Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Smarter Transportation Data հեքեթոնը
Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպում են Smarter Transportation Data հեքեթոնը: Կազմակերպիչները նշում են, որ այս հեքեթոնն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու, նրանց ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու, ոլորտով հետաքրքրված երիտասարդներին համախմբելու և շատ կարճ ժամանակահատվածում համատեղ նախագծեր իրականացնելու համար:
Smarter Transportation Data հեքեթոնը կկայանա ապրիլի 15-16-ը, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC): Հեքեթոնի առաջին օրը՝ ապրիլի 15-ին, թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տրանսպորտային ոլորտին նվիրված «Խելացի զրույցների», որոնք կվարեն ոլորտի առաջատար մասնագետները:
Smarter Transportation Data հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝
• Ամենանորարար լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով – 4000 ԱՄԴ մրցանակ
• Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար – 2500 ԱՄԴ մրցանակ
• Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում – 1500 ԱՄԴ մրցանակ
Հեքեթոնին կարող են մասնակցել 2-4 հոգուց բաղկացած թիմեր, ովքեր պետք է 24 ժամվա ընթացքում մշակեն և զարգացնեն նորարար գաղափարներ, առաջարկեն նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները: Իրենց լուծումները մշակելու համար մասնակիցները պետք է օգտագործեն հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները: Գրանցման վերջնաժամկետն ապրիլի 12-ն է:
Հեքեթոնի ընթացքում թիմերի կողմից իրականացվող ծրագրերը կարող են ներառել, բայց սահմանափակված չլինել հետևյալ օրինակներով՝
• Բջջային հավելված, որը տրամադրում է տրանսպորտին վերաբերող օգտակար տեղեկատվություն ներկա ժամանակում և/կամ ամենօրյա երթևեկությունը դարձնում է ավելի հաճելի
• Վիզուալիզացիա (հավելված), որը տվյալների բարդ հավաքածուից առանձնացնում է կարևոր ինֆորմացիան և նպաստում է տրանսպորտային համակարգի գործունեության կամ տրանսպորտի պահանջի ընկալմանը:
• Ինֆորմացիոն գրաֆիկ (աղյուսակներ, դիագրամներ և այլն), որը ցուցադրում է տվյալների վերլուծության և համադրման արդյունքում ստացված հետաքրքիր վիճակագրություն:
Միջոցառման գլխավոր հովանավորն է Optym Արմենիան, իսկ աջակիցը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հեքեթոնի նպատակն է՝ գեներացնել նոր մտքեր և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարար լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշերի կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:
Սիրարփի Աղաբաբյան