
«Անկարան անհապաղ ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու կարիք ունի». Թուրքիայի ՊՆ

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը մասնակցել է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազոտությունների հիմնադրամի» (SETA) վաշինգտոնյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ խոսել է Թուրքիայի կողմից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու խիստ անհրաժեշտության մասին:
Ըստ թուրքական «Gazetevatan» թերթի՝ Ըշըքը հայտնել է, որ նոր ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը պայմանավորված է Թուրքիայի վրա «կախված սպառնալիքներով»։
«Ս-400 ՀՕՊ համակարգերի հետ կապված գործընթացում ավարտական փուլում ենք: Վերջնական որոշումը կկայացվի մեր նախագահի և վարչապետի կողմից»,-ասել է թուրք նախարարը։
Ըշըքը հավելել է նաև, որ իրենք որպես ՆԱՏՕ-ի անդամ, ամենասկզբից կողմ էին, որ Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերը ձեռք բերվեն հենց Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից, սակայն դա անել չհաջողվեց: Եվ այդ իսկ պատճառով Թուրքիան սկսեց այլընտրանքային տարբերակներ փնտրել։