Բաժիններ՝

Զինված խմբի անդամներ Արամ Հակոբյանի և Արամ Մանուկյանի առողջական վիճակը ՄԻՊ-­ի ուշադրության կենտրոնում է

Պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը գնահատելու համար ՄԻՊ­-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ է կատարել քրեակատարողական հիմնարկ: Ապրիլի 13­-ին լրագրողների հետ հանդիպման ժամանական ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Արամ Հակոբյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ես գրություն եմ ներկայացրել արդարադատության նախարարությանը` պահանջով, որ պատշաճ հետազոտություն կատարվի, որովհետև նրա առողջության իրավունքի հետ կապված պետք է ինտենսիվ միջոցներ ձեռնարկվեն: Ապրիլի 14­-ին մեր աշխատակիցները կայցելեն «Դատապարտյալների հիվանդանոց» այդ ամենը վերահսկելու նպատակով»,­- նշեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նաև այցելություններ է կատարել ՊՊԾ գունդը գրաված խմբի մյուս անդամ Արամ Մանուկյանին:

«Ես ինքս մի քանի անգամ այցելել եմ Արամ Մանուկյանին, որովհետև փաստաբանն ասել էր, որ ջերմությունը բարձր է և չի իջնում: Հիմա պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ վնասվածքաբանը այցելի, որովհետև թե՛ փաստաբանը, թե՛ Արամ Մանուկյանը նշում են, որ դա ոտքի մեջ տեղադրված երկաթե միջամտության արդյունքում է առաջացել»,-­ ասաց Արման Թաթոյանը և հավելեց, որ ՄԻՊ աշխատակազմը արձանագրել է խնդիրը և միջոցներ է ձեռնարկում դրա կանխարգելման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս