Բաժիններ՝

«Մենք պետք է տարբեր մակարդակների դպրոցներ ունենանք, և կարևոր է, որ էլիտարիզմ չլինի». Լևոն Մկրտչյան

Երևանում մեկնարկել է Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը: ՄԲ ԱՊՀ երկրների ասոցիացիայի կողմից իրականացվող ամենամյա միջոցառման կազմակերպումն այս տարի ապահովում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

Միջազգային կրթական համաժողովի շրջանակում Հայաստան են այցելել շուրջ 200 պատվիրակներ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից, և ոլորտի փորձագետներ, հյուրեր՝ Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից։ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում անցկացվող համաժողովը լայն հնարավորություն է ստեղծում կրթական փորձի փոխանակման, Միջազգային բակալավրիատ ծրագրին առավել խորությամբ ծանոթանալու և այլ առումներով։

«Միջազգային բակալավրիատ ծրագիրը մեծ համբավ ունի ամբողջ աշխարհում, անգամ Եվրոպայի խորհրդում և UNESCO-ում խորհրդատվական ստատուս ունի, գործում է 148 երկրում։ Ծրագիրը շատ ճկուն է, ամեն վայրկյան առաջ է գնում։ Ամենաազգային ծրագիրն է՝ բոլոր ազգային ծրագրերից, որովհետև իր մեթոդաբանությունը թույլ է տալիս ինտեգրել յուրաքանչյուր ազգային ծրագիր, որից հետո ազգային ծրագիրը դառնում է ավելի մատչելի, ավելի ընկալելի երեխաների համար, քանի որ օգտագործվում են ամենաժամանակակից կրթական տեխնոլոգիաները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Ալիխանյանը։

168.am-ը հետաքրքրվեց, թե երեխաների համար ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ծրագիրը, ի՞նչ առավելություններ այն ունի։

«Երեխաների համար ամենակարևոր հնարավորությունը՝ ստանալ բարձրակարգ կրթություն, իսկ բարձրակարգ կրթության տակ ոչ միայն գիտելիքները պետք է պատկերացնենք, այլ վաղուց հասկացել ենք, որ դա դաստիարակությունն է, քաղաքացու ձևավորումն է և բոլոր մնացած ատրիբուտները։ Երեխաներին թույլ է տալիս հետագայում ավելի հեշտությամբ ընդունվել աշխարհի լավագույն բուհեր»,- պարզաբանեց նա։

Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովան լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համաժողովի հիմնական առաջադրանքը փորձի փոխանակումն է.

«Տարբեր վայրերից եկող մասնակիցները պրոֆեսիոնալության և պատրաստվածության տարբեր աստիճաններ ունեն։ Կան դպրոցներ, որոնք Միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատում են արդեն շուրջ 20 տարի, կան դպրոցներ, որոնք նոր են ներդրել այս համակարգը, դրա համար մենք ջանում ենք, որ համաժողովները հետաքրքիր լինեն բոլորի համար։ Հենց միջազգային բակալավրիատն է օգնում դպրոցներին՝ աշակերտներին պատրաստել նոր ֆորմատի, ինչը նշանակում է, որ այդ դպրոցի շրջանավարտը կարող է ժամանակակից աշխարհում աշխատել ցանկացած ծավալի ինֆորմացիայի հետ, վերլուծել այդ ինֆորմացիան ու տալ սեփական կարծիքը»։

Բարինովան նշեց, որ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի գործունեությանը հետևում է արդեն երկար տարիներ, և այն համարում է յուրահատուկ նրանով, որ հավատարմագրված է Միջազգային բակալավրիատի երեք կրթական ծրագրով.

«Ոչ բոլոր դպրոցներն են հավատարմագրվում 3 ծրագրով։ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին, ինչն էլ նրան հնարավորություն է տվել աշխատել այդ 3 ծրագրով։ Միջազգային բակալավրիատի ծրագրով հավատարմագրված են «Քվանտ» վարժարանն ու Դիլիջանի դպրոցը, բայց Անանիա Շիրակացու անվան ճեմարանը միակն է, որ երեք ծրագիրն էլ առաջարկում է»։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողներին ներկայացրեց Արարատյան և Միջազգային բակալավրիատների նմանություններն ու տարբերությունները։ «Միջազգային բակալավրիատն աշխարհի գրեթե բոլոր երկրներում ներկայություն ունի, միջազգային ծրագիր է, որն ընդունվում է կոնկրետ թվով համալսարանների կողմից։

Ծրագիրն իրականացվում է օտար լեզվով, այսինքն՝ պաշտոնական լեզուն անգլերենն է կամ մեկ-երկու այլ լեզու։ Արարատյան բակալավրիատ ծրագիրը ձևավորվել է Հայաստանում՝ Քեմբրիջի համալսարանի հետ բանակցելով, և Քեմբրիջի համալսարանն այն ճանաչել է իրեն համազոր ծրագիր։ Միջազգային առումով այն ճանաչված է Քեմբրիջի կամ A level-ի կողմից՝ որպես ազգային ծրագիր, որը հաստատված է ՀՀ կառավարության կողմից»,- պարզաբանեց նախարարը՝ նշելով, որ հանրակրթության ոլորտում գործող ներկայիս փոխանցման համակարգը, որն աշխատում է ԳԹԿ-ի միջոցով, նույնպես ազգային համակարգ է, բայց, ըստ նրա՝ երբ 12-րդ դասարանի առաջին ավարտականն ունենանք, կկարողանանք ԵՄ տարածքում հավակնել ամենաբարձր՝ չորրորդ ճանաչելիության աստիճանին.

«Այսինքն՝ մեր կրթական համակարգն ամբողջապես եվրոպական կրթական համակարգի մեջ կլինի»։ Նախարարի կարծիքով՝ կրթական համակարգը ծառայում է երկու նպատակի.

«Առաջին՝ հանրակրթության մեջ անհատ երեխայի զարգացմանը, երկրորդ՝ այդ կրթական համակարգն իր զարգացման մեջ, ի վերջո, պետք է նպաստի տվյալ երկրի տարածքում առաջացած հիմնախնդիրների լուծմանը։ Ե՛վ Միջազգային բակալավրիատը, և՛ միջազգային համալսարանները, և՛ Արարատյան բակալավրիատն ու տարբեր ծրագրեր, որոնք վստահաբար կգան Հայաստան, ի վերջո, պետք է լուծեն այս երկու խնդիրները։

Այս իմաստով, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը մինչև Միջազգային բակալավրիատին անցնելը՝ Հայաստանի առաջին հաստատություններից էր, որ մտցրեց մասնավոր դպրոցի մշակույթը՝ ներկայացնելով որոշակի կրթական որակ։ Նմանատիպ հաստատություն է «Քվանտ» վարժարանը, որի ավագ դպրոցում ներդրված է Միջազգային բակալավրիատը։

Իսկ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը 3 ծրագրով է աշխատում։ Այսինքն՝ իրենք հարստացնում են մեր համակարգը։ Ավագ դպրոցում հիմնականում կենտրոնանում են 6 առարկայի վրա, իսկ մեր ավագ դպրոցներում, որոնք փորձում ենք բեռնաթափել, 16 առարկա ունենք, ինչը շատ ծանր է երեխաների համար։ Այսինքն՝ այս իմաստով շատ օգտակար է իրենց փորձը Հայաստանի համար»։

Լ. Մկրտչյանը նկատեց, որ Հայաստանի համար լավ է ազգային կրթական համակարգը, որի մեջ ներառված կլինեն նաև տարբեր միջազգային ծրագրեր.

«Կրթությունը բազմաշերտ ու բազմավեկտոր է, այսինքն՝ պարտավոր ենք կրթություն տալ և՛ բարձր, և՛ միջին, և՛ ցածր մակարդակ ունեցող երեխաներին։ Հայաստանում պետք է ունենանք հանրակրթական համակարգ, որն իր տրամաբանության մեջ կլինի ուղղահայաց և հորիզոնական։ Մենք պետք է տարբեր մակարդակների դպրոցներ ունենանք, և դրանք կարողանան հեշտությամբ անցնել որակական անցումների, կարևոր է, որ էլիտարիզմ չլինի, յուրաքանչյուր դպրոց իր որակի զարգացմանը համընթաց՝ ազգային համակարգով առաջ գնա։ Ոչ թե ստեղծենք 2-3 դպրոց, իսկ մնացած դպրոցներն անտեսենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս