«Հայաստանում բյուրեղանում է մի քաղաքական կարգ, որը վաղուց կա աֆրիկյան երկրներում` կլիենտիզմ»
Հարցազրույց Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ
– Լիլիթ, ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Ինչպե՞ս եք գնահատում ողջ նախընտրական գործընթացը, կիրառված հռետորաբանությունը, բուն քվեարկությունն ու արդյունքները։
– Արդյունքները խիստ կանխատեսելի էին: Կասկած անգամ չունեինք, որ ՀՀԿ-ն կպահի իշխանությունը: Ընտրությունները սահմանադրական փոփոխություններից հետո երկրորդ ծիսական քայլն էր: Այս քայլով ներկայիս ղեկավարները ցեմենտեցին իրենց իշխանական դիրքերը գալիք տարիների համար:
Խիստ զարմանալի կլիներ, որ գերկենտրոնացած օլիգարխիկ այս համակարգում ընտրություններով արմատական փոփոխություններ լինեին: Իհարկե, կարելի է խոսել դաշինքների և կուսակցությունների նախընտրական պայքարի տակտիկաների մասին, կամ կաշառք բաժանելու և բռնությունների կիրառման մասին, բայց սրանք անէական են, որքան էլ զարմանալի հնչի:
Հայաստանում բյուրեղանում է մի քաղաքական կարգ, որը վաղուց կա աֆրիկյան մի շարք երկրներում` դա կլիենտիզմն է (clientelism): Այստեղ վերնախավը (հովանավորները կամ տերերը (patron) հսկում է երկրի ռեսուրսները` գործատեղ, բիզնես անելու, կրթվելու և իբրև մասնագետ զարգանալու հնարավորությունները: Իսկ կլիենտները (clients)՝ նրանք, ովքեր կախված են «տերերից», փոխանակում են, օրինակ, իրենց ձայնը կամ հավատարմությունը, հնազանդությունը՝ պետական աշխատատեղ, մասնավոր բիզնես, կարիերա ունենալու կամ պարզ ընտրակաշառքի և ապագայում Ոստիկանության կամ գործատեղում խնդիրներ չունենալու դիմաց:
«Պատրոնները կամ տերերը» ժամանակ առ ժամանակ նաև դիմում են ուժի գործադրմանը՝ հիշեցնելու, որ իրենց է պատկանում բռնի ուժի մոնոպոլիան:
Հետաքրքիրն այն է, որ նման համակարգում ևս մրցակցություն կա, բայց «տերերի» միջև: Հայաստանի համակարգն այս առումով բացառություն չէ. որոշ օլիգարխներ չկարողացան մտնել պառլամենտ: Արդեն մի քանի տարի առաջ պարզ էր, որ կլինի սերնդափոխություն նույն օլիգարխների մոտ ևս:
– Ինչո՞վ եք բացատրում ՀՀԿ-ի ստացած 50%-ից ավելի ձայներն այն դեպքում, երբ երկրում խորը դժգոհություն և հուսահատություն է տիրում իշխանությունների վարած քաղաքականությունից։
– Հաշվի առնելով քաղաքականությունից հիասթափվածների թիվը Հայաստանում, մասնակիցների բարձր տոկոսն առնվազն կասկածելի է: Ոչ մի միջազգային եզրակացություն չկա, որ Հայաստանում եղել են արդար և ազատ ընտրություններ: Բայց կրկնեմ, որքան էլ տարօրինակ հնչի, սրանք անկարևոր մանրամասներ են:
Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»: Այսինքն` սա խոստում էր, որ այս համակարգը չի փոխվելու, և նրանք, ովքեր գտել են ձևը համակարգում պաշտոն ունենալու կամ բիզնես վարելու, կունենան երաշխիք, որ սա չի փոխվի: Իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողների խնդիրը լուծվում է սպառնալիքով: Սպառնալիք, որ ունեցած գործատեղից կարող են զրկվել, սպառնալիք, որ փոփոխության դեպքում ավելի վատ ղեկավարներ կարող են գալ (սա հետխորհրդային երկրներում շատ տարածված պետական պրոպագանդայի տեսակներից է` թե իբր հին ղեկավարները կուշտ են, իսկ նորն անպայման կգողանա): Սպառնալիք, որ արմատական փոփոխությունները վատ կարող են ավարտվել, այսինքն` ռիսկի դիմելը վտանգավոր է:
Ընտրակաշառքը սառցաբուրգի միայն մի մասն է, որն այնքան էլ արդյունավետ չէ: Միայն ընտրակաշառքով հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Ենթադրենք, որևէ կաշառք չի ընդունվել, և մասնակիցների 80%-ը դեմ են քվեարկել ՀՀԿ-ին և վերջինիս դրածո կուսակցություններին: Քչերը Հայաստանում կհավատան, որ ներկայիս էլիտան պարզապես կընդունի արդյունքները և կհեռանա:
Բավականին հետաքրքիր և ցավալի էր տեսնել, որ ընտրությունների արդյունքների համար մեղադրվում էր «անկիրթ և կաշառված» սովորական ժողովուրդը: Սա, իհարկե, խելացի ձև է՝ շեղելու ուշադրությունն իրական պատճառներից: Ի վերջո, այս համակարգի ողնաշարն են կազմում միջին խավը, որը կամ պետական սեկտորում՝ աշխատանքով, կամ հովանավորչական ճանապարհներով ստեղծված բիզնեսների արդյունք է: Այս խմբերը ևս դժգոհ են, բայց ոչ այնքան, որպեսզի ինքնակազմակերպվեն և փոխեն կլիենտիզմը:
– Բավականին ուշագրավ էր ՀՀ առաջին նախագահի ձախողումն այս ընտրություններում, ով ընտրել էր «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը՝ նախընտրական քարոզարշավի մեխը դարձնելով ԼՂ հակամարտության թեման։ Ինքը՝ ՀՀ առաջին նախագահը, ևս պնդում էր, որ իր մոտեցումները մոտ են ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի մոտեցումներին այս թեմայի շուրջ։ Այդ դեպքում ինչո՞ւ հաջողություն չունեցավ այս դաշինքը։
– ՀԱԿ-ի կամ, ավելի ճիշտ, Տեր-Պետրոսյանի արշավի ձախողումը մի քանի պատճառ ունի: ՀԱԿ-ն ընտրել էր, կարելի է ասել, քաղաքականապես թունավոր կարգախոս` հողեր՝ անիրական թվացող խաղաղության դիմաց: Լինելով ընդդիմադիր կուսակցություն՝ ՀԱԿ-ն իր հիմնական պատգամը դարձրեց ներկայիս իշխանությունների դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու ՀԱԿ-ին ընտրել, եթե Պետրոսյանի «հողեր խաղաղության/կարգավիճակի դիմաց» ծրագիրը ՀՀԿ-ն արդեն իրագործում է:
Տեր-Պետրոսյանի արշավը փորձ էր, այսպես կոչված, «նորմալացնելու» հողեր տալու հարցը, որը մինչև վերջերս տաբու էր: Սա մեծ օգնություն էր Սերժ Սարգսյանի համար:
Տեր-Պետրոսյանն ու իր թիմը համոզիչ չէին: Հիմնական շեշտը դրվում էր անորոշ, անհասկանալի միջազգային հանրության վրա: Եզդիների ցեղասպանության, Սիրիայի մարդկային մսաղացի, Ուկրաինայի մասնատման ֆոնի վրա սա առնվազն անլուրջ է: Հատկապես Ուկրաինան լավ օրինակ է, թե ինչպես, այսպես կոչված, միջազգային հանրությունը ոչինչ չարեց՝ կանխելու այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Սա՝ այն դեպքում, երբ 1994-ին, երբ Ուկրաինան համաձայնեց հրաժարվել իր միջուկային զենքի պաշարներից` փոխարենն աշխարհի խոշոր տերությունները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, պարտավորվեցին դառնալ Ուկրաինայի ամողջականությունն ու անվտանգությունը երաշխավորողներ:
Մադրիդյան սկզբունքները և Տեր-Պետրոսյանի նշած միջազգային հանրությունն արագ անցնում է պատմության գիրկը: Դա մի կարճ ժամանակահատված էր Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ավարտվեց սառը պատերազմը և լուրջ գլոբալիզացիոն ծրագրեր իրականացվեցին, հատկապես՝ Եվրամիության ընդլայնումը և եվրոգոտու ստեղծումը:
Հիմա հակառակ գործընթացներն են ընթանում` ազգայնականությունը և անջատողականությունն աճում է, ԵՄ-ի ապագան է վտանգի տակ, իսկ ԱՄՆ-ը ունի անկանխատեսելի նախագահ, որն իր ընտրարշավում, ըստ էության, կողմ էր այնպիսի քայլերի, որոնք 1945-ից ի վեր գործող միջազգային անվտանգության համակարգը կարող են վերացնել: ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան. սրանք են Մադրիդյան գործարքի երաշխավորները: Նրանք անգամ նորմալ հարաբերություններ չունեն իրար հետ այս պահին և ներգրավված են «պատժամիջոցների» պատերազմում:
Տեր-Պետրոսյանի և իր թիմի թուլությունը ժամանակավրեպ լինելն էր: Թերևս, Տեր-Պետրոսյանը կկարողանար համոզել հանրությանը, եթե հստակ ցույց տար, թե անվտանգության երաշխիքները և մեխանիզմներն ինչպես են գործելու: Եթե կարողանար բացատրել, թե ինչպես ԼՂ հարցում միջազգային խաղաղարար առաքելությունը հաջող կարող է կանխել նոր բռնությունները, չնայած նրան, որ վերջին տասնամյակներում գրեթե նման դեպքեր չկան աշխարհում: Անգամ ռուս խաղաղարարները դա չկարողացան անել Օսիայում 2008-ին:
Քարոզչական տակտիկայի առումով Տեր-Պերտոսյանն օգտագործում էր ոչ թե փաստարկներ, այլ սպառնալիք: Նա ներկայացրեց ԼՂ խնդիրը՝ իբրև ընտրություն երիտասարդների անիմաստ մահվան կամ խաղաղության միջև: Ընտրություն տոտալ պարտության, տնտեսական անկման և առանց կոռուպցիայի և տնտեսապես ուժեղ Հայաստանի միջև: Իհրակե, նման սև-սպիտակ ձևակերպումը կեղծ էր և վախեցնող, ինչը, կարծում եմ, ՀԱԿ-ի տակտիկան էր, բայց սա չաշխատեց:
Եվ վերջապես, բանավիճելու առումով ՀԱԿ-ը և նրա գլխավոր խոսնակը վնասեցին իրենց, երբ իրենց թեզերի քննադատներին վիրավորանքներ հասցրեցին: Քարոզչական առումով սա կատարյալ ձախողում էր, դաս, թե ինչպես չխոսել զգայուն թեմայի մասին:
– Ուժերի այս դասավորության դեպքում՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք և «Ելք» դաշինք, ի՞նչ որակի խորհրդարան ենք ունենալու։ Նոր որակ պե՞տք է ակնկալել ձևավորվելիք խորհրդարանից։
– Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, խորհրդարանը կունենա ծիսական դեր: ՀՀ-ում հիմա նախագահն է որոշում ընդունում, իսկ 2018-ից՝ վարչապետը: Խորհրդարանը զուտ կնիք դնող օրգան է:
– Այս ընտրությունների արդյունքներն ինչ-որ կերպ կարո՞ղ են անդրադառնալ ՀՀ արտաքին քաղաքականության վրա։
– Արտաքին քաղաքական որոշումները, նախկինի նման, կընդունի նախագահը, իսկ հնազանդ խորհրդարանը դրանք կհաստատի:
– Ընդհանրապես ինչո՞վ եք բացատրում արտաքին քաղաքական հարցեր բարձրացրած ուժերի տապալումը, այդ թվում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, որն իրեն դիրքավորել էր՝ որպես ընդգծված արևմտամետ կուսակցություն։ Հասարակությանը չե՞ն հետաքրքրում այլևս արտաքին քաղաքական խնդիրները։
– Ինչպես նշեցի վերևում, գլխավոր խոչընդոտը դա կլիենտիզմն է՝ «տերերի»/«հովանավորչական» համակարգը: Այն պարզապես թույլ չի տա նման կուսակցություններին ընտրվել:
Կլիենտիզմի պայմաններում արմատական փոփոխություններ առաջարկող կուսակցությունը պետք է ցույց տա, թե ինչ տնտեսական բարիքներ կարող է բերել հենց նույն պետական ապարատում աշխատողների կամ բիզնեսի համար: Այն պետք է ցույց տա վերջիններիս, որ այս արմատական փոփոխությունները չեն հանգեցնի ՀՀԿ-ի օրոք ստացած պաշտոնների կամ իրենց բիզնեսների համար հարմարավետ պայմանների կորստին, այլ միայն կբարելավեն իրենց վիճակը: Սա մինիմումն է, որպեսզի այս համակարգի ողնաշարը հանդիսացող ընտրողները (որոնք նաև հենց նույն ընտրակեղծիք իրականացնողներն են), թույլ տան, որ ազատ ընտրություններ լինեն:
«Ազատ դեմոկրատների» դեպքում ՀՀԿ-ին դեմ ձայները շահելու հիմնական խոչընդոտը հենց արևմտամետ և գաղափարախոս լինելն էր: Լինել արևմտամետ կամ ազատ դեմոկրատ, շատ բան չի նշանակում ստվարաթիվ քաղաքաբնակների և գյուղաբնակների համար: Ավելին, Հայաստանի բնակչության գերակշռող մասը խիստ ռուսամետ է: Բնակչության մեծ մասը Ռուսաստանի մեդիայի միջոցով եկող պահպանողական արժեքների կրողն է, կիսում է պուտինյան աշխարհայացքը, ռուսների նման հավատում է, որ ամենալավ քաղաքական լուծումը դա արդար, կոշտ և հզոր լիդեր ունենալն է, ու պարտադիր չէ, որ նա ընտրվի: Շատերը Հայաստանում Պուտինին ընդունում են՝ որպես իրենց ղեկավար, իսկ ՀՀ-ն` Մոսկվայի թևի տակ գոյատևող շրջան:
Ընտրողների մեծամասնությունը դեռ չի կարողանում տեսնել, թե ինչ կապ կա ՀՀ արտաքին քաղաքական ուղղության և իրենց ցածր աշխատավարձերի, բարձր պարենային գների, բարձր գազի գնի միջև: Կարծում եմ՝ հազվադեպ է, որ արտաքին քաղաքական հարցը կարողանա ընտրական հաղթանակ բերել: Օրինակ, Ուկրաինայում ցույցերը կաշառակերության դեմ էին 2013-14-ին, վատ կյանքի պայմանների դեմ, այլ ոչ թե՝ ԵՄ անդամակցության համար: Պարզապես այնտեղ հստակ էր, որ ԵՄ-ի հետ ինտեգրացիան կօգնի հասնել ներքաղաքական նպատակներին: