Հայրենասիրություն, հույս, արտագաղթ. արդյոք կարո՞ղ ենք հայրենադարձություն անել
Մեր զրուցակիցն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը
– Պարոն Խուրշուդյան, այսօր «Ազգ-բանակ-2017» համաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայրենասիրական դաստիարակության, հայրենիքի համար պատասխանատվության մասին, ասել է, որ «պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը», կամ «վստահ է, որ իր ազնիվ աշխատանքով այդ անկյունը վաստակելու է»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է հարկավոր հայրենասիրական դաստիարակության համար։
– Արժեքներ են հարկավոր։ Եթե դիտարկենք բարոյական դաշտը, ապա մենք մի միջավայրում ենք մեծացել, ուր փորձել են մեզ մոտ ձևավորել ամոթի մշակույթը, ոչ թե խղճի, որ շարժվենք՝ ըստ հանրության, հասարակության գնահատականի, և հարմարվելով՝ այդ ամոթի մշակույթն ենք ձևավորել, որի արդյունքում՝ ապրում ենք մի միջավայրում, որտեղ ասում ենք ոչ թե՝ ինչն է ճիշտ կամ սխալ, ինչ անելուց մենք մեզ վատ կզգանք կամ լավ, այլ՝ հանրությունն ինչպես կգնահատի՝ լա՞վ, թե՞ վատ։ Դրա համար մեծ ռիսկ կա՝ արտաքնապես լինել պարկեշտ, բայց ունենալ ներքին խորը խնդիրներ։ Այսինքն՝ խզված է արժեքների և մեր վերաբերմունքի կապը։ Ցանկացած մարդ կարող է հայտարարել՝ ես հայրենասեր եմ, բայց իր վարքագծով հակառակ բաներն անել, քանի դեռ չեն նկատել։ Երբ նկատում են, սկսում է աշխատել ամոթի մշակույթը։
Դա խորը մշակութային խնդիր է, 1 օրում, 1 տարում չլուծվող հարցեր են։ Պետք է հասկանալ, որ արժեքներն ընդհանուր են, մենք ապրում ենք 21-րդ դարում, և, օրինակ, օրինականությունը թիվ մեկն է արժեքների համակարգում, այսինքն՝ բարոյականը հիմք չէ։ Արդյոք պատրա՞ստ ենք ընդունել, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Դա ես կդնեմ առաջին տեղում, մնացածն արդեն կբխի դրանից, որովհետև ցանկացած պարագայում, երբ որևէ մեկն օրենքից վեր է դասում իրեն, խախտվում է գլխավոր սկզբունքը։
– Հայաստանյան ընտրական և հետընտրական զարգացումները, այդ թվում՝ «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովը, այդ ամենն օրենքի՞ մեջ է եղել։
– Ոչ, որովհետև ընտրությունների մեջ ընտրակաշառքը կոնկրետ օրինախախտում է ներկայացված։ Եթե օրենքի մեջ տեղավորվեր, այդքան գաղտնի, թաքնված և այլ մեթոդներով չէր արվի։ Դա է հարցը։ Ցանկացած մարդ, որից ընտրությունների ժամանակ անձնագրի համար էին ուզում, 1 հարց կարող էր տալ՝ արդյոք դա օրինակա՞ն է. եթե օրինական է, կարո՞ղ է ձայնագրել։
Այսինքն՝ նախընտրական շրջանում տեղի ունեցածն օրինակա՞ն է. եթե այո, ապա պետք է հանրային լուսաբանվի։ Այդ հարցի պատասխանը միանշանակ «ոչ» է բոլոր դեպքերում, որովհետև հակաօրինական է, և գործընթացի մանակիցները տեղյակ են և, ցավով ասեմ, որ ամենը մի քիչ շատ կենտրոնացավ փողի ու ընտրակաշառքի վրա։ Ընտրական պրոցեսներին նայելով՝ կարող եմ ասել, որ, այսպես ասած, հայրենակցականությունն ավելի շատ աշխատեց որպես ֆակտոր՝ մեր պատգամավորն է, մեր թաղեցին է, մեր սա է, մեր նա է, և որպես ազգ կամ պետություն՝ դեռ չենք կարողացել դրսևորվել, մեր պետությանը դեռ նայում ենք համայնքի մտածողությամբ։
– Բայց իշխանությունն ասում է՝ ո՞ւր են ընտրակաշառքի դեպքեր, փաստեր բերեք, եթե ոչ, ինչո՞ւ եք անհիմն մեղադրում։
– Ցանկացած կոռուպցիայի, այդ թվում՝ քաղաքական, ընտրական կոռուպցիայի հիմնական խնդիրը բոլոր ժամանակներում դա է եղել, որ առանց փաստի դժվար է բացահայտել։ Ցանկացած ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը դժվար է, այն երկկողմանի գործարք է և այդ պատճառով չի լուսաբանվում։ Գաղտնի ձայնագրություն է պետք և մի շարք այլ բաներ։ Եվ նույնն ընտրակաշառքն է, ոչ մի տարբերություն չկա, ցանկացած կաշառք տալու մեխանիզմը նույնն է։
Եվ իրավական համակարգի ներկայացուցիչները շատ լավ գիտեն՝ կոռուպցիայի դեմ պայքարի թիվ մեկ խնդիրը միշտ ապացույցներն են։ Նույնն այստեղ է։ Ինչպե՞ս հասնել նրան, որ կարողանանք դրա դեմ պայքարել։ Նախ՝ պետք է ընդունել դրա գոյությունը։ Բայց դա շատ դժվար է։ Մենք ընդունում ենք, որ գոյություն ունի, այսպես ասած, ցածր մակարդակի կաշառք, և դրա դեմ պայքարի ծրագրեր են արվում։ Նույնն այս ոլորտում է, առաջին հերթին՝ պետք է ընդունել, որ հետո կարողանանք հասկանալ՝ ինչպե՞ս, ի վերջո, դրա դեմն առնենք։
– Հիմա, եթե չի ապացուցվում ընտրակաշառքի փաստը, բայց հանրության գիտակցության մեջ դա կա, որ իր բարեկամը կամ հարևանն առնչություն է ունեցել, այսինքն՝ օրենքը խախտվել է, և արդյունքում՝ շատերն այդ ամենին արձագանքում են արտագաղթով։ Այս փոխկապակցվածությունը Դուք տեսնո՞ւմ եք։
– Դա ոտքով ընտրություններն են, այսինքն՝ մարդիկ տեսնում են, որ իրենք ներկայացված չեն, իսկ հանրապետության իմաստը հենց դա է, որ մարդկանց ներկայացուցիչները լինեն որոշում կայացնողների մեջ։ Այդ մարդիկ ուղղակի ոտքով են քվեարկում՝ թողնում-գնում են։
– Եվ հայրենասիրությունն այդտեղ զրոյանում է…
– Մարդիկ չեն ուզում ստրուկ լինել։ Կախված է, թե հայրենասիրության սահմանումն ինչպես ենք տալիս։ Մարդիկ ուզում են նաև ապրել։ Հայրենասիրությունը չպետք է հակադրվի հանրապետությանը։ Դա դիլեմա է դառնում, այսինքն՝ հանուն պետության, անկախ նրանից, թե ինչ կարգեր են այստեղ, մարդիկ մնան, ապրեն, թե ապրեն՝ որպես հանրապետության մաս։ Մարդիկ կան, որ մնում են, ապրում են, այլ ուղիներ են փնտրում, բայց կան մարդիկ, որ հույսը կորցնում են, և դա վատ է։ Ես չեմ կարող այդ գնացողներին ասել, որ հայրենասեր չեն։
– Եվ գնալուց վաճառում են իրենց տուն-տեղը, օջախը։
– Այո, հույսը կորցնում են։ Իզուր են կորցնում, որովհետև այնպես չէ, որ դրսում մանանա են բաժանում։ Միանշանակ, այնտեղ էլ դժվարություններ կան, ինչ-որ ստերեոտիպերով են ապրում։ Հույսը պետք չէ կորցնել։ Այսինքն՝ դա հույսի հարց է, ոչ թե հայրենասիրության։ Իրենք այլևս հույս չունեն, որ այստեղ կհասնեն հաջողության, և զուգահեռ հույս ունեն, որ ուրիշ տեղում ավելի հեշտ է։
– Այսինքն՝ այդ հայրենասիրության, հույսի, տուն-տեղ ունենալու հնարավորությունների բոլոր բանալիներն իշխանությա՞ն ձեռքին են։
– Դա մի քիչ մշակութաբանական խնդիր է, ես ռիսկ չեմ անի մտնել այդ դաշտ։ Կարող եմ ասել, որ մենք պատմականորեն «օջախ» հասկացությունը շատ ենք սիրում, ցանկացած պետությունում հայկական օջախ ենք ստեղծում՝ համարելով դա հայրենիք։ Բայց դա հայրենի՞ք է, թե՞ ոչ, ես չգիտեմ։ Կարող եմ ասել, որ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է, բայց Գլենդելում ստեղծված հայկական օջախները հայրենի՞ք են։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգներ պետությունն է։ Սփյուռքի ձևավորումը միշտ այնքան դաժան, բարդ ու ողբերգալից պատմություն է, բոլորն իրար կապելը ճիշտ չի լինի։ Արդյոք մենք կարո՞ղ ենք հայրենադարձություն անել, թե՞ ոչ։ Ինձ թվում է՝ դեռ ոչ։ Պետությունը դեռ այդպիսին չէ։