«Պարսից ծոցը Սև ծովին կապող ծրագրի հարցում Հայաստանն Իրանի հետ պետք է բանակցի առանց ռուսական քաղաքականության առաջմղման»
«168 Ժամի» զրուցակիցն է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր, իրանահայ վերլուծաբան Մովսես Քեշիշյանը
– Պարոն Քեշիշյան, վերջին օրերին Իրանի երկու նախարարներ ուշագրավ հայտարարություններով հանդես եկան։ Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Վրաստան կատարած այցի ընթացքում կրկին նշել է, որ Թեհրանը պատրաստվում է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ «Թեհրանի այդ գաղափարը կյանքի կոչելու համար Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությունն անհրաժեշտություն է»,- ասել է Զարիֆը։ Այս ծրագրերում ի՞նչ դերակատարություն է Իրանը նախատեսում Ադրբեջանի համար։
– Իրանական մամուլում տարածված հաղորդագրություններում որևէ խոսք չկա կոնկրետ այդ ծրագրում Բաքվի մասնակցության մասին։ Իրանն օգտագործում է Ադրբեջանի անունն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասին անդրադառնալիս՝ որպես մեկ ամբողջություն, բայց երբ խոսվում է ճանապարհների մասին՝ Իրանը երկու ուղղություն է առանձնացնում, որոնցից առաջինն Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ճանապարհն է՝ «Հյուսիս Հարավը», և դրան զուգահեռ՝ խոսվում է ադրբեջանական ճանապարհի մասին՝ որպես հաղորդակցության մեկ այլ ճյուղ։ Բայց Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքում Ադրբեջանի մասնակցություն չի դիտարկվում, սա պրոյեկտ է, որում պետք է մասնակցեն Հայաստանն ու Վրաստանը։
– Որքանո՞վ է իրատեսական այդ ծրագրի իրագործումն այսօր՝ հաշվի առնելով Իրան-ԱՄՆ հարաբերությունները, Հայաստանի կապվածությունը Ռուսաստանին և «Հյուսիս-Հարավի» հարցում հայկական կողմի վարած պասիվ քաղաքականությունը։
– Սա շատ իրատեսական ծրագիր է։ Ի վերջո, Իրանը՝ որպես մեծ պետություն, ցանկանում է ունենալ այլընտրանքային ճանապարհներ, որովհետև, եթե թուրքական կամ իրաքյան ճանապարհները վտանգավոր են Իրանի համար, Իրանը ձգտում է ունենալ Հայաստան-Վրաստան-Սև ծով ճանապարհը, որտեղից կարող է խաղաղ կերպով դուրս գալ դեպի Արևմուտք, դա իրեն հետաքրքրում է։ Միևնույն ժամանակ՝ սա չի նշանակում, որ այլ ճանապարհներ չի ցանկանա կամ չի օգտվի։ Ի դեպ, ցանկացած պրոյեկտ իրատեսական է, երբ դրանում հստակ շահեր կան, Իրանի և Հայաստանի համար Եվրոպա դուրս գալու շահն ակնհայտ է, շահը կա ու կա, դրա կողքին մնում է, որ նաև կամք դրսևորվի ոչ միայն՝ Եվրոպայի, այլև՝ Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու ուղղությամբ, քանի որ իրանական կողմը եվրասիական շուկա կարող է հասնել նաև այս ճանապարհով, բացի թուրքմենականից։
Պետք է ձգտել ավելի կարճ ճանապարհներով տեղ հասցնել ապրանքը, որն ինքնաբերաբար կազդի այդ ապրանքի ինքնարժեքի վրա, կամրապնդվեն տնտեսական ու քաղաքական կապերն այն երկրների միջև, որոնք այս պրոյեկտին պետք է մասնակցեն։ Կարծում եմ, որ հայկական կողմը ևս փայլուն կերպով հասկանում է, որ սա հայկական կողմի համար այլընտրանք կլինի։ Այսօր սա աշխատելու ճանապարհ է դառնալու, Հայաստանը կդառնա կամուրջ դեպի Եվրոպա և դեպի Ռուսաստան, որից ինքնաբերաբար կաշխուժանա ու կհզորանա հայկական տնտեսությունը։
Չկա երկիր, որն ունի թույլ տնտեսություն, բայց հզոր քաղաքականություն և հզոր բանակ, սրանք փոխկապակցված են։ Հայաստանն այսօր ահռելի արտաքին պարտքերի մեջ է, դրանից դուրս գալու ելքը տնտեսության հզորացումն է, եթե նման ձգտում կա ՀՀ կառավարության կողմից, պետք է ձգտել նաև այդ ճանապարհը գործարկել և այդ ուղղությամբ կայուն քաղաքականություն վարել։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա Արևմուտքը ողջունում է այս պրոյեկտը և ամեն կերպ աջակցելու է դրա գործարկմանը։
– Դուք ինչո՞վ եք բացատրում հայկական կողմի ներկայիս դանդաղկոտությունը «Հյուսիս-Հարավի» շինարարության հարցում, եթե նշում եք, որ կա շահի գիտակցումը։
– Հայաստանում պարզապես պետք է գործի արդար համակարգ։ Արդար համակարգ ասելով՝ նկատի չունեմ միայն դատական համակարգը, նկատի ունեմ համակարգը՝ քաղաքականությունը, տնտեսությունը, մենաշնորհները, երրորդ պետությանը մենաշնորհներ տալը։ Հայաստանը կշարունակի քաղաքական և տնտեսական մեծ վնասներ կրել, եթե չկարողանա «ազատ շարժվել», այդ պարագայում, պարզ է, որ չի կարողանա նաև սահմանին իր քաղաքականությունը թելադրել։ Արցախն ամուր պահելու համար մեզ անհրաժեշտ է ավելի հզոր և արդար, անկախ քաղաքականություն։ Բնական է, որ կան այլ երկրների շահեր, նրանք էլ իրենց շահերն են փորձում առաջ մղել, Հայաստանին իրենց ցանկացած ձևով առաջ տանել, այստեղ թուրքական կողմը՝ իր, ռուսական կողմը՝ իր քաղաքականությունը կցանկանա պարտադրել, հայկական կողմին է մնում որոշել, թե ինչպես ճիշտ քաղաքականությամբ երկիրն ավելի հզոր և ինքնուրույն ափ հասցնել, որտեղ երկիրը զարգանալու հնարավորություններ կստանա։
– Արտաքին մենաշնորհներ ասելով՝ նկատի ունեք ռուսակա՞ն ազդեցությունը։
– Ես կարծում եմ, որ կա ռուսական ազդեցություն, պարտադիր կերպով կա, չի կարող չլինել նման ազդեցություն, բայց այստեղ հարցն այդ ազդեցության լինել-չլինելու մասին չէ, այլ հայաստանյան կողմի անկախ քաղաքականության հարցն է, Հայաստանը պետք է կարողանա իր դիրքորոշումն ունենալ՝ անկախ այդ ազդեցությունից։ Պարզ է, որ Ռուսաստանը գերտերություն է, իր շահերն ու ազդեցությունն ունի տարածաշրջանում, հատկապես՝ հաշվի առնելով այն տնտեսական մենաշնորհները, որոնք ունի Հայաստանում։
Այստեղ Հայաստանի քաղաքականությունն է կարևոր, պետք է գոնե միջին հասկացողության անկախություն ձևավորվի Հայաստանում, որից Հայաստանը և՛ կհզորանա, և՛ ավելի կհարգվի ոչ միայն՝ ռուսի, ամերիկացու, իրանցու կողմից։ Ի վերջո, պետք է կարողանալ և հասնել նրան, որ Իրանի հետ սեղանի շուրջ նստենք՝ առանց Ռուսաստանի, առանց ռուսական քաղաքականությունն առաջ մղելու, և մասնավորապես՝ պետք է դա անել Պարսից ծոցը Սև ծովին կապող ծրագրի հարցում։ Դա դրական կլինի ինչպես՝ հայ-իրանական, այնպես էլ՝ հայ-ռուսական հարաբերությունների համար։
– Օրերս Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը նշել էր, թե անթույլատրելի է երրորդ երկրների միջամտությունը ԼՂ հակամարտությանը։ Նա ասել էր, որ հաշվի առնելով ներկա իրադրությունը` տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ ճգնաժամի և վտանգի: Հետևաբար՝ Ադրբեջանը և Հայաստանը պարտավորություն պետք է ստանձնեն՝ կանխել ճգնաժամի հետագա լարումը։ Ո՞ր երրորդ երկրներն էին այս հայտարարության հասցեատերերը։
– Վերջին շրջանում, հատկապես՝ տնտեսական ոլորտում, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների դաշտում որոշակի աշխուժություն ենք տեսնում, Ադրբեջան-Թուրքիա միությունն է խորանում, ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում՝ ևս, անընդհատ խոսվում է խաղաղարար ուժերի տեղակայման մասին, թեև դա այսօր դեռևս հեռավոր թեմա է։ Իրանը համարում է, որ տարածաշրջանային երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները՝ դա համարելով հնարավոր։
Եթե որոշ երկրներ տարածաշրջանում ունեն Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունք, Իրանը չի ընդունում, որպեսզի թշնամական երկրները գան ու հայտնվեն իր հարևան երկրում՝ հակաիրանական գործունեություն ծավալելով։ Ինչպես գիտեք, մի որոշ ժամանակ առաջ իրանական կողմն իսրայելական անօդաչու սարքեր կործանեց, որոնք ուղարկվել էին Ադրբեջանի սահմանից։ Իրանը նման ոտնձգություններ չի կարող հանդուրժել, որից ելնելով էլ՝ հայտնում է իր դիրքորոշումները։ Բնական է, որ Իրանն իր սահմաններն ու շահերն ունի, որը հաշվի առնելով՝ պետք է պաշտպանվի։ Այս պահին նման վտանգ գոյություն չունի, պարզապես իրանական կողմը զգուշացնում է և ներկայացնում իր դիրքորոշումը։
– Այսինքն՝ Իրանի համար հարցը խաղաղապահներն են և տարածքային զիջումները, որոնք արդյունքում կարող է Իրանի սահմանը փոխվել։
– Այո, առաջին հերթին՝ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ռազմական ոլորտում։ Սրանք են, որ մտահոգում են Իրանին։ Վերջին հաշվով՝ Իրանը հասկանում է, որ Ռուսաստանը ներկա է Հայաստանում և տարածաշրջանում, սա արդեն իրողություն է, դրա հետ Իրանը հաշվի է նստում, այստեղ մնում են Թուրքիան և Իսրայելը, որոնց վարած քաղաքականությունը մտահոգում է Իրանին, քանի որ արմատապես դեմ է Իրանին։