««Ելքի» մասնակցությունը պետք է Հանրապետականին». քաղտեխնոլոգ
«Ընտրություններն ինքնին չպետք է ունենան կանխատեսելի արդյունք, եթե ինչ-որ արտակարգ վիճակ չէ: Սակայն ապրիլի 2-ը ցույց տվեց, որ Հայաստանում, մասնավորապես` Երևանում, ընտրակաշառքն աշխատում է 50%-ից ավելի: Այսինքն` առնվազն 50%-ից ավելի ՀՀԿ-ն կարողանում է ձևավորել իր համար ցանկալի արդյունք: Փաստորեն, խախտվել է ընտրությունների էությունը: Այս իրավիճակում ուղղակի դառնում է անիմաստ մասնակցել մի գործընթացի, որի արդյունքը հայտնի է, թե ինչպիսին է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված իրավիճակը, երբ մասնակցության մասին հայտարարել են միայն 2 ուժեր` ՀՀԿ-ն և «Ելք» դաշինքը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն դեռ լռում են, իսկ ՀՎԿ-ն և ՀՅԴ-ն հայտարարել են, որ չեն մասնակցելու:
Ըստ նրա` երբ ՀՀԿ-ն կարողանում է կառավարել և կեսից ավելի ձայն ստանալ, և ընտրությունների մասնակից մյուս ուժերը կարող են որոշակի քիչ չափով տեղեր ստանալ ավագանիում` 10-15, իսկ դա որևիցե նշանակություն չունի, որովհետև, ինչպես ցույց տվեց Երևանի ավագանու և ԱԺ ՀՀԿ խմբակցության քաղաքականությունը, կարևորագույն հարցում նրանք ընդհանրապես հաշվի չեն առնում ընդդիմության որևէ մոտեցում և իրենց թվային առավելությամբ ցանկացած որոշում անցկացնում են.
«Առավել ևս, որ Երևանի ավագանին իրենից լուրջ մարմին չի ներկայացնում, 2 գործառույթ է իրականացնում` քաղաքապետ է ընտրում և տարեկան մեկ անգամ Երևան քաղաքի բյուջե է հաստատում: Մնացած դեպքերում ավագանին ոչ մի լիազորություն չունի: Նման իրավիճակում մասնակցել մի գործընթացի, հատկապես, երբ այդ մասնակցությունը պահանջում է բավականին ֆինանսական լուրջ ներդրումներ, դրա իմաստը ո՞րն է»:
Ա.Բադալյանի խոսքով` տեսականորեն հնարավոր է, որ ավագանու ընտրություններին մասնակցեն միայն «Ելքը» և ՀՀԿ-ն. «Ելքը» պետք է Հանրապետականին, որպեսզի ՀՀԿ-ն Արևմուտքին ցույց տա, որ Երևանի ավագանու ընտրություններում կա ժողովրդավարական նշույլ: «Ելքը» որպես ժողովրդավարության գլխաքանակ է իրենց պետք, որ ունենան այնքան մանդատ, որքան պետք է իշխանությանը: Միևնույն է, ավագանու մանդատների կեսից ավելին հանրապետականներն իրենց կպահեն, մնացածը կարող է տան «Ելքին»: Շատ, իհարկե, չեն տա, որ «Ելքը» շատ չոգևորվի, բայց մնացածը կտան, դա որևէ խնդիր չի Հանրապետականի համար: Թող գնան, այնտեղ նստեն, հարցեր բարձրացնեն, ՀՀԿ-ից ընտրված քաղաքապետն էլ որոշ հարցերի հետ կարող է համաձայնել, որոշ հարցերի հետ` ոչ: Այսինքն` կպահպանվի ավագանու ժողովրդավարական դիզայնը: Ոչ ավելի»:
Թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ «Ելքը» ևս որոշի բոյկոտել, և Հանրապետականը մենակ մնա, Ա.Բադալյանը նշեց, որ ՀՀԿ-ն շատ հանգիստ կարող է մեկ այլ կուսակցություն գտնել, որովհետև Արդարադատության նախարարությունում 70-ից ավելի կուսակցություն կա գրանցված, և կարող է ասել` այս մի կուսակցությունն է որոշել մասնակցել, և նրան մի 15 տեղ տա: Մյուս ճանապարհը, ըստ քաղտեխնոլոգի, եթե ոչ ոք չմասնակցի, ՀՀԿ-ն կարող է ասել, որ ոչ ոք չեկավ, չմասնակցեց, չփորձեց իր ուժերը, վախեցան, և այլն. «Ծայրահեղ դեպքում, եթե ոչ ոք չմասնակցի, ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն կլինի: Միևնույն է, այնտեղ ընդդիմության լինել-չլինելը բոլորովին էական չէ, ընդդիմությունն ավագանիում զուտ դիզայնի դեր է կատարում»:
Հայաստանում տիրող իրադրությունը Ա.Բադալյանը պայմանավորեց ոչ թե ապատիկ վիճակով, այլ հասարակության որակական փոփոխությամբ. «Հասարակությունը մի բան չէր ուզում, ու հանկարծ խաբեցին, և ընկավ դեպրեսիայի մեջ, ապատիկ վիճակի մեջ: Սա հասարակության որակն է ցույց տալիս, երբ 25 տարի արտագաղթը շարունակվում է, երկրից գնում է հիմնականում մրցունակ մասը: Երբ գյուղերում ուսումնասիրում եք մարդկանց սոցիալական, ժողովրդագրական կազմը, թե ինչ կրթական ցենզ ունեն, և ոչ միայն գյուղերում, այլև արդեն քաղաքում դա էական զգացվում է, տեսնում եք, որ հասարակության մեջ է փոփոխություն եղել:
Ապատիկ վիճակից դուրս գալ հնարավոր է կարճ ժամանակում, բայց հասարակության որակ փոխելու համար շատ երկար ժամանակ է պետք: Սա միայն Հայաստանին բնորոշ վիճակ չէ: Օրինակ` Աֆրիկյան երկրներից շատերում նույնպես արտագաղթ է եղել, և 40-50 տարի նման իրավիճակը շարունակվում է:
Այնպես որ, Հայաստանում այս վիճակը կարող է 5 տարի շարունակվել, կամ` շատ ավելի, կախված նրանից, թե երբ կփոխվի հասարակության որակական կազմը: Այսպես մնալու դեպքում բացասական միտումները շարունակվելու են, առավել ևս ընտրություններին հաջորդող 1-2 տարիներին կտրուկ ավելանում է արտագաղթը, մրցունակ մասը կրկին գնում է, մնում է այն զանգվածը, որն իրավաքաղաքացիական շատ ցածր մակարդակ և ընդհանուր զարգացածության ցածր մակարդակ ունի: Այդ մասին քաղաքագիտական տերմինով կոչում ենք բիոմասսա: Եվ այդ բիոմասսայի թվաքանակն է բավականին շատացել մեր երկրում»: