«Ինչի՞ եք տրամադրությունս փչացնում». Սեյրան Օհանյանը բարկացավ

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Վերջինս ընտրությանը եկել էր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ։ Սեյրան Օհանյանն ասաց, որ տրամադրությունը բարձր է, խորհուրդ է տալիս հանդարտ ոգով անցկացնել այս օրը.

«Ես քվեարկել եմ մեր ժառանգությամբ մեզ փոխանցված բոլոր լավագույն ավանդույթների հենքի վրա համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձելու համար։ Քվեարկել եմ հանուն մեր արդար, ազնիվ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, ավելի բարեկեցիկ կյանք ձևավորելու և մեր Հայաստանի համար ավելի հարատևող և միջազգային վարկն օրըստօրե բարձրացող ապագա կերտելու համար»։

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ կան դաշինքում տիրող անհանգիստ վիճակի մասին, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Բերեք այսօր օրն անցկացնենք հանդարտ հոգով և անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի, բոլորի և նաև մեր մարտական ընկերոջ՝ Սամվել Բաբայանի համար»,- ասաց նա:

Նաև հավելեց. «Քանի որ մեր ընկերը դեռևս գտնվում է անազատության մեջ, և այնտեղ կան կասկածներ, մտավախություններ միշտ էլ լինելու են»։

Արձագանքելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախազգուշացմանը, որ բոլոր օրենքից դուրս գործող բոլոր «արկածախնդիրները» պատժվելու են, ասաց. «Թող բոլորը գործեն օրենքի շրջանակներում»:

Հարցին, թե ընտրություններից հետո փողոցային պայքարի դուրս գալո՞ւ եք, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ինչի՞ եք տրամադրությունս փչացնում: Ասացի՝ բերեք հանդարտ, խաղաղ անցկացնենք այս օրը:

Տեսանյութեր

Լրահոս