«Այն հասարակությունում, որտեղ բիոմասսայի տոկոսը մեծ է, այնտեղ հեղափոխություն չի լինում»
Մեր զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը
– Պարոն Բադալյան, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Սահմանադրական դատարանում հայտարարեց, որ դրական ակնկալիքներ չունեն ՍԴ-ից և հիմքեր են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարելի է սպասել ՍԴ-ից, և ի՞նչ կարող է անել ՄԻԵԴ-ը։
– Նախ՝ Սահմանադրական դատարանը կորոշի այնպես, ինչպիսի որոշում արդեն ընդունել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բնականաբար, նման որոշում ընդունում են իշխանության բարձր մարմիններում, այսինքն՝ ՍԴ-ն ընտրական գործընթացը ոչ լեգիտիմ, անօրինական չի ճանաչի, այլ կհաստատի ԿԸՀ-ի ներկայացրած թվերը։ Որևիցե մի նոր գործընթաց՝ կապված ապրիլի 2-ի ընտրությունների հետ, տեղի չի ունենա։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին, ապա, իհարկե, կարող են դիմել, բայց դա կտևի բավականին երկար ժամանակ, տարիներ, և հասկանալի է, որ ոչ մի արդյունք չի ունենա։ Որովհետև, եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ կդիմեն ՄԻԵԴ, որն ընտրությունների արդյունքները կճանաչի Հայաստանի Սահմանադրությանը հակասող, ապա այնքան երկար ժամանակ կանցնի, որ Հայաստանը կհասցնի 1-2 անգամ նոր ընտրություն անցկացնել։ Այնպես որ, որևիցե ակնկալիք չկա։
«Կոնգրես-ՀԺԿ»-ն դիմել է ՍԴ՝ ընդամենը ցույց տալու, որ ընտրությունները կեղծված էին։ Միջազգային կառույցներն էլ դա շատ լավ գիտեն, որովհետև մասնավոր զրույցներում նրանք էլ են ասում և միշտ շատ լավ հասկացել են՝ անկախ նրանից, թե հրապարակային ելույթներում ինչ հայտարարություններ կանեն, և նրանց դրա համար ՍԴ որոշումն էլ պետք չէ։
– ՀԱԿ-ի համար ՍԴ դիմելու այս քայլը որոշ մեկնաբաններ գնահատում են՝ որպես քաղաքականությունում մնալու հայտ։ Դուք համամի՞տ եք։
– Քաղաքականությունում մնալու համար բոլորովին ուրիշ քայլեր պետք էր իրականացնել։ Եթե դիտարկենք սա՝ որպես քաղաքականությունում մնալու քայլ, ապա դա այնքան թույլ քայլ է, որ գրեթե հավասար է զրոյի, և հաստատ սրանից չէ, որ պետք էր սկսել։ Այդ հարցը կարճ ժամանակահատվածում կքննարկվի, այդ ընթացքում ՀԱԿ-ի անունը ԶԼՄ-ներում կհնչի՝ մինչև կառավարությունը կձևավորվի, Հայաստանում ուրիշ քաղաքական գործընթացներ կսկսվեն, և բնականաբար, լրատվադաշտը կմոռանա Կոնգրես-ՀԺԿ դաշինքին։ Քաղաքականությունում մնալու համար նրանք պետք է լուրջ քայլեր իրականացնեին դեռ 2008 թ.-ից սկսած։ Հիմա էլ ուշ չէ, բայց ՍԴ դիմելը լուծում չէ։
– Ասացիք՝ միջազգային դիտորդները շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվել ընտրությունների ժամանակ, այդ դեպքում ինչո՞ւ են լռում, եթե իսկապես խնդիր ունեն աջակցել ՀՀ-ում ժողովրդավարության հաստատմանը։
– Դա մի քիչ բարդ հարց է։ Նախ՝ տարբեր դիտորդներ տարբեր ձևով են մեկնաբանում։ Ընդհանուր, եթե խմբավորենք, մի քանի խմբի կարելի է բաժանել։ Դիտորդների մի խումբն ասում է, որ, ենթադրենք՝ ասեն, որ ընտրությունները լեգիտիմ չեն, ու նոր ընտրություն լինի, նոր ընտրակաշառք բաժանեն, ու հասարակությունը նորից գնալու և վերցնելու է ընտրակաշառքը։ Այսինքն՝ իրենք էլ են տեսնում, որ խնդիրը ոչ այնքան իշխանության, որքան հասարակության մեջ է։ Շատերն ասում են՝ եթե լեգիտիմ չէ, նոր ընտրության դեպքում ժողովուրդն ընտրակաշառք չի՞ վերցնելու։ Եթե վերցնելու է, ի՞նչ տարբերություն, ոչինչ չի փոխվի, և անիմաստ է։
Երկրորդ տեսակետն այն է, որ ասում են՝ ի՞նչ քաղաքական շահ ունենք ասելու, որ լեգիտիմ չէ, ո՞վ կա քաղաքական դաշտում, որի հետ կարելի է համագործակցել։ Երրորդ դեպքում էլ ասում են՝ դուք հեռավոր երկրում եք, ձեր տարածքում ընտրությունների ժամանակ աֆրիկյան երկրների նման իրար չեն սպանել, ձեր մակարդակը դա է, և այդ պատճառով էլ ձեզանից չենք պահանջում այնպիսի ընտրություններ, ինչպես Գերմանիայում է, Չեխիայում կամ Լեհաստանում։ Այսինքն՝ մի քանի պատճառներ կան դիտորդների նման դիրքորոշման համար, բայց հիմնականը՝ շահ չունեն։
Հենց այնպես Արևմուտքը ժողովրդավարության բարեգործությամբ չի զբաղվում։ Իսկ Հայաստանում շատ քիչ են կառույցները, որ զբաղվում են Արևմուտքին ինտեգրվելու հարցերով, հիմնականում հասարակական դաշտում 1-2 իրավապաշտպան կառույց է։ Այդ պատճառով էլ ասում են՝ ինչո՞ւ ձեզ աջակցենք։
– ՍԴ-ում Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց ուժը երբեք տեռորի ու հեղափոխության կողմնակից չի եղել, բայց երկրում փոփոխությունների բացակայությունն ի վերջո կհանգեցնի նման իրավիճակի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
– PR քայլ կմեկնաբանեմ, որովհետև, երբ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքն աշխատում է միջինում ամբողջ հասարակությունում 85%, ապա նման հասարակությունը հեղափոխության չի գնում։ Իրավիճակից դժգոհ 15%-ն արտագաղթում է, և հիմա տեմպերը բավականին ավելացել են, թեև արդեն բարձր էին։ Իհարկե, գնում են ոչ միայն գաղափարական քվեարկողները, այլ նաև կաշառք վերցնողները, բայց քանի որ գաղափարականի տեսակարար կշիռը փոքր է, նրանց հեռանալն ավելի շատ է երևում, իսկ բիոմասսայի տոկոսը հետզհետե ավելանում է։
Եվ, բնականաբար, այն հասարակությունում, որտեղ բիոմասսայի տոկոսը մեծ է, այնտեղ հեղափոխություն չի լինում։ Ինչ-որ առանձին դեպքեր կարող է լինեն, բայց դա չի վերաբերում «Սասնա ծռերին», նրանք քաղաքական դեպք էին, չպետք է խառնել։ Փոքր խմբեր կարող են արկածախնդրության գնալ, բայց ասել, որ կլինի հեղափոխություն, դա իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։