Հնարավոր է՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը մնա անփոփոխ
«Ծառուկյան» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորների ցուցակը, ըստ երևույթին, կպահպանվի այնպիսին, ինչպիսին կա: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դաշինքի անդամ Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ դաշինքում այդ հարցի շուրջ դեռևս քննարկում չի եղել:
«Քննարկում չի եղել, թե ովքեր չեն ուզում խորհրդարանում լինել, ցուցակը՝ թե՛ ռեյտինգային, թե՛ համամասնական, այս պահին այնպիսին է, ինչպիսին բոլորը գիտեն: Դեռևս չի եղել քննարկում, երևի չի էլ լինի, ու այդ ցուցակը կպահպանվի»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Մեր հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանք է լինելու, Վ. Բոստանջյանին զայրացրեց. «Ես հո երեխա չե՞մ, որ կատակի վերածենք մեր խոսակցությունը: Գնացեք՝ միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք՝ ինձ ինչ եք հարցնում»:
Մեր դիտարկմանը, որ այդ տերմինը մենք չենք սկսել գործածել իրենց ուժի վերաբերյալ՝ Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ ամեն դեպքում իրեն չի կարելի նման հարցեր տալ, այդ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր «լեզվական սայթաքում ունեն»:
Հարցին էլ, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «Ելք» դաշինքի անդամներն ասում են, որ իրենք են միակ գործող ընդդիմությունը խորհրդարանում, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Ես նման հայտարարություններ հակված չեմ մեկնաբանելու: Եթե անգամ դա այդպես էլ լիներ, «Ելքը» նման բան չպետք է ասեր: Այսինքն՝ ի՞նչ, Դաշնակցությունը վա՞տ կուսակցություն է, «Բարգավաճը» վա՞տ կուսակցություն է, իրե՞նք են աշխարհի ամենալավը: Նման բան չի լինում: Ինչպե՞ս կարող է պատահել, որ 3 հոգի աշխարհի ամենալավը լինեն»: