9/47 ընտրատեղամասը թե տեղական, թե միջազգային դիտորդների պակաս չի զգում
Երևանի Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված 9/47 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 80 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը նշեց, որ ընտրողների փոքրինչ պասիվություն է նկատվում:
«Քանի որ կիրակի օր է, օրն էլ դեռ նոր է բացվել, հետևաբար ընտրողները փոքրինչ պասիվ են: Մեր ընտրատեղամասում գրանցված է 1795 ընտրող, որից դեռ 80ն է իր քաղաքացիական պարտքը կատարել, փորձը ցույց է տալիս, որ քվեարկողների շրջանում ակտիվություն նկատվում է ժամը 12:00-ից: Ասեմ, որ մինչև այժմ քվեարկությունն անցել է բնականոն հունով, որևէ խնդիր չի եղել»,ասաց Արա Կիլիչյանը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենց ընտրատեղամասը դիտորդների պակաս չի զգում, վաղ առավոտից արդեն եկել են թե տեղական, թե միջազգային դիտորդներ, մասնավորապես, Խորվաթիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Ռուսաստանից:
Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին ներկա էր տեղական դիտորդ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), ով նշեց, որ իր դիտարկմամբ որոշ խախտումներ կան: Մասնավորապես,
քվեախցիկների անմիջապես հետևի պատի մի հատվածում կա փոքրիկ պատուհան: Հայկ Մարությանը նշեց, որ այդտեղից հնարավոր է հետևել թե քաղաքացին ում օգտին է քվեարկում: Դրանից բացի, Հայկ Մարությանն ավելացրեց, տեղամասում առկա տեսախցիկը տեղադրված է անմիջապես քվեախցիկների վերևում, ինչն անթույլատրելի է:
Հանձնաժողովի նախագահը շատ արագ արձագանքեց դիտարկմանը, նշեց, որ
դրանք տեխնիկական հարցեր են և հանձնարարեց շտապ կարգավորել: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվեց առավոտյան ժամը 8:00-ին: Բացվեցին հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը
20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ` Հայաստանի
Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: