Հայտնի է՝ ով է լինելու Գեղարքունիքի մարզպետը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի պատգամավոր:
2014 թվականին, սակայն, երբ ՕԵԿ-ը հերթական անգամ լքեց իշխող կոալիցիան՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած Բոթոյանը լքեց սույն կուսակցությունը: Ապրիլի 2-ի ընտրություններում Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել էր ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով եւ թեկնածուների մեջ ամենաշատ՝ 14.932 հազար ձայն էր ստացել:
Այժմ, որպես փոխհատուցում, նա իշխանություններից ստանում է մարզպետի պաշտոնը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ մեզ հետ զրույցում չհաստատեց այս լուրը: Ըստ նրա, կուսակցությունում դեռ նման քննարկումներ չեն եղել: «Իսկ մնացածը բանահյուսության ժանրից է»,- հավելեց Թադեւոսյանը: Իսկ Գեղարքունիքի գործող մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մեր տեղեկություններով, մանդատ է ստանալու եւ վերադառնալու է ԱԺ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: