Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ամրագրել մրցաշարի ֆավորիտի կարգավիճակը
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ¼ եզրափակիչ փուլի շրջանակում ապրիլի 13-ին կկայանան 4 հանդիպում: Անգլիան, Հոլանդիան, Գերմանիան, Բելգիան Իսպանիան, Ֆրանսիան և Թուրքիան ներկայացնող 8 թիմ պայքարի մեջ կմտնեն կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար:
«Այաքս»-«Շալկե-04»
Կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու թիմերի հնարավորությունները գրեթե հավասար են, սակայն դիմակայության առաջին խաղում բուքմեյքերները փոքր առավելություն են տվել հոլանդական «Այաքս»-ին, որը խաղալու է սեփական հարկի տակ: Այնուամենայնիվ, անգամ սեփական հարկի տակ հոլանդական ակումբի համար հեշտ չի լինելու կոտրել «Շալկե-04»-ի դիմադրությունը, քանի որ գերմանական թիմերը հայտնի են իրենց կազմակերպվածությամբ և կամային բարձր հատկանիշներով:
«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Հայ ֆուտբոլասերների համար, թերևս, ամենաշատ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումը բելգիական «Անդերլեխտ»-ի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղն է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Դիմակայության ֆավորիտը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որը մրցաշարում հաղթելու հավակնություններ ունի: Եվրոպայի լիգայի գավաթը շահելու ցանկությունը չի թաքցրել նաև «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, իսկ տրամաբանությունը շատ պարզ է` Եվր ոպայի լիգայում հաղթելը թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր կպարգևի: Եվրոպայի լիգայում հաղթելն անգլիական ակումբի համար առաջնահերթություն է դարձել, քանի որ Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և կարող է խնդիրներ ունենալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող առաջին քառյակում հայտնվելու հարցում: Այնուամենայնիվ, անգլիական թիմին ևս հեշտ խաղ չի սպասում, քանի որ «Անդերլեխտ»-ը, հատկապես սեփական հարկի տակ, «ամուր ընկույզ» է, իսկ եվրագավաթների քառորդ եզրափակիչ փուլում թույլ թիմեր չեն լինում:
«Սելտա Վիգո»-«Գենկ»
Այս խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում իսպանական «Սելտա»-ին, որի գործերն ազգային առաջնությունում այնքան էլ լավ չեն ընթանում: «Սելտա»-ն Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը և դժվար թե կարողանա պայքար մղել մյուս մրցաշրջանում եվրագավաթներում հայտնվելու համար: Դրա համար «Սելտա»-ի համար ևս կարևոր է Եվրոպայի լիգայում հաջող հանդես գալը, քանի որ միայն Եվրոպայի լիգայի գավաթը հաղթելու դեպքում իսպանական ակումբը մյուս մրցաշրջանում եվրագավաթներում հանդես գալու հնարա վորություն կստանա:
«Լիոն»-«Բեշիկթաշ»
Ֆրանսիական «Լիոն»-ի և թուրքական «Բեշիկթաշ»-ի դիմակայությունը խոստանում է շատ հետաքրքիր լինել: Ֆրանսիական թիմը բավականին լավ մարզավիճակում է մոտենում այս խաղին, իսկ թուրքական ակումբը հայտնի է եվրագավաթներում իր հաջող ելույթներով: Այս խաղում ակնհայտ ֆավորիտը ֆրանսիական «Լիոն»-ն է, սակայն «Բեշիկթաշ»-ը հենց այնպես չի հանձնվելու և փորձելու է խնդիրներ ստեղծել մրցակցի հարկի տակ:
Եվրոպայի ¼ եզրափակիչ փուլի հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 23:05-ին: