ԿԺԴՀ-ն նույնպես պատրաստ է «կանխիչ հարված» հասցնել ամերիկյան ուժերին
ՍՀյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Հան Սոն Ռյոլը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի վրա է բարդել պատասխանատվությունը Կորեական թերակղզում իրադրության սրվելու համար եւ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է «կանխիչ հարված» հասցնել տարածաշրջանում տեղաբաշխված ամերիկյան ուժերին, տեղեկացնում է BBC-ին:
Հան Սոն Ռյոլն ասել է, որ Կորեայում ստեղծված իրադրության համար առաջին հերթին պատասխանատու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Իր «ագրեսիվ թվիթներով» Թրամփը «տհաճություններ է ստեղծում»,-նշել է նա:
«Թրամփը մշտապես սադրանքներ Է հրահրում իր ագրեսիվ հայտարարություններով… Ուստի խնդիրներն ստեղծում են հենց Թրամփն ու ԱՄՆ-ը, այլ ոչ թե ԿԺԴՀ-ն»,-հայտարարել է դիվանագետը:
Նա նաեւ հավաստիացրել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է կանխիչ հարված հասցնել տարածաշրջանում տեղաբաշխված ամերիկյան ուժերին, եթե անհանգստանա իր սահմանների մոտ իրականացվող զորաշարժերից:
«Եթե ԱՄՆ-ը խելացնոր զորաշարժեր սկսի , ԿԺԴՀ-ն կպատասխանի կանխիչ հարվածով… մեր տրամադրության տակ արդեն կա զսպման հզոր միջուկային գործիք, եւ մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆժի կանխիչ հարվածին»,-հավելել է դիվանագտը:
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական միության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների, հայտնել է, որ ԱՄՆը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը:
Նրանց տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ում կարող են հերթական փորձարկումն իրականացնել արդեն առաջիկա հանգստյան օրերին, ինչը կանխելու համար Հյուսիսային Կորեայի միջուկային զինափորձարանից 500 կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ը տեղաբախշխել է երկու էսկադրային ականակիրներ՝ հանդերձված ,Tomahawke թեւավոր հրթիռներով: Բացի դրանից, անհրաժեշության դեպքում հարվածին կմիանան ծանր ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված են Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում:
Հեռուստաալիքը ճշտում է որ ԱՄՆ-ի հարվածը կարող է ներառել ոչ միայն կենտրոնացված գնդակոծություն, այլեւ կիբեռգրոհներ եւ հատուկ գործողություններ «ցամաքում»: