«Ես մնում եմ նույն գծի վրա». Լյուդմիլա Սարգսյանը հավատարմություն հայտնեց ԲՀԿ-ին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը որևէ սուր զգացում չունի և նորմալ է նայում, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում ինքը ներկայացված չի լինելու: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լ.Սարգսյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին չկարողացավ մասնակցել, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» որոշեց չմասնակցել, հակառակ դեպքում ինքն անպայման ներգրավված կլիներ:

«Ես չեմ սիրում անընդհատ ուղղություններ փոխել: Ես, 3 տարի է, «Բարգավաճի» հետ համագործակցում եմ, բնականաբար, իմ բոլոր ծրագրերը պայմանավորված էին «Բարգավաճ Հայաստանի» և «Ծառուկյան» դաշինքի հետ: Այդպես ստացվեց, ոչինչ»,- ասաց Լ.Սարգսյանը:

168.am-ի հարցին, թե հետագայում ի՞նչ գործունեություն է ծավալելու, Լ.Սարգսյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ին համարում է իրեն բարեկամ կուսակցություն, և իր դիրքորոշումը չի փոխելու.

«Ես մնում եմ նույն գծի վրա: Բայց հիմա վերադասավորումներ կլինեն, ընդդիմադիր դաշտը նույնպես վերադասավորման խնդիր ունի, կարծես թե դեռ հստակություն չկա, թե ինչ է լինելու հետընտրական շրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս