«Մարտի 29-ից հետո էլ չզանգեց… ապրիլի 3-ի առավոտը զանգեց իր ընկերը. այդ գույժը մենք իր ընկերոջից ենք իմացել». Ասում է Արցախում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայրը

«Անդրանիկը փոքրուց տարված է եղել ֆուտբոլով։ Աշխույժ երեխա էր, չարաճճի էր, բայց չար չէր։ Շարժուն էր, և դա է պատճառը, որ իր հիմնական նախասիրություններից մեկը դարձավ ֆուտբոլը։ Այն ժամանակ մենք Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում էինք բնակվում, հետո, 6 տարեկան էր Անդրանիկը, երբ տեղափոխվեցինք Վեդի։ Գյուղում տան բակում անընդհատ գնդակ էր խաղում։ 6 տարեկան էր, երբ գնդակով խաղալիս ընկել էր ու կոտրել ձախ թևը, բայց տղամարդավարի տարավ, համարյա լաց չեղավ, իսկ երբ հիվանդանոցից բերեցինք տուն, ինքն էր մեզ սիրտ տալիս»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 2016թ. ապրիլին Արցախում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։

Անդրանիկը ծառայել է Արցախում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտում` որպես ՊԿ գնդացրորդ: Ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը զոհվել է իր ընկերների` Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ նույն դիրքում` մի քանի ժամ կռվելուց հետո:

Հոր խոսքով՝ Անդրանիկը շատ էր սիրում ընկերներին. «Ինքը միշտ ոսկե միջինի կողմնակիցն է եղել, խելացի երեխա էր. եթե ընկերների մեջ երեխայական վեճեր էին լինում, ինքը միշտ զսպողի, հաշտեցնողի դերում էր։ Բանակից էլ զանգում էր բոլոր ընկերներին, երբ արձակուրդ էր գալիս, բոլոր ընկերներին պարտադիր տեսնում էր»։

Ա. Զոհրաբյանը նշեց, որ 13 տարեկանում արդեն Անդրանիկը Վեդիից միայնակ գալիս էր Երևան, որպեսզի ֆուտբոլի պարապմունքներին մասնակցի. «Խաղերից մեկի ժամանակ Երևանի իր մարզիչը նկատել էր Անդրանիկին  ու ինձ առաջարկեց, որ հետագա մարզումները շարունակի Երևանում։ Ես համաձայնեցի, ու 13 տարեկանից սկսեց Երևան գնալ-գալ։ Հետո Հայաստանի մանկապատանեկան առաջնությունում էին խաղում։ Բանակից առաջ տեղափոխվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբ։ Ավանի մարզադպրոցի իրենց մարզիչը տեղափոխվեց այնտեղ՝ մարչական աշխատանքների, և խաղացողներից ում խաղը հավանել էր, հետը տարավ։ Այդպես, մոտ 1-1.5 ամիս էլ «Արարատում» պարապեց, հետո ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, բայց, ցավոք, ուսանողական կյանքը չհասցրեց վայելել. սեպտեմբերից պետք է դասերը սկսվեին, ինքը հուլիսի 16-ին գնաց բանակ»։

Հայրը պատմում է, որ Անդրանիկը երբեք ոչնչից չի դժգոհել. «Դժգոհող տեսակ չէր, իսկ դժվարությունները փորձում էր ինքնուրույն հաղթահարել։ Բանակային կյանքից էլ երբեք չի դժգոհել. ընկերներից գոհ էր, ծառայությունից գոհ էր, հրամանատարից գոհ էր»։

Վերջին անգամ ընտանիքի անդամներն Անդրանիկի հետ զրուցել են 2016 թ. մարտի 29-ին։ «Երկար չխոսեցինք, երեկոյան ուշ ժամ էր, ասաց, որ պատրաստվում են դիրքեր բարձրանալ։ Մի քիչ անտրամադիր էր, դիրքեր բարձրանալուց սովորաբար հանգիստ էր լինում, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է։ 29-ից հետո էլ չզանգեց, սպասում էինք, որ ապրիլի 1-ին պետք է զանգի, ասի, որ հասել են, տեղավորվել են, նորմալ է, բայց այդ զանգը չեղավ, ու ամսի 3-ի առավոտը զանգեց իր ընկերը. այդ գույժը մենք իր ընկերոջից ենք իմացել»,- ասաց Ա. Զոհրաբյանը։

Անդրանիկը երկու քույր ունի, և հոր խոսքով՝ որդին ավելի մտերիմ էր իրենից երկու տարի փոքր Սաթենիկի հետ. «Մյուս քույրը՝ Մարին, իրենից տասը տարով էր փոքր, և նրան ավելի շատ «ծնողական» վերաբերմունք էր ցույց տալիս»։

Հերոսի հոր ցանկությունը մեկն է՝ ունենանք լավ երկիր. «Այդ օրերին տղերքն ապացուցեցին, որ մեր երկրին, մեր հող ու ջրին տեր են, որ արժանի են մեր երկրին, և ուզում եմ, որ մենք էլ ապացուցենք, որ մենք տեր ենք տղաների արածին։ Ուզում եմ՝ այնպիսի կայացած, ամուր բանակ ունենանք, որ այն միշտ ձգի տղաներին, որ երբեք չխուսափեն ծառայելուց, այլ ընդհակառակը՝ սիրով գնան բանակ»։

Ա. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Անդրանիկի մարզիչների ու ընկերների նախաձեռնությամբ՝ ապրիլի 22-ից մայիսի 1-ը Վեդիում անցկացվելու է Անդրանիկին նվիրված ֆուտբոլի մրցաշար։

Տեսանյութեր

Լրահոս