Բաժիններ՝

Ծննդաբերության վախ. Ապագա մայրերի տագնապներն ու վախերը

Ցանկացած կին, հղիության ընթացքի մասին մտածելով, անխուսափելիորեն տագնապում-վախեր է ունենում: Առհասարակ, տագնապը միջավայրում կամ օրգանիզմում առաջացող փոփոխությունների հանդեպ անորոշության զգացողություն է, որը հնարավորություն է տալիս ժամանակին արձագանքել կամ հակազդել սպասվող դժվարությանը: Ինչպես գիտենք, հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, ինչը, հատկապես առաջին հղիության ժամանակ, ինքնաբերաբար առաջացնում է տագնապ: Հղիության ընթացքում ապագա մայրերը սկսում են հետաքրքրվել և տեղեկատվություն ձեռք բերել ծննդաբերության և երեխա խնամելու մասին: Նման իրավիճակում բազմաթիվ անհանգստացնող հարցեր են առաջ գալիս.

  • Պատրա՞ստ է նա մայր դառնալու:
  • Կկարողանա՞ երեխային համապատասխան խնամք ապահովել:
  • Կդիմանա՞ նման ծանրաբեռնվածության:

Նմանատիպ բարձր ինքնապահանջը կարող է հանգեցնել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական լարվածության, որն էլ զարգանալով՝ վերածվում է տագնապի:

Տագնապ կարող է առաջացնել ևս մեկ կարևոր փաստ՝ առօրյայի փոփոխությունը: Ակտիվ կյանքից անցումը դեպի պասիվ կյանք: Մանավանդ, երբ դուք պատկանում եք այն անձնային տեսակին, ով սովոր է պլանավորել իր կյանքի ամեն գալիք իրավիճակ և տանել չի կարողանում անորոշություն ծնող երևույթները: Առավել ևս, երբ կա մտերիմ ընկերուհու անձնական օրինակը, որ երեխայից հետո նա հայտնվել է ծանրաբեռնվածության, հոգսաշատության, գերհոգնածության, անձնական կյանքը հետին պլան մղելու, հոգեբանական անինքնավստահության անելանելի իրավիճակի մեջ: Շատերը կհամաձայնեն, նույնիսկ սեփական փորձից ելնելով, որ դիմացինի օրինակը մեր կյանքի անհատականության կործանման խթանիչ է հանդիսանում: Ուրիշի օրինակով ապրելով՝ մենք վերապրում ենք նրա հույզերն ու ապրումները՝ ծանոթ չլինելով մեր սեփական հույզերին և ապրումներին: Եվ այստեղ ծնվում է տագնապ դեռևս չապրված իրավիճակի հանդեպ:

Ինչպես նշեցինք՝ տագնապը ծնում է վախ, որն անորոշության մեջ մեր ունեցած երևակայական պատկերացումների արտահայտումն է: Ապագա մայրերի վախերը թեև տարբեր են, բայցև նման են: Այնուհանդերձ, փորձենք անդրադառնալ մի քանի հիմնական իրավիճակների, ինչպես նաև գործոնների, որոնք առաջացնում են վախի զգացողություն.

  • Չծրագրավորված հղիություն. իմանալով անսպասելի հղիության մասին՝ կինը փորձում է վերհիշել, թե մոտ անցյալում ինչպիսի՞ դեղեր է խմել, որքա՞ն ալկոհոլ և ծխախոտ է օգտագործել: Նման հիշողությունները կարող են բացասական էմոցիաների պատճառ դառնալ, որոնք, խուճապի հետ միասին, կառաջացնեն վախ:
  • Հղիության ընթացքում առաջացող բարդություններ, որոնք կարող են ազդել ապագա երեխայի առողջության վրա: Ամենօրյա սովորությունները, օրինակ՝ համակարգչով աշխատանքը, կնոջ կողմից կարող է դիտարկվել՝ որպես երեխայի առողջության համար վտանգավոր գործոն՝ առաջացնելով մշտական վախ երեխայի առողջության համար:
  • Ծննդաբերության վախ. հղիության ընթացքում ծննդաբերական ուժեղ ցավերի սպասումը, անօգնականության զգացումը, սեփական մարմինը չկառավարելը հաճախ հանգեցնում են ծննդաբերության գործընթացի նկատմամբ ուժեղ վախի առաջացման:
  • Էսթետիկական վախերը պայմանավորված են այն փոփոխությունների հետ, որոնց ենթարկվում է կնոջ մարմնի կառուցվածքը հղիության ընթացքում: Հնարավոր կլինի՞ վերադառնալ հին կառուցվածքին: Սա հղի կանանց հուզող և վախեցնող հարցերից մեկն է:
  • Վատ մայր լինելու վախի հիմնական պատճառն ապագա երեխային խնամելու համար անհրաժեշտ ունակություններին տիրապետելու կասկածն է:
  • Ապագայի նկատմամբ վախ. երեխայի ի հայտ գալն իր հետ բերում է բազմաթիվ փոփոխություններ ընտանիքում: Նոր իրավիճակում հնարավոր կլինի՞ պահպանել հին հարաբերություններն ամուսնու հետ, ինչպե՞ս կընթանա անձնական կարիերան, և այլ նման հարցերն առաջացնում են անորոշության զգացում ապագայի հանդեպ, որն էլ ձևափոխվում է վախի:

Այն, որ առաջանում է կոնկրետ վախ, ընդունելի է: Սկսում է աշխատել հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, սկսվում է կյանքի նոր պայմաններին հարմարվելու գործընթացը: Կնոջ հոգեկանը գտնելով այն, ինչից կարելի է վախենալ հղիության կամ ծննդաբերության ժամանակ, կատարում է առաջին քայլը՝ կառավարելու տագնապը: Իսկ հաջորդ քայլն արդեն ունեցած պատկերացումների ընդարձակումն է և նրա գործողություններում մտովի բացասական սպասվող իրավիճակների իրականացման ենթադրյալ վտանգի կանխարգելումն է կամ նվազագույն ազդեցության հասցնելը:

Այնուամենայնիվ, ապագա մայրերին անհրաժեշտ է բնության այդ առեղծվածային երևույթին վերաբերվել գեղեցիկի և ներդաշնակության զգացումով:

Սիրեք ձեր ապագա երեխային, սիրեք յուրաքանչյուր փոփոխություն, որ կրում է ձեր օրգանիզմն ու մարմինը՝ հանուն պտղի զարգացման: Հիշեք, որ դուք եք նրա ստեղծողը, կրողը, կյանք պարգևողը:

Եվ ամենակարևորը, հիշեք, որ մայր լինելը պարգև է, ամեն կին չունի այդ հնարավորությունը, իսկ դուք այն ունենալով՝ փայփայեք և արարեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս