«Կառավարությունը «мозговой центр»-ն ենք սարքում». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստը սկսեց ավանդական հանձնարարականներով։ Ներկրվող ապրանքները տեղական մրցունակ արտադրանքով փոխարինելու քաղաքականության մասին, ըստ վարչապետի, բարձրաձայնվել է և նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը։
Կ.Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարություն իր աշխատանքային այցի արդյունքում առաջարկվել է տեղական արտադրանքի խրախուսման 2 հստակ ուղղություն՝ հանքային և կենսաբանական պարարատանյութերի արտադրություն և տեղական սերմանբուծություն։ Նա հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել գյուղոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպություների գործունեությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ոլորտը համակարգելու և զարգացնելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ հաշվարկելով ներկրվող ապրանքները տեղականով փոխարինելու դեպքում ծախսերի համեմատականը։
Կ.Կարապետյանը նշեց, որ ըստ անհրաժեշտության աշխատանքներում կարող են ներգրավել նաև Ագրարային համալսարանի մասնագետներին։
Կ.Կարապետյանը գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց համատեղ քննարկել և ներկայացնել հանքային և կենսաբանական պարարատանյութերի արտադրության կազմակերպման փաթեթ. «Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական շահութաբեր հասկանալի բիզնես են։ Ընթացքում խոսում էինք մասնավոր սեկտորի հետ։ Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք ճարի»։
Նշելով, որ ներդրումները մասնավորն է անում, վարչապետը հայտարարեց. «Կառավարությունը «мозговой центр»-ն ենք սարքում»։
Գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով Կ.Կարապետյանը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին 2-շաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել մայիսի 1-ից համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու և արյունառման շրջիկ խմբեր ստեղծելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ պետք է բազիսային համակարգը ստեղծել։
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներին ոռոգման ջրով ապահովելու նպատակով Կ.Կարապետյանը նշեց, որ որոշ տարածքներում հողի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են, և փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով, ՀՀ 70% հողատարածքներն ունեն ոռոգման ջրի գերնորմավորված պահանջ ու մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, բայց ջրօգտագործղների կողմից գերնորմավորման դիմաց չի վճարվում և տարեցտարի կուտակվում է անհուսալի դեբիտորական պարտք։
Ըստ նրա՝ այս հանգամանքը գյուղոլորտում ոչ հավասար պայմաններ է առաջացնում։ Խնդրի լուծման համար վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության և տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել և շրջանառության մեջ դնել գորներմատիվային ջրպահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին կառավարության աջակցության նախագիծ, որը պետք է ընդունվի մինչև մայիսի 31-ը։
«Էս տարվա մեջ ՋՕ-երի ռեֆորմը անում եք, ֆինանսական կարգապահության, կորուստների, հաշվառման, հաշվիչների հետ կապված ձեզանից ակնկալում ենք ՋՕ-երի համակարգում կտրուկ գմփոց ռեֆորմ։ Պայմանավորվեցի՞նք»,- ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանին դիմեց վարչապետը: