«Գոշի լճում որևէ շինություն չի կառուցվելու, կերուխում ասված երևույթը պիտի բացառել». Արծվիկ Մինասյան
Տավուշի մարզով հոսող Գոշ լճի տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն: Այսօր պատասխանելով բնապահպան-ակտիվիստների ահազանգին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Օրերս հայտնի է դարձել, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցրել ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել է ափի երկայնքով։
«Այն, ինչ կատարվել է կազմակերպության կողմից թրթուրավոր շարժասարքի օգտագործմամբ՝ լճի որոշակի հատվածներից տիղմի մաքրման հիմնավորմամբ, «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության և բնապահպան ակտիվիստների կողմից կասեցվել է: Մենք նշանակել ենք ծառայողական քննություն «Դիլիջան» ազգային պարկում, թե ինչու համապատասխան պա հակային ծառայությունները աշխատակիցները ժամանակին չեն նկատել այդ գործողությունը: Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտենք պատճառը, և այդ մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործողություններում, պատասխանատվության կենթարկվեն»,- ասացՄինասյանը և հավելեց, որ այդ տարածքը որևէ սահմանափակում չպետք է ունենա արշավախմբերի և զբոսաշրջիկների համար:
Նրա խոսքով` ընկերությանը վարձակալությամբ տրամադրվել է 3,18 հեկտար տարածք՝ Էկոտուրիզմի գործունեություն կազմակերպելու համար:
«Պահանջ է դրած եղել՝ ցանկացած ծրագիր իրագործելուց առաջ պետք է իրականցվի փորձաքննություն, նաև պարտավորություններ է դրված լճի և շրջակա միջավայրի էկոհամակարգերը անվնաս պահելու համար: Այս պարտավորությունները ընկերությունը ունեցել է 2015 թվականից»,- նշեց Մինասյանը:
Նաև հավելեվ. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ Գոշի լճում որևէ շինություն չի կառուցվելու, բացառվում է մշտական շինության գոյությունը, էկոլոգիային վնաս պատճառող, կերուխում ասված երևույթը պիտի բացառել: Նման բան չի լինի», – ի պատասխան բնապահպանների բազմաթիվ հարցերի՝ հայտարարեց Մինասյանը:
Ակտիվիստները նախարարի հետ հանդիպմանը պահել էին՝ «Փրկենք Գոշը», «Բնությունը մենք ենք, #հեռուԳոշից» գրություններով պաստառներ: