«Առաջ մեր աչքերը մի քիչ փակ էին, «Վերբա»-ի եւ Չինական պատի համեմատությունը ռեալ է». Կոմանդոս. «ՀԺ»
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը վերջերս հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, եւ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծել ՀՕՊ պատնեշ, որը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) զարմացած է, որ Ռուսաստանը այդ զենքը վաճառել է միայն Հայաստանին:
– Պարոն Տեր-Թադեւոսյան, ինչո՞ւ է «Վերբա»-ի ազդեցությունը համեմատվում Չինական պատի հետ:
– Դա ռեալ համեմատություն է: «Վերբան» զենիթահրթիռային համակարգ է՝ «Իգլա»-ի պես: Մինչեւ 6 կիլոմետր հեռավորության վրա խոցում է թիրախը: Այդ զենքն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը: ՌԴ-ն դեռ գաղտնի է պահում, չի վաճառում: Սա կարելի է անօդաչու թռչող սարքերի դեմ օգտագործել: Մեր ուղղաթիռները էլ չեն կարող խոցել: Շատ լավ զենք է, զարմանալի է, որ Ռուսաստանը 2 տարի պահում է, ոչ մեկին չի վաճառում, ու մեկ էլ այդքան մեծ քանակով տվեց Հայաստանին:
– Ինչո՞ւ է զարմանալի:
– Զարմանալի է, որովհետեւ մյուս զենքերը վաճառում է՝ Ադրբեջանին առաջին հերթին, իսկ սա միայն մեզ տվեցին: Սրանից մենակ մենք ունենք ու Ռուսաստանը:
– Վերջին շրջանում քչացել են հրադադարի խախտումները, պատերազմի մասին ահագին ժամանակ է՝ չի խոսվում: Մեր առաջնագծում կատարվող այս փոփոխությունները, համալրումները որքանո՞վ կապ ունեն դրա հետ:
– Բացի «Վերբա»-ից մենք էլի շատ լավ զենքեր ենք ստացել, C4ISR ամերիկյան համակարգեր: Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, իր հետ ունի գիշերային տեսանելիության սարքեր: Ամերիկացիները ստեղծել են, տվել են մեզ: Դրանցով հնարավոր է լինում մեծ հեռավորության վրա հետեւել հակառակորդիկ զորքերի, տեխնիկայի տեղաշարժին: Այն հրամանատարներին օգնում է քարտեզի վրա տեսնել շարժի կոորդինատները: Այսինքն եթե առաջ մեր աչքերը ոնց որ մի քիչ փակ էին, ականջները մի քիչ խուլ էին, հիմա առաջին գծում ամեն ինչ կա:
– Պարոն Տեր-Թադեւոսյան, Ադրբեջանում երեկվանից զորավարժություններ են սկսվել, դրանք իրենցից վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ չէ:
– Ադրբեջանցիները այդ զորավարժություններից ամեն տարի 3 անգամ անցկացնում են: Զորավարժությունները սկսելուց առաջ նրանք դիվանագետներին են զգուշացնում, ուշադրություն հրավիրում իրենց վրա, հետեւաբար դրանք չեն կարող վերածվել զինված գործողությունների: Դա առաջին: Երկրորդ. որ կռիվը սկսվում է, չեն հայտարարում՝ կռիվը հիմա կսկսվի, այնպես են սկսում, որ մարդ չիմանա: Իրենք հայտարարել են, անցկացնում են, մենք էլ քնած չենք, պատրաստ ենք: Բայց գրեթե 100 տոկոսով կարող եմ ասել, որ կռվի հնարավորություն չկա, այս զորավարժությունները չեն կարող վերածվել պատերազմական գործողություն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: