«Եթե մասնակցենք ավագանու ընտրություններին, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկչությունը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումը». Լևոն Զուրաբյան

«Մենք հույս ունեինք, որ 2017 թ. Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի: Այսինքն՝ նպատակը ո՞րն էր: Քանի որ իշխանությունները նախագահական ընտրությունները հեռացրել են մեր Սահմանադրությունից, և միայն այս ընտրություններն էր հնարավոր վերածել քաղաքական ընտրապայքարի, մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ հիմա ԱԺ-ն է դա որոշելու, և ԱԺ ընտրությունները պետք է քաղաքականացվեն, բայց դա մեզ չհաջողվեց: Իսկ եթե ԱԺ ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երևանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա բացառեց, որ առաջիկայում կարող է քաղաքական ընտրություն լինել, իսկ այս վիճակում անիմաստ է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. «Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկչությունը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումը, մենք դա չենք անում: Մենք կկենտրոնանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք կարևորագույն քայլ»:

Լ.Զուրաբյանի խոսքով` 4+4+4 ձևաչափի արդյունքն է, որ ընտրությունների ընթացքը տեսանկարահանվեց տեսախցիկներով և պարզ երևացել է, թե ինչ է կատարվել ընտրատեղամասերում: Նա շեշտեց, որ ահավոր և շատ խախտումներ են եղել և, ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին ԿԸՀ-ի որոշումից հետո, իրենք կդիմեն Սահմանադրական դատարան.

«Ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում, ժողովրդին ուղղակի ահաբեկել են, գործադրվել է վարչական ռեսուրս: Իրականում ժողովուրդը պարտադրված է եղել գնալ և քվեարկել իրենց հրամայված կոնկրետ թեկնածուի օգտին:

 

Տեսանյութեր

Լրահոս