, այդ խոսակցության ժամանակ ես՝ որպես ՀԱԿ-ի անդամ, ձեզ դիմելու եմ այս հարցերով, դուք էլ այս պատասխաններն ինձ կտաք, մի ձայնագրություն կտանք ու կներկայացնենք՝ որպես ՀԱԿ-ում արված ձայնագրություն»:

Մեր դիտարկմանը, թե ոչ ոք «ՍԱՍ Գրուպից» չի հերքել, որ իրենք չեն եղել այդ ձայնագրությունում՝ Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Ախր, հերքելու իմաստ չկա: Հենց սկսեն հերքել, դուք սկսելու եք դրա հիման վրա ինչ-որ տեսություն կառուցել: Թող այդ ձայնագրությունները տանեն դատարան, դատարանի միջոցով փորձեն պարզել՝ դա ի՞նչ է, արդյոք դրա տակ քրեական հանցագործություն կա՞, արդյոք դրա տակ Ընտրական օրենսգրքի խախտում կա՞»:

Գ. Իսագուլյանը գտնում է՝ Դատախազությունը ո՛չ Դանիել Իոաննիսյանի, ո՛չ «ՍԱՍ Գրուպի» ձայնագրությունները չի կարող հիմք ընդունել՝ գործ հարուցելու համար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս