«Այս ընտրությունների ժամանակ շատ խորամանկություններ, հնարքներ են կիրառվել»

Մեր զրուցակիցն է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր,  ՀՀՇ կուսակցության վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը

– Պարոն Իգիթյան, այս խորհրդարանական ընտրությունների ընթացքն ու հետընտրական պրոցեսներն ինչպիսի՞ն էին։ Ահազանգեր եղան բազմաթիվ խախտումների մասին, սակայն դեռևս հարուցվել է 15 քրեական գործ, համատարած ընտրակաշառքի մասին էր խոսվում, սակայն փաստեր կարծես չկան, իսկ իշխանությունն էլ ասում է, որ եղել են խախտումներ, բայց էական չեն և ընտրությունների արդյունքների վրա չեն ազդում։

– Նախ՝ և՛ դիտորդները, և՛ դեսպանները, և՛ քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչները, որոնք հասկանում են, թե ինչ է նշանակում՝ ժողովրդավարական ընտրություն, հայտարարում էին, որ հատկապես խորհրդարանի ընտրությունները, հատկապես մի երկրում, որն իրեն հռչակում է խորհրդարանական երկիր, առաջին հերթին պետք է լինեն գաղափարական։ Այսինքն՝ պետք է լինեին կուսակցություններ, որոնք պետք է ունենային գաղափարական, քաղաքական ծրագիր, և պետք է լիներ այդ ծրագրերի դիսկուրս, որին պետք է հետևեինք մենք՝ ընտրողներս, և ըստ այդ ծրագրերի՝ ընտրեինք քաղաքական թիմ։

Այդպիսի բան տեղի չունեցավ։ Բոլորը զարմանում են, որ 1 ամսվա ընթացքում գաղափարական որևէ դեբատ տեղի չունեցավ Հայաստանում։ Այն էլ՝ այն ժամանակ, որ հեռուստաալիքների պակաս չկա երկրում, ԶԼՄ-ների հնարավորությունները շատ մեծ են, և նախկինի համեմատ՝ խոսքն ավելի ազատ է։ Ես հիշում եմ, որ 1995թ.-ին անգամ մեծամասնականով առաջադրված թեկնածուների բանավեճեր էին կազմակերպվում։ Այս անգամ նման բան չեղավ, և մենք այդպես էլ չհասկացանք՝ ով ինչ է ասում։

Օրինակ՝ ՀՀԿ-ի քարոզարշավն իրականացնող Կարեն Կարապետյանը մի բան էր ասում, բայց ընտրատարածքում գալիս էր, առանց վիրավորելու միտումի եմ ասում, մի անկապ մարդ, թաղի, գյուղի մարդ, որ մենք նույնիսկ չգիտեինք, որ նա ՀՀԿ անդամ է, և այլ բաներ էր ասում, խոսում էր ասֆալտից, երեխային դպրոց ուղարկելուց, կենցաղային հարցերից, որոնք որևէ կապ չունեն Նժդեհի գաղափարախոսության կամ ՀՀԿ-ի ծրագրի հետ։ Նույնը վերաբերում է մյուս բոլոր ուժերին։ Այսինքն՝ ընտրողն իր ձայնը տալիս էր անհատին, որն իր գյուղացին էր, կամ որը փող էր բաժանում։ Թե՛ վարչական ռեսուրսը, թե՛ ընտրակաշառքը շատ մեծ դեր խաղացին այս ընտրություններում։ Եվ Հանրապետականը չի ժխտում դա, ուղղակի ասում է՝ ապացուցեք։

Նույնիսկ ՀՀԿ-ական մի իրավաբան ասաց՝ շատ դժվար է իրավական տեսանկյունից ապացուցել կաշառք տալն ու վերցնելը, քանի որ 2 կողմերն էլ համաձայն և բավարարված են։ Ինչո՞ւ ֆինանսական ռեսուրսը շատ մեծ դեր խաղաց։ Տարբեր, հատկապես՝ խորհրդարան չանցած ուժերը մեղադրում են ընտրողին։ Ես համաձայն եմ, որ մի պետության մեջ, որտեղ աղքատության շեմը տարբեր հաշվարկներով 50% կամ ավելի կամ պակաս է, դժգոհողների թիվը մեծ է, լկտիությունները և կոռուպցիան տեսնողների թիվը բավականին բարձր է, և շատ տարօրինակ է, որ մի երկրում, որտեղ կա ընդհանուր բացասական վերաբերմունք իշխանությանը, այդ նույն իշխանությունը գնա ու 50%-ից ավելի ձայն հավաքի։

Բայց ինչո՞ւ այդպես եղավ։ Խնդիրն այն է, որ ընտրողն այս ընտրական համակարգի պատճառով իր ապագան չէր կապում այս կամ այն թեկնածուին ձայն տալու հետ։ Հայաստանի ընտրողները սովոր են եղել, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուն ասֆալտ է անում, տանիք է վերանորոգում, դպրոց է ներկում, խոստանում է քվեի դիմաց լավ նայել 4 տարի, և ժողովուրդն իր ձայնը տալիս էր կենցաղային խնդիրները լուծելու համար, իսկ երկրի ճակատագիրը կապում էր նախագահական ընտրությունների հետ։

Սա էր պատճառը, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո զանգածային բողոքներ չեն եղել։ Բոլոր բողոքները եղել են նախագահական ընտրություններից հետո, որովհետև իրենց երեխաների ապագայի հույսերը կապված էին առաջին դեմքի հետ։ Եվ, երբ ընտրողը կասկածում էր, որ իր նախընտրած թեկնածուն չընտրվեց կեղծիքի պատճառով, դուրս էր գալիս փողոց և փորձում էր հաղթանակի հարցը լուծել փողոցում։ Այսօր, իմ կարծիքով, որևէ մեկն իր ապագան չէր կապում հարյուրավոր թեկնածուների հետ, որոնք 15 րոպեն մեկ թակում էին դուռն ու թղթեր բաժանում։

Ընդ որում՝ ՀՀԿ-ն 10-12 թեկնածուներ ուներ, և յուրաքանչյուրը տարբեր ծրագրեր էր բերում։ Այս խճճված իրավիճակում ընտրողից պահանջել քաղաքական ճիշտ ընտրություն և կամք, շատ դժվար է։ Ինձ թվում է՝ իշխանությունները հատուկ են արել, որ 1 ընտրատարածքում ունենանք 100-ից ավելի թեկնածու և նույն կուսակցությունից ներկայացված բազմաթիվ թեկնածուներ։

Ես արձանագրել եմ, որ այս ընտրությունների ժամանակ շատ խորամանկություններ, հնարքներ են կիրառվել։ Օրինակ՝ ՀՀԿ-ն ճիշտ էր արել, որ հաղթանակի դեպքում որպես իր վարչապետ՝ ներկայացրել էր Կարեն Կարապետյանին։ Բայց Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի գաղափարական լիդերներից, գաղափարախոսության կրողներից չէ։ Ո՞ւր էին ՀՀԿ հիմնադիրները։ Այսինքն՝ չէր երևում, որ դա Հանրապետականի վարչապետն է հանդես գալիս։ Նա կարող էր նույն կերպ հանդես գալ՝ որպես ցանկացած այլ կուսակցության վարչապետի թեկնածու, և ասել՝ նույն բանը։

Այսինքն՝ հնարք թիվ 1-ը եղել է այն, որ հայաստանյան պրոցեսների մեջ չվարկաբեկված մարդուն ՀՀԿ-ն ներկայացնում էր՝ որպես հանրապետական գործիչ։

Հնարք թիվ 2՝ ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ ցուցակի առաջին 3 թեկնածուներն ԱԺ-ում չեն լինելու, թեև կարող է ցանկալի լիներ, որ նրանք լինեին ոչ թե՝ գործադիրում, այլ՝ օրենսդիրում։ Դա նման էր մի խանութի, որտեղ ցուցափեղկում դրված է նոր ապրանք, իսկ ներսում սեքնդ-հենդ է։ Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձում էր իր փորձառու, գաղափարախոսություն կերտող, ՀՀԿ-ական հիմնադիրներին թաքցնել 2-րդ,

3-րդ տասնյակում՝ առաջ մղելով ոչ այդքան վարկաբեկված մարդկանց, և մյուս կողմից՝ ընտրողների ձայները հավաքելու համար ասպարեզ էր նետում վարկաբեկված, քաղաքական տեսակետից ամենաոչպրոֆեսիոնալ և, որոշ դեպքերում, ցածր կրթություն ունեցող մարդկանց, որոնք ֆինանսական, նաև տարբեր հնարավորությունների խոստումներ տալու միջոցով հավաքում էին ձայներ, և այդ ամենն արվում էր ցուցակի միջին մասում գտնվող մարդկանց խորհրդարան անցկացնելու համար, որոնք այս ընթացքում ձայն չեն հանել։

Հիմա կարելի՞ է ասել, որ դա եղել է գաղափարական ընտրություն, և ճի՞շտ է մեղադրել ընտրողին։ Իհա՛րկե ոչ։ Ընտրողների համար շատ դժվար էր կողմնորոշվել այս բարդ իրավիճակում, որը նոր ընտրական համակարգի հեղինակները, չգիտեմ ինչու, կոչում են «համամասնական համակարգ»։ Դա համամասնական համակարգ չէ։ Համամասնական համակարգն այն կարող էր լինել, երբ ամբողջ Հայաստանը լիներ մեկ ընտրատարածք, և գաղափարները՝ ի դեմս կուսակցության լիդերների, կբանավիճեին և այս ձևով կպայքարեին ամբողջ ընտրատարածքում։

– Պարոն Իգիթյան, նշում եք, որ ընտրողը հնարավորություն չի ունեցել ըստ գաղափարի ընտրություն կատարելու, բայց մեր երկրում մի՞թե գերակշռում են այն քաղաքացիները, ովքեր գաղափարական ծրագրերին են ուշադրություն դարձնում և ոչ թե առաջնորդվում են անձերով, թե ով այդ պահին իրենց համար ավելի օգտակար կլինի։ Ինչպե՞ս հասնել նրան, որ ընտրողը չառաջնորդվի կենցաղային խնդիրների լուծումներով և այդ 10 հազար դրամով, որն ընդամենը 1 օրվա ծախս է, չվաճառի իր երեխայի ապագան։

– Դա և՛ դժվար է, և՛ հեշտ է։ Դժվար է, թե ինչպես մարդը կարող է հասկանալ գաղափարախոսությունն ու կապել իր ապագայի հետ։ Բայց հեշտ է, քանի որ այլ երկրներ արդեն անցել են այդ ուղին և արդեն զարգացել, հասել են գրեթե իդեալական մակարդակի։

– Աֆրիկյան երկրներում տասնյակ տարիներ նույն վիճակն է։

– Ես խոսում եմ եվրոպական երկրների մասին։

– Բայց տվյալ դեպքում Հայաստանը նմանվում է աֆրիկյան երկրներին, որ արտագաղթի հետևանքով՝ գիտակից զանգվածը հեռանում է, իսկ մնացողներն առաջնորդվում են ընտրակաշառքով։

– Առայժմ բավականին գիտակից զանգված կա Հայաստանում։ Հիմա վերցնենք Ֆրանսիայի օրինակը, որտեղ կուսակցությունների քանակը շատ չէ, բայց այդքան քիչ էլ չէ, ինչպես ԱՄՆ-ում, և ամեն մի կուսակցություն իր ծրագրով թիրախավորում է հասարակության այս կամ այն խավին։ Օրինակ՝ սոցիալիստներն ավելի շատ միջին խավի շահերն են առաջ տանում, իսկ աջ ուժերն ավելի լավ պայմաններ են ստեղծում բիզնեսի համար։ Այսինքն՝ այնտեղ ընտրողի համար լիովին հասկանալի է՝ ում ընտրել, որպեսզի իր համար ավելի բարենպաստ լինի, և նույնիսկ, օրինակ, Եվրամիությանն անդամությունը կամ եվրոյի ընդունումը՝ որպես տարադրամ, կապում էին իրենց շահերի հետ, և ամեն ինչ պարզ էր։

Մեզ մոտ այդ մշակույթը չկա և չի ձևավորվում ոչ թե նրա համար, որ մեր ընտրողը ֆրանսիական միջին ընտրողից ցածր է, այլ, որովհետև մենք երբեք այդ փորձը չենք տալիս ընտրողին, ամեն անգամ փոխում ենք ընտրության կանոնները, և հիմա մի համակարգ է ստեղծվել, որ գաղափարախոսությունը, այս կամ այն խավին երկրում ապրելու ավելի բարենպաստ պայմանների առաջարկներն ընդհանրապես բացակայում են Հայաստանում։

Կուսակցությունները չեն ձևավորում իրենց ընտրազանգվածը, որպեսզի հետագայում ավելի լավ աշխատանքով ընդլայնեն այդ ընտրազանգվածն ու ավելի շատ ձայն ստանան։ Ինձ թվում է, որ իշխանությունը հատուկ խճճեց ընտրական համակարգը, որովհետև ցանկացած հարցում մեր երկրում ցույց է տալիս, որ դժգոհությունն իշխանությունից բավականին մեծ է, և նորմալ ընտրությունների ժամանակ իշխանությունները չպետք է վերարտադրվեին։ Պետք է գար այլ ուժ։ Եվ պարտադիր չէ, որ դա լիներ ռադիկալ ընդդիմություն։

Այս իրավիճակում, երբ ընտրողը չգիտի՝ որն է այն ուժը, որ ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի իր համար, ոչ թե ժողովրդի, քանի որ հնարավոր չէ այնպես անել, որ ամբողջ ժողովրդի համար լավ լինի, կուսակցությունը պետք է լուծի տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական խնդիրներ, այդ դեպքում ամեն մի քաղաքական ուժ պետք է ունենա իր ընտրազանգվածը։ Հնարավոր չէ իդեալական լավ պայմաններ ստեղծել թե՛ աղքատ, թե՛ միջին, թե՛ հարուստ և օլիգարխ խավի համար։ Եվ քանի որ սա չկա, գալիս է պահ, երբ ամեն ընտրող մտածում է, որ, եթե իր կարիքը թեկնածուն ունի 5 տարին մեկ, պետք է փորձել առավելագույնը պոկել նրանից։ Այդ առավելագույնը կարող է լինել 10 հազար դրամ, կոմունալ պարտք, երեխայի բուժման հարց, երբեմն՝ ավելի մեծ պահանջներ։

– Գագիկ Ծառուկյանից անգամ տուն էին ուզում։

– Այո, նման տարբեր պահանջներ կարող են ներկայացնել։ Եվս մի հանգամանք, որ բերեց այս իրավիճակին, այն է, որ ՀՀԿ-ն և իշխանությունը հասել են նրան, որ վերջին 10-20 տարիներին, նշանակություն չունի՝ երբ է սկսվել, քանի որ խնդիրը մեղավորին պատժելը չէ, խնդիրը հասկանալն է՝ ինչու այդպես եղավ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդը վարկաբեկված է ընդհանրապես, անկախ նրանից, թե իշխանության որ թևում ինչպես է աշխատում։ Եվ ստացվեց, որ ժողովրդի մեծ մասը մտածում է, որ բոլոր քաղաքական ուժերը խցկվում են իշխանություն՝ իրենց անձնական խնդիրները լուծելու համար։ Եվ այլևս չեն նայում՝ Իգիթյա՞նն է, թե՞ Պողոսյանն է, հարո՞ւստ է, թե՞ աղքատ։

Նշանակություն չունի, որովհետև դու խցկվում ես այնտեղ՝ ստանալու բարձր աշխատավարձ և այն հնարավորությունները, որ, ինչպես մտածում է ընտրողը, իշխանության գտնվող մարդիկ ունեն։ Այստեղից ստացվում է հետևյալը, որ հաշվի առնելով, որ թեկնածուների թիվն ընտրատեղամասերում 100-ից ավելի էր, և որևէ մեկի հետ ապագան կապել հնարավոր չէր, ընտրողն առաջնորդվում էր «մի բան պոկեմ» սկզբունքով։ Եվ, իհարկե, այստեղ շահում էին այն թեկնածուները, ովքեր այդ գինը վերածում էին գումարի։

– Այս ընտրություններում շատ քիչ էին ուժերը, որոնց ծրագրային դրույթներում խոսվում էր արտաքին քաղաքականության մասին։ Այս առումով ի՞նչ սպասել նոր խորհրդարանից։

– Այո, շատ քիչ էին թեկնածուները, որոնք, օրինակ, հասկանում էին, թե ինչ է Ասոցացման համաձայնագիրը, և ինչ հնարավորություն այն կտա Հայաստանին։ Այս խորհրդարանը որևէ կապ չի ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության հետ, թե Հայաստանն Ասոցացման համաձայնագրով ավելի խո՞րը կհամագործակցի ԵՄ-ի հետ, թե՞ մի քիչ  պակաս, թե՞ ԵԱՏՄ-ի հետ ավելի խորը կլինեն կապերը կամ ավելի թույլ։ Դրանից խորհրդարանն ընդհանրապես հեռու է լինելու։ Գործադիրն է որոշելու երկրի արտաքին քաղաքականությունը։ Առայժմ դա որոշում է մեկ հոգի՝ Սերժ Սարգսյանը։ Թե ո՞վ կլինի վաղը երկրորդ անձը, արդյոք Կարեն Կարապետյանը հնարավորություն կունենա՞ նաև «որոշում կայացնող» լինել՝ անկախ նրանից, թե Սահմանադրությունում ինչ է գրված, դա երկրորդական է։

Տեսանյութեր

Լրահոս